Բջնակ (ավելի հնում նաև Ոփիք[1], ադրբեջանական անունը և ներկայիս պաշտոնական անունը՝ Բիչանակ ադրբ.՝ Biçənək), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում[2]։

Գյուղ
Բջնակ
Բիչենեկ ադրբ.՝ Biçənək
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՇահբուզի շրջան
ՀամայնքՇահբուզի շրջան
Բնակչություն1․157 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Բջնակ (Ադրբեջան)##
Բջնակ (Ադրբեջան)

Բնակավայրը տարբեր ժամանակներում ունեցել է մի շարք անուններ։ Գյուղի պատմական, հայկական անունը կոչվել է Ոփինք, նաև Բջնակ։ Մինչև 18-րդ դարի երկրորդ կեսին հայերի գաղթը այն կոչվել է Բջնակ, հետագայում հայկական գրականության մեջ գյուղը շարունակել է կոչվել նույն կերպ։ 1870-ական թվականների սկզբներից մինչև 1919 թվականը գյուղում ապրել են մոլոկաններ, ովքեր բնակավայրը կոչել են Կարմալինովկա։ Հետագայում թուրքերը սկսել են գյուղը կոչել Բեչիչեք[2]։

Աշխարհագրություն

խմբագրել
 
Շահբուզի պետական արգելոց

Բջնակ գյուղը գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի արևելքում՝ Նախիջևան գետի վերին հոսանքում։ Բնակավայրի հարավում է գտնվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի Գեհենիք, հարավ-արևմուտքում՝ Աղտավ, արևմուտքում՝ Արքոյքայ գյուղերը, հյուսիսում՝ Շահբուզի պետական արգելոցը։ Բջնակից փոքր ինչ արևելքով անցնում է հայ-ադրբեջանական շփման գիծը, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը բաժանում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզից։ Շահբուզի շրջանի շրջկենտրոն Շահպոնք քաղաքից հեռու է 21 կմ[2]։

Բջնակի լճակներ

խմբագրել

Բջնակի լճակները ոչ մեծ չափերի բնական երեք ջրային ավազաններ են, որոնք գտնվում են Բջնակ գյուղից 4 կմ հյուսիս՝ Բջնակի լեռնանցքում, Նախիջևան-Սիսիան չգործող ճանապարհի ձախ կողմում։ Լճակներն իրարից հեռու են 200-ից 600 մ հեռավորության վրա և ծովի մակարդակից բարձր են 2130 մ։ Լճերը սնվում են մի քանի արագահոս աղբյուրներից և հարակից լեռների ձնհալի ջրերով։ Լճերից և շրջակա ձորակներից սկզբնավորվում է Նախիջևան գետը[3]։

Պատմություն

խմբագրել

Պատմական գյուղի մասին գրավոր աղբյուրներում քիչ տեղեկություններ են հայտնի[2]։

Բջնակ գյուղից մոտ 1 կմ ներքև՝ Նախիջևան գետի ափին է գտնվում «Սոլդատսկի» բնակատեղին, որը հիմնվել է 1820-1825 թվականներին և առանձին կայանի է վերածվել։ 1850-ական թվականներին լքվել է[2]։

Բջնակից մի քիչ վերև, Սիսիան մեկնող մայրուղու եզրին գտնվող աղբյուրի մոտ տեղադրված է մի խաչքար, որը ստեղծվել է 1084 թվականին։ Խաչքարը պատրաստված է բազալտից։ Խաչքարի վրա գրված է, որ այն կառուցվել է Ավագի և Մարեմի հիշատակին։ Խաչքարի վրա կան բուսական և երկրաչափական զարդաքանդակներ։ Արձանագրության որոշ տառեր մաշված են[4]։

Գյուղի վերևում գտնվող Բաթաբատ վայրում կան հայկական միջնադարյան մի գյուղի ավերակներ՝ ավերակ եկեղեցի, գերեզմանատուն, տների հետքեր։ 1960-ական թվականներին հայտնաբերվել է 7 մ երկարություն և 4 մ լայնություն ունեցող մի դամբարան։ Այն ծածկված է եղել սալերով և 2 մ երկարություն ունեցող ձկնաքանդակ տապանաքարով։ Գյուղատեղիից քիչ հեռու կա 4 սենյակից բաղկացած մի ժայռակոփ կացարան, որի վրա քանդակված է 12-13-րդ դարերի 3 տողանոց մի արձանագրություն[2]։

Բնակչություն

խմբագրել

1677 թվականին Նախիջևանի Շարիֆ խանի կողմից գյուղն ավերվել է, բնակչության մի մասը սրի քաշվել։ Բջնակի հայությունը մոտ 1750-1760 թվականներին գաղթել է։ 1870-1872 թվականներին այստեղ բնակություն են հաստատել մալական ազգաբնակչությունը։ 1919 թվականին մալականները ևս գաղթել են այստեղից, որոնց մի մասը բնակություն է հաստատել ՀՀ Սևանի շրջանում[2]։

Մալականների բնակության տարիներին գյուղը կոչվել է նաև Կարմալինովկա, որը կապված է Երևանի գավառապետ Ն․ Կարմալինի անվան հետ[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 170-171 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
  3. Արգամ Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։
  4. Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բջնակ» հոդվածին։