Բրոնխաբորբ, բրոնխիտ, թոքերում գտնվող բրոնխների (մեծ և միջին տրամաչափի շնչուղիների) բորբոքումն է, որն առաջ է բերում հազ[1]։ Այն արտահայտվում է խորխարտադրությամբ, սուլող շնչառությամբ, շնչարգելությամբ և կրծքավանդակի ցավով[1]։ Բրոնխաբորբը կարող է լինել սուր և քրոնիկական[1]։Սուր բրոնխաբորբը արտահայտվում է հազով, որը տևում է մոտ երեք շաբաթ[2], և հայտնի է նաև կրծքավանդակի մրսածություն անունով[3]։ Դեպքերի 90%-ից ավելիի պատճառը վիրուսային վարակն է[2]։ Այդ վիրուսները տարածվում են հազի և ուղղակի կոնտակտի արդյունքում[4]։ Դեպքերի միայն փոքր մասն է զարգանում բակտերիաների պատճառով․ դրանցից են Mycoplasma pneumoniae կամ Bordetella pertussis[2]։ Ռիսկի գործոններից են ծխախոտը, փոշին և օդի աղտոտվածությունը[4]։ Սուր բրոնխիտի բուժումը հիմնականում ներառում է հանգիստ, տենդի դեպքում՝ պարացետամոլ (ացետամինոֆեն) կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ[5][6]։

Բրոնխաբորբ
Ա հատվածը ցույց է տալիս մարմնում թոքերի և բրոնխային անցուղիների տեղակայումը։ Բ հատվածը նորմալ բրոնխային անցուղու մեծացված, մանրամասն պատկերումն է։ Գ հատվածը բորբոքված բրոնխային անցուղու մեծացված, մանրամասն պատկերումն է։ Անցուղին բորբոքված է և պարունակում է սովորականից շատ լորձ։
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն
 Bronchitis Վիքիպահեստում

Քրոնիկական բրոնխաբորբին բնորոշ է խորխարտադրությամբ ուղեկցվող հազ, որը տևում է տարվա մեջ երեք ամսից ավելի, նվազագույնը երկու տարի ժամանակահատվածում[7]։ Քրոնիկական բրոնխիտով տառապող շատ մարդիկ ունեն թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն[8]։ Ծխախոտամոլությունը հանդիսանում է ամենահաճախ պատճառը․ այլ գործոնները, օրինակ՝ օդի աղտոտվածությունը և ժառանգական գործոնները, ունեն ավելի քիչ նշանակություն[9]։ Բուժումն ընդգրկում է ծխելը թողնելը, պատվաստումներ և վերականգնողական բուժումներ[10]։ Որոշ մարդկանց համար երկարաժամկետ թթվածնային բուժումը կարող է օգտակար լինել[10]։Սուր բրոնխաբորբը ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է[5][11]։ Այն հանդիպում է մեծահասակների 5%-ի մոտ, երեխաների մոտ 6%-ը տարեկան գոնե մեկ անգամ հիվանդանում են այս հիվանդությամբ[12][13]։ Սուր բրոնխաբորբը բրոնխաբորբի ամենահաճախ հանդիպող տեսակն է[3]։ ԱՄՆ-ում 2018 թ-ին 9․3 միլիոն մարդ ախտորոշվել է քրոնիկական բրոնխաբորբ[14][15]։

Տեսակներ

խմբագրել
 
Սուր բրոնխաբորբ

«Հիվանդությունների միջազգային դասակարգումը» տարբերակում է բրոնխիտի երկու ձև՝

  • Սուր բրոնխիտ–բրոնխիալ ծառի լորձաթաղանթի բորբոքում, որը բնութագրվում է բրոնխիալ սեկրեցիայի ծավալի մեծացմամբ, խորխոտ հազով։
  • Քրոնիկական բրոնխիտ–բրոնխիալ ծառի տարածված ախտահարում, սեկրետորային ապարատի լորձաթաղանթի բորբոքային գործընթաց, որն ուղեկցվում է լորձի գերաճային սեկրեցիայով։ Այն խախտում է բրոնխների պաշտպանական ֆունկցիան։

Սուր և քրոնիկ բրոնխիտները տարբերվում են էթիոլոգիայով, պաթոգոնեզով և թերապիայով։

Սուր բրոնխաբորբ

խմբագրել

Էթիոլոգիա (զարգացման պատճառներ)

խմբագրել

Սուր բրոնխաբորբը սովորաբար վարակիչ բնույթ ունի։ Հիվանդության առաջացման պատճառ են դառնում օրգանիզմի մրսածությունը, ջերմաստիճանի կտրուկ տատանումները, երկարատև խոնավ պայմանները։ Վերջիններիս հետ կապված՝ առավել հաճախ հիվանդանում են գարնանը և աշնանը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, խրոնիկական հիվանդությունների հետևանքով օրգանիզմի դիմադրողականության անկումը։ Բրոնխաբորբը երբեմն առաջանում է թունավոր գազերի, եթերայուղերի, փոշու և այլ գրգռող ազդեցությունների հետևանքով։

Հաճախ սուր բրոնխիտի պատճառ են հանդիսանում վիրուսները և բակտերիաները։ Քիչ դեպքերում բրոնխիտի պատճառ են դառնում սնկերը, ալերգենների հետ շփումը, կամ տոքսիկ նյութերի ներշնչումը։ Բրոնխիտով հիմնականում վարարակվում են օդակաթիլային ճանապարհով կամ հիվանդի հետ շփումով (խոսակցության ժամանակ, հազի, փռշտոցի, համբուրվելու ժամանակ)։

Սուր բրոնխաբորբն սկսվում է ընդհանուր թուլությամբ, առաջանում են մկանային ցավեր, հաճախ՝ հարբուխ, ըմպանի, կոկորդի, շնչափողի բորբոքային ախտահարումներ։ Այնուհետև սկսվում է աստիճանաբար սաստկացող հազ՝ քիչ լորձային խորխարտադրությամբ՝ հաճախ բաց դեղնավուն կամ կանաչավուն երանգով, կարող է բարձրանալ նաև մարմնի ջերմաստիճանը։ Սովորաբար սուր բրոնխաբորբով հիվանդը 1-3 շաբաթից լրիվ առողջանում է, իսկ երեխաների և տարեցների բրոնխաբորբը հաճախ ծանր է ընթանում և բարդանում թոքաբորբով, թոքափքանքով և այլն։

Սուր բրոնխիտը սովորաբար տևում է 10 օր։ Ինչպես այլ շնչառական հիվանդություններ, բրոնխիտը ևս կարող առաջանալ և ուղեկցվել մրսածությամբ, ինչպես գրիպը, կամ սկսվել ինքն իրեն առանց ակնհայտ նախնական պատճառի։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է չոր հազով, որը հատկապես սրվում է գիշերը, հետո մի քանի օր չոր հազը վերածվում է թաց հազի ինչը կարող է ուղեկցվել ջերմությամբ, հոգնածությամբ և գլխացավով։ Դա կարող է տևել մի քանի օր, իսկ հազը տևում է մի քանի շաբաթ։ Որոշ հիվանդների մոտ հազը կարող է տևել մի քանի շաբաթ, քանի որ բորբոքված բրոնխների ապաքինումը դանդաղ գործընթաց է։

Եթե հազը տևում է մի ամսից ավել հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ։ Որոշ հիվանդների մոտ հազը տևում է մի քանի ամիս և դա կարող է հանգեցնել ասթմայի։

Եթե հիվանդի հազի ժամանակ նկատվում է արյունոտ լորձ, ապա հարկաոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ կանխելու համար ավելի բարդ հիվանդությունների առաջացունը, ինչպիսիք են տուբերկուլյոզը կամ թոքերի քաղցկեղը։

Խրոնիկական բրոնխիտ

խմբագրել

Քրոնիկական բրոնխաբորբի առաջացմանը նպաստում են ծխելը, փոշոտ և աղտոտված օդ շնչելը, թունավոր գազերով բրոնխների լորձաթաղանթների երկարատև գրգռումը, ալկոհոլի չարաշահումը, քթի, քթաըմպանի, քթի հավելյալ ծոցերի հիվանդությունները։ Քրոնիկական բրոնխաբորբը հաճախ ուղեկցվում է բրոնխային հեղձուկով, շնչառական անբավարարությամբ։ Հիվանդության մեղմացման շրջանին հաջորդում է սրացումը, երբ հիվանդին անհանգստացնում է գորշականաչավուն խորխարտադրությամբ համառ հազը։

Կրծքի շրջանում ի հայտ են գալիս ցավեր, որոնք ուժեղանում Են խորը շնչելիս, հազալիս, իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածության, արագ քայլելու, վերելքի, այնուհետև նաև հանգիստ ժամանակ առաջանում է հևոց։ Համառ հևոցը նոպայաձև ուժեղանում է քրոնիկական բրոնխաբորբի հեղձուկային ձևի ժամանակ, որին բնորոշ է դժվար արտաշնչումը։ Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 37,5-38 °C, հիվանդության մեղմացման շրջանում նշված երևույթներն ամբողջությամբ անհետանում կամ թույլ են արտահայտվում։ Սրացումները հաճախ լինում են ցուրտ եղանակներին և ուղեկցվում են այլ հիվանդություններով։

Քրոնիկական բրոնխիտի ժամանակ խորխոտ հազ է դիտվում երեք ամիս, մեկ տարի, երկու տարի և ավելի ժամանակ։ Քրոնիկական բրոնխիտը շնչառական համակարգի անեմատարածված և ոչ սպեցիֆիկ հիվանդություններից է։

Պատճառներ

խմբագրել

Քրոնիկական բրոնխիտի հիմնական պատճառներն են՝

  • Բրոնխների երկարատև գրգռումը վնասակար գործոններով (փոշի, ածխածնի օքսիդը, տարբեր քիմիական նյութեր, ծխախոտի ծուխ)
  • Հերթական շնչառական վարակներ (գրիպի բացիլներ, վիրուսներ)
  • Երկարատև ենթարկվածությունը չոր և սառը օդի

Քիչ է պատահում, որ քրոնիկական բրոնխիտը հանգեցնի գենետիկական խանգարումների։

Բուժում

խմբագրել

Սուր բրոնխաբորբը բուժելիս անհրաժեշտ է խստորեն հետևել բժշկի խորհուրդներին և նշանակումներին։ Դեղանյութի ընտրությունը կախված է հիվանդության ձևից և փուլից։ Անկողնային ռեժիմը, լիարժեք սնունդը, առատ, տաք ըմպելիքը սովորաբար թեթևացնում են հիվանդի վիճակը։ Ուժեղ սրացման դեպքում բուժումը հիվանդանոցային է։

Դեպքերի մեծ մասը, որոնք վիրուսային վարակի արդյունք են, որպես կանոն սուր փուլերում դրանք անցնում են առանց հակաբիոտիկների օգտագործման։ Բակտերյալ բնույթի բրոնխիտների ժամանակ օգտագործվում են հակաբիոտիկներ կանխելու համար հետագա բարդացումները։

Վերջին ժամանակներում սուր բրոնխիտը դիտվում է որպես բորբոքային, այլ ոչ թե ինֆեկցիոն գործընթաց, որի համար հակաբորբոքային թերապիան ավելի արդարացված է, քան հակամանրէայինը[16]։

Քանի որ չոր օդից հիվանդի վիճակը կարող է վատանալ, խորհուրդ է տրվում սենյակում բարձրացնել օդի խոնավությունը։ Հարկավոր է ուշադրություն դարձնել հագուստին, քանի որ հիվանության ժամանակ դիտվում է մարմնի անկայուն ջերմություն և կարող է նկատվել քրտնարտադրություն նույնիսկ թեթև ֆիզիկական աշխատանքի դեպքում։ Հարկավոր է նրա խոնավ հագուստը միշտ փոխել չորով։ Վիճակը ավելի չբարդացնելու համար հարկավոր է հեռու մնալ ծխախոտից և նույնիսկ ծխախոտի ծխից։

Բացի դեղանյութերից, կարևոր է նաև հիվանդի խնամքը։ Սրացման շրջանում նախ պետք է ստեղծել հիգիենային նպաստավոր պայմաններ։ Հիվանդի սենյակը պետք է չոր և տաք լինի, լավ օդափոխվի։ Հարկավոր է խուսափել մարմնի գերտաքացումից և գերսառեցումից։ Սենյակում կողմնակի հոտերը կարող են ուժեղացնել հազը և հևոցը։ Այդ դեպքում հարկավոր է հիվանդին նստեցնել այնպես, որ կարողանա ձեռքերով հենվել մահճակալին կամ աթոռին։ Վարակազերծման նպատակով խորխը պետք է հավաքել հատուկ թքամանում, որի ծավալի 1/3-ը նախապես լցվի 5 %-անոց քլորամինի լուծույթով։ Բորբոքային գործընթացի սրացման, առատ խորխարտադրության ժամանակ օրգանիզմը շատ սպիտակուցներ է կորցնում, ուստի հիվանդը պետք է ստանա բավարար քանակությամբ վիտամիններ, ինչպես նաև կենդանական ծագման սպիտակուցներ պարունակով սնունդ։

Կան հազի բուժման ոչ դեղաբանական մեթոդներ, այդ թվում նաև սուր բրոնխիտի ժամանակ։ Դրանք օգտակար են թե՛ դեղորայքի առկայության, թե՛ դրանց բացակայության պայմաններում։ Հիվանդը պետք է շատ հանգստանա և ընդունի շատ հեղուկներ (ջուր, հյութ, բուսական թեյ), հեղուկները չպետք է պարունակեն կոֆեին։ Հազը բուժելու համար ավանդաբար առաջարկվել է խմել ազնվամորու տաք թեյ, մեղրով թեյ, ալկալային հանքային ջուր։ Քանի որ հիմնականում բորբոքվում է ըմպանի շրջանը, խորհուրդ է տրվում օգտագործել փափուկ և չգրգռող կերակուրներ։

Մշակված է բուժական մարմնամարզության հատուկ համալիր, որի նպատակը շնչառական բոլոր մկանների մասնակցությամբ ճիշտ և խորը շնչառությունն է։ Հատուկ ուշադրություն է դարձվում արտաշնչման մարզումներին, որն անցկացնում է բուժական ֆիզկուլտուրայի մեթոդիստը։ Սրացումներից դուրս քրոնիկական բրոնխաբորբի ժամանակ խորհուրդ է տրվում առողջավայրաառողջարանային բուժում։ Խոշոր քաղաքների բնակիչներին օգտակար է հանգիստը, զբոսանքը՝ քաղաքամերձ այգիներում, պուրակներում։

Հակացուցումներ

խմբագրել

Հակացուցված են կծու, թթու կերակուրները։

Կանխարգելում

խմբագրել

Կանխարգելումն օրգանիզմի կոփումն է։ Մաքուր օդը, ջրային արարողությունները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։ Կոփումն սկսում են օդային լոգանքներից, հարմարվելուց հետո անցնում շփումների՝ սկզբում թաց քամած, ապա չքամած սրբիչով։ Այնուհետև օգտակար է ջրցողումը՝ 30-32 °C ջերմաստիճանի ջրով, որը 2-3 օրը մեկ 1 °C-ով իջեցնելով՝ պետք է հասցնել մինչև ծորակի ջրի ջերմաստիճանի։ Բարերար ազդեցություն է ունենում մաքուր օդում չափավոր մարզվելը (թենիս, թիավարություն, լող, դահուկային սպորտ

Կանխարգելման համար էական նշանակություն ունի քթաբորբի, նշագեղձերի բորբոքման, քթի հավելյալ ծոցերի բորբոքումների ժամանակին և ճիշտ բուժումը, պայքարը փոշու, աղտոտված օդի դեմ։

Գրականություն

խմբագրել
  • Бронхи // Малая медицинская энциклопедия (том 1, стр. 277)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Bronchitis». NHLBI. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 Kin2016, S (2016 թ․ հոկտեմբերի 1). «Acute Bronchitis». American Family Physician. 94 (7): 560–565. PMID 27929206.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 «Antibiotics Aren't Always the Answer». Centers for Disease Control and Prevention (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 25.
  4. 4,0 4,1 «What Is Bronchitis?». 2011 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  5. 5,0 5,1 Tackett, KL; Atkins, A (December 2012). «Evidence-based acute bronchitis therapy». Journal of Pharmacy Practice. 25 (6): 586–90. doi:10.1177/0897190012460826. PMID 23076965.
  6. «How Is Bronchitis Treated?». 2011 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  7. «MeSH Browser». meshb.nlm.nih.gov.
  8. Reilly, John J.; Silverman, Edwin K.; Shapiro, Steven D. (2011). «Chronic Obstructive Pulmonary Disease». In Longo, Dan; Fauci, Anthony; Kasper, Dennis; Hauser, Stephen; Jameson, J.; Loscalzo, Joseph (eds.). Harrison's Principles of Internal Medicine (18th ed.). McGraw Hill. էջեր 2151–9. ISBN 978-0-07-174889-6.
  9. Decramer M, Janssens W, Miravitlles M (April 2012). «Chronic obstructive pulmonary disease». Lancet. 379 (9823): 1341–51. CiteSeerX 10.1.1.1000.1967. doi:10.1016/S0140-6736(11)60968-9. PMID 22314182.
  10. 10,0 10,1 Rabe KF, Hurd S, Anzueto A, Barnes PJ, Buist SA, Calverley P, Fukuchi Y, Jenkins C, Rodriguez-Roisin R, van Weel C, Zielinski J (September 2007). «Global strategy for the diagnosis, management, and prevention of chronic obstructive pulmonary disease: GOLD executive summary». Am. J. Respir. Crit. Care Med. 176 (6): 532–55. doi:10.1164/rccm.200703-456SO. hdl:2066/51740. PMID 17507545.
  11. Braman, SS (January 2006). «Chronic cough due to acute bronchitis: ACCP evidence-based clinical practice guidelines». Chest. 129 (1 Suppl): 95S–103S. doi:10.1378/chest.129.1_suppl.95S. PMC 7094612. PMID 16428698.
  12. Wenzel, RP; Fowler AA, 3rd (2006 թ․ նոյեմբերի 16). «Clinical practice. Acute bronchitis». The New England Journal of Medicine. 355 (20): 2125–30. doi:10.1056/nejmcp061493. PMID 17108344.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. Fleming, DM; Elliot, AJ (March 2007). «The management of acute bronchitis in children». Expert Opinion on Pharmacotherapy. 8 (4): 415–26. doi:10.1517/14656566.8.4.415. PMID 17309336.
  14. «FastStats». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  15. Կաղապար:Cite
  16. The Merck Manual, infectious bronchitis: treatment of complications

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոնխաբորբ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 577