Գարչակ (պարս.՝ قرچک), քաղաք Իրանի կենտրոնական մասում` Թեհրան օսթանում, համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 231 075 մարդ (2016)[1][2]։

Քաղաք
Գարչակ
պարս.՝ قرچک
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԹեհրան
ՇահրեստանԳարչակ
ԲԾՄ963 մետր
Բնակչություն231 075 մարդ (2016)[1][2]
Հեռախոսային կոդ021
Գարչակ (Իրան)##
Գարչակ (Իրան)

Քաղաքը գտնվում է Թեհրան օսթանի կենտրոնական մասում, Թեհրան քաղաքից մոտ 19 կմ հարավ-արևելք` մայրաքաղաքը Վարամինի հետ կապող ավտոմայրուղու վրա։

Քաղաքի ներկայիս վիճակ խմբագրել

Գարչակը քաղաքի կարգավիճակ է ստացել 1977 թվականին և արագ տեմպով սկսել է աճել և զարգանալ՝ պայմանավորված քաղաքում աղյուսի թրծման վառարանների մեծ քանակով։ Գարչակի աղյուսը ակտիվ օգտագործվել է Թեհրանում տարբեր կառույցների շինարարության մեջ։ Այդ պատճառով քաղաք են տեղափոխվել մարդիկ Իրանի ամբողջ տարածքից՝ Իրանական Ադրբեջանից, Խորասանից, Քուրդիստանից, Իլամից և այլն։ Արդյունքում քաղաքի բնակչությունը դարձել է բացառիկ բազմազգ։ Աֆղանստանում և Իրաքում անկայունունության ժամանակաշրջանում՝ 1980-ական թվականներին, քաղաքը ընդունել է նաև մեծաքանակ աֆղանների և իրաքցիների[3]։ Գարչակի բնակչության մոտ մեկ երրորդը ներգաղթել է Թեհրանից՝ շնորհիվ այն բանի, որ Գարչակում մայրաքաղաքից անհամեմատ ցածր են բնակարանների գները[4]։

Տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքում շատ են պաշտամունքային մեծաչափ անսամբլներ բազմատիպ շենքերով՝ մզկիթ, մինարե, խանակա կամ մեդրեսե, դամբարան։ Բաքիրաբադ քաղաքային համայնքում է գտնվում հայտնի կամուրջը, որտեղ զոհվել են 1963 թվականին հակաշահական ապստամբության մասնակիցները։ Այդ կամուրջը կառուցվել է հենց Ռեզա շահ Փահլավիի կառավարման ժամանակ[3]։

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 231 075 մարդ, որոնք կազմում էին 69 029 տնտեսություն[5]։ Բնակչությամբ Թեհրան օսթանի ութերորդ ամենախոշոր քաղաքն է[6]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 98 202[7] 142 690[7] 173 832[8] 191 588[9] 231 075[5]

Այս ցուցանիշները վկայում են քաղաքի բնակչության թվի բավական արագ աճի մասին։ Այսպես՝ 1996-2006 թվականներին տարեկան բնական աճի տեմպը միջինում կազմել է 2,0%, իսկ 2006-2011 թվականներին՝ 1,9%, այսինքն՝ գրեթե մնացել են անփոփոխ։ Գարչակի բնական աճի հարաբերական ցուցանիշի բարձր տեմպը դեռևս շատ ցածր է Թեհրան օսթանի մյուս քաղաքների համեմատ (օրինակ՝ Մալարդ քաղաքի բնակչությունը 1996-2006 թվականներին աճել է բացառիկ բարձր տեմպով՝ տարեկան 10% կամ տասն անգամ շատ, քան Գարչակում)։ Դա նշանակում է, որ ծնելիությունը Գարչակում եղել է շատ ավելի ցածր, քան օսթանի շատ այլ քաղաքներում, միգրացիոն հոսքը նույնպես եղել է անհամեմատ քիչ։ Եվ չնայած դրան, Գարչակում բնական աճի կտրուկ նվազում տեղի չի ունեցել, ինչպես դիտվել է հենց նույն Մալարդում 2006-2011 թվականներին՝ 10%-ից նվազելով 4,9%։ Դա բացատրվում է նրանով, որ Գարչակում ծնելիությունն ու միգրացիան առանց այն էլ եղել են չափավոր, հետևաբար այդ երկու ցուցանիշների նվազման ռեզերվներն էլ եղել են ավելի փոքր, քան Թեհրան օսթանի այլ քաղաքներում։

Ինչ վերաբերում է Գարչակի բնական աճի բացարձակ ցուցանիշների տեմպին, ապա, այն 1996-2006 թվականներին կազմել է մոտ 3100 մարդ, իսկ 2006-2011 թվականներին՝ մոտ 3500 մարդ։ Այսինքն, բացարձակ աճի տեմպը ունեցել է մեծանալու միտում։ Գարչակի բնակչության բնական աճի գրաֆիկը ներկա պահին փաստացի իրենից ներկայացնում է ուղիղ գիծ, ինչը վկայում է դիտարկվող 15 տարիների ընթացքում բնական աճի տեմպի լուրջ փոփոխությունների բացակայության մասին։ 1996-2011 թվականներին քաղաքի զբաղեցրած տեղը ըստ բնակչության թվաքանակի փոփոխվել է հետևյալ կերպ․1996-2011 թվականներին այն դեռ շատ բարձր երրորդ տեղում էր, 2006 թվականին՝ ութերորդ, 2011 թվականին՝ իններորդ՝ 15 տարիների ընթացքում 6 դիրք նահանջելով։ Դա նշանակում է, որ շատ խոշոր քաղաքներ աճել են Գարչակից ավելի արագ։ Բացարձակ ցուցանիշի աճի տեմպով Գարչակը զիջում է Թեհրանին շատ անգամ և այդ տարբերությունը գնալով մեծանում է, եթե 1996 թվականին այն կազմել է 6616,1 հազար մարդ, 2006 թվականին՝ 7623,5 հազար, ապա 2011 թվականին՝ 7962,5 հազար մարդ։ Թեհրան օսթանի մյուս խոշոր քաղաքներում ևս Թեհրանի հետ համեմատած բնական աճի բացարձակ ցուցանիշների տարբերությունը մեծացել է, բայց ոչ այնքան նկատելի, ինչպես Գարչակում։ Եթե ընդունենք Թեհրանի բնակչությունը 100%, ապա Գարչակի բնակչությունը 1996 թվականին կազմել է թեհրանյան բնակչության 2,1%-ը, 2006 թվականին՝ 2,2 % (+ 0,1 %), իսկ 2011 թվականին՝ 2,3 % (+0,1 %)։ Այսինքն՝ Գարչակի բնակչության բնական աճի հարաբերական ցուցանիշը թեհրանյան բնակչության նկատմամբ թեև աճել է, բայց չափազանց դանդաղ։ Դա նշանակում է, որ երկու քաղաքներն էլ ունեն բնական աճի նույն տեմպը և հետևաբար նաև՝ ծնելիության նույն տեմպը։ Այսինքն՝ Գարչակում և Թեհրանում ծնելիությունը դեռևս 1990-ական թվականներին եղել է շատ ավելի ցածր, քան Թեհրան օսթանի այլ խոշոր քաղաքներում, և արդեն 2000-ականի վերջում այն կայունացավ, այն դեպքում, երբ մյուս քաղաքներում նկատվեց ծնելիության կտրուկ անկում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 شهر قرچک | جاهای دیدنی ایران
  4. «شهر قرچک». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. «IRAN: Tehran» (անգլերեն).
  7. 7,0 7,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.