Ճապոնական երաժշտություն

Ճապոնական երաժշտությունը հնագույն, ինքնատիպ երաժշտությունն իր զարգացման ընթացքում կրել է կորեական, հատկապես չինական, ինչպես նաև Հնդկաստանի և Հարավ-Արևելյան Ասիայի, 19-րդ դարից՝ Եվրոպայի երկրների և ԱՄՆ-ի երաժշտական արվեստի ազդեցությունը։ Մ․ թ․ առաջին դարերում Ճապոնական երաժշտությունը սերտորեն առնչվում էր սինտոական ծիսակատարություններին։ 7-րդ դարի աշխարհիկ վոկալ և գործիքային երաժշտությունը կապված էր գիգակու պարային դրամային և դենգակու ու սարուգակու թատերական ժանրերին (սրանց հիման վրա հետագայում ձևավորվեց պալատական նոր թատրոնը)։ 7-9-րդ դարերի չինական պալատական երաժշտության ազդեցությամբ ստեղծվել է գագակու (նրբագեղ երաժշտություն) պալատական արվեստը, որի մեջ իրենց զարգացումն են գտել զուտ ճապոնական ավանդույթները և դարձել Ճապոնիայի դասական երաժշտության հիմքը։ Դագակուի մեջ առանձնանում էին կոգակու (հին երաժշտություն) և սինգակու (նոր երաժշտություն) ոճերը, կանգեն (զուտ գործիքային երաժշտություն) և բուգակու (պարին նվագակցող երաժշտություն) ժանրերը։ Ճապոնական երաժշտության ազգային առանձնահատկությունները արտահայտվել են յուրահատուկ լադային կառուցվածքում, առանց կիստոնների պենտատոնիկ լադերի հետ, որ պահպանվել են ժողովրդական երաժշտության մեջ, տարածում են գտել 5-աստիճանի լադերը՝ կիսատոնային, ամբողջ տոնային և երկտոնային ինտերվալների հաջորդականությամբ (քաղաքային երաժշտության մեջ միյակոբուսի լադը, գեղջկական երաժշտության մեջ՝ ինակոբուսի լադը)։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 82
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնական երաժշտություն» հոդվածին։