Հագուստ, զգեստ, հանդերձ, ագանելիք, մարդու մարմնի արհեստական ծածկոց։ Լայն առումով ընդգըրկում է նաև գլխի ծածկոցները, ոտնամանները, ձեռնոցները և այլն։ Առաջացել է բնակարանին զուգընթաց՝ իբրև արտաքին գործոններից պաշտպանվելու հիմնական միջոց։

Նախնադարյան մարդիկ որպես հագուստ օգտագործել են բույսերի տերևներ, հետագայում՝ գազանների մորթիներ, շատ ավելի ուշ բրդից ու զանազան կենդանիների մազերից գործել են նաև տարբեր զգեստներ։ 19-րդ դարում մանածագործության զարգացման հետ սկսվել է հագուստի մեքենայական արտադրությունը, և հագուստն ստացել է ավելի բարետես, ժամանակակից տեսք։

Հագուստն ունի հետևյալ առանձնահատկությունները՝ ծածկում է մարդու մարմնի մերկությունը, նրան պաշտպանում է շրջակա միջավայրի անցանկալի ազդեցություններից՝ ցրտից, շոգից, խոնավությունից և այլն, ստեղծում է որոշակի հիգիենային միջավայր և ծառայում որպես վայելչանքի միջոց։

Տարբերում են հագուստի մի քանի տեսակներ՝ վերնազգեստ (վերնաշապիկ, տաբատ, պիջակ, թիկնոց, վերարկու, շրջազգեստ, կիսաշրջազգեստ, մուշտակ և այլն), ներքնազգեստ (շապիկ, կրծկալ, կիսավարտիք, վարտիք և այլն)։

Հագուստի ուրույն տեսակ են նաև գլխարկը, կոշիկը, ձեռնոցը, գուլպան, կիսագուլպան և այլն։

Հագուստի օգտագործման պատմությունից

խմբագրել

Հագուստի առաջին տարրը թզի տերևն է, որով Ադամն ու Եվան ծածկել են իրենց մերկությունը։ Ավելի ուշ օգտագործվել են ծառի կեղևը, կենդանական մորթին, ձկան կաշին և այլն։

Ուշ քարի դարի հուշարձաններից հայտնաբերվել են քարե ամրակներ և ոսկրե ասեղներ, որոնցով մշակել ու կարել են մորթին։ Նոր քարի դարում մանածագործության գյուտը հեղաշրջեց մարդու կենցաղը. հագուստի համար մարդն սկսեց օգտագործել բամբակե, վուշե, բրդե և այլ թելեր։ Կարված հագուստի առաջին նմուշները եղել են մորթե թիկնոցները, ազդրակալները, տրեխները և այլն։ Հասարակության զարգացմանը զուգընթաց տարբերակվել են տղամարդու և կնոջ, աղջիկների ու տղաների հագուստները, ստեղծվել են առօրյա, տոնական, հարսանեկան, սգո հանդերձներ։ Սպորտի զարգացմանը զուգընթաց՝ մարզիկներն սկսել են կրել տարբեր մարզահագուստներ։ Աշխատանքի բաժանման հետևանքով ստեղծվել են նաև մասնագիտական հագուստների զանազան ձևեր՝ բանվորական, հրշեջի, ոստիկանի, կրոնավորի և այլն։

Զարգացած երկրներում հագուստների ոճն ու ձևվածքը քիչ են տարբերվում միմյանցից։ Դա մասամբ պայմանավորված է տեխնոլոգիաների՝ աշխարհում տեղի ունեցող փոխանակությամբ։ Բացի այդ, խոշոր արդյունաբերողները, թեև հագուստի արտադրական ձեռնարկություններ ունեն տարբեր երկրներում, սակայն արտադրում են նույն ոճի հագուստներ։

Մոդելներ (նմուշօրինակներ)

խմբագրել

Ժամանակակից հագուստը վաղուց արդեն դադարել է զուտ զգեստ լինելուց. այսօր այն դարձել է նորաձևության միտքը շարժող հատուկ ոլորտ, որով զբաղվում են մոդելագործները։ Նրանք են որոշում, թե ինչպիսին պետք է լինի այս կամ այն կարգի հագուստը, և ինչպես է հարմար այն արտադրելը։ Ձևն ընտրելիս նկատի են առնվում նույնիսկ կտորեղենի խտությունը (այն շատ ծանր չպետք է լինի), տեղի եղանակային պայմանները (լրիվ, թե մասնակի է այն ծածկելու մարմինը) և այլն։

Մոդելագործի գլխավոր խնդիրը նմուշի ստեղծումն է, ըստ որի պետք է պատրաստվեն հարյուրավոր կամ հազարավոր նմանօրինակ զգեստներ։

Մոդելագործը պատրաստում է ձևվածքը և այն փորձում մանեկենի վրա։ Ձևվածքին համապատասխան կտորից կտրում են (էլեկտրական կամ լազերային մկրատներով) զգեստի առանձնամասերը։ Մեր օրերում հագուստի ոճի մշակմանն օգնում են նաև համակարգիչները, որոնց միջոցով կարելի է որոշել, թե ինչպիսին պետք է լինի նմուշօրինակը, և այն փորձարկել համակարգչի ցուցասարքի վրա։

Խոշոր ֆաբրիկաներում, որտեղ ամեն օր կարում են հարյուրավոր զգեստներ, աշխատանքի հիմնական փուլերը մեքենայացված են։ Մեքենաներն են ձևում կտորը, կարում, ապա մշակում կարերը։ Համակարգչային կառավարմամբ հաստոցները կարող են նախածրագրավորել ոճերի հաճախակի փոփոխությունները։ Երբ հագուստի բոլոր մասերն արդեն կարված են լինում, այն մանրակրկիտ արդուկվում է։ Վաճառքի ուղարկվելուց առաջ հագուստը մեկ անգամ ևս վերստուգվում, վերանայվում է։

Ազգային հագուստ (տարազ)

խմբագրել

Բոլոր ժողովուրդներին հատուկ է ազգային հագուստը, որը կոչվում է ազգային տարազ։

Պատմական տարբեր դարաշրջաններում տարազը զանազան երկրների, ժողովուրդների, էթնիկական (տոհմային, ցեղային, հետագայում՝ ազգային) և տարածքային խմբերի, բնակչության տարբեր շերտերի հագուստն է, որն ունի ձևվածքի, գույնի, նյութի տեսակի, արտաքին հարդարանքի (զարդեր, սանրվածք, բեղեր, մորուք, դաջվածք, ներկվածք և այլն) առանձնահատկություններ։ Յուրաքանչյուր ժողովրդի տարազ պայմանավորված է տեղանքի բնակլիմայական պայմաններով, մարդկանց կենցաղով, երկրի բնական արտադրանքով և այլն։ Մ. թ. ա. IX–VI դարերի հուշարձաններում պահպանվել են բնակչության տարբեր շերտերի տարազների պատկերներ։ 20-րդ դարի սկզբից հայկական տարազները հիմնականում դուրս են մղվել կիրառությունից և այժմ օգտագործվում են իբրև բեմական զգեստ (երգի-պարի անսամբլների, ազգագրական խմբերի և այլն)։

Տես նաև

խմբագրել
  • Հայկական ազգային հագուստ (տարազ)
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 41-42  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հագուստ» հոդվածին։