Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վարչական բաժանում
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության կազմում, վարչատարածքային տեսակետից բաժանված է 8 վարչական միավորների, այդ թվում՝ 7 շրջանի և 1 քաղաքի[1]։
Հյուսիս-արևելքում սահմանակից է Հայաստանի Հանրապետության, հարավ-արևմուտքում Իրանի Իսլամական Հանրապետության և հյուսիս-արևելքում Թուրքիայի Հանրապետության հետ։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն - Հայաստանի Հանրապետություն սահմանը հանդիսանում է հայ-ադրբեջանական շփման գծի հատված և վերահսկվում է մի կողմից Ադրբեջանի զինված ուժերի, մյուս կողմից՝ Հայաստանի զինված ուժերի կողմից և հանդիսանում է փակ սահման։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Իրանի միջև պետական սահմանը բաց է երկու կողմերից տեղաշարժվելու համար և հանդիսանում է հիմնական կապող միջոցը ինքնավար հանրապետության և բուն Ադրբեջանի Հանրապետության միջև։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Թուրքիայի հետ ունի 7 կմ երկարությամբ փոքր սահման, որը նույնպես բաց է տեղաշարժման համար[1]։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վարչական միավորներն են[1]՝
- Բաբեկի շրջան, որի վարչական կենտրոնը Բաբեկ քաղաքն է,
- Ջուղայի շրջան, որի վարչական կենտրոնը Ջուղա քաղաքն է,
- Քենգերլիի շրջան, որի վարչական կենտրոնը Քիվրախ քաղաքն է,
- Նախիջևան քաղաք (ինքնավար հանրապետության մայրաքաղաք),
- Օրդուբադի շրջան, որի վարչական կենտրոնը Օրդուբադ քաղաքն է,
- Սադարակի շրջան, որի վարչական կենտրոնը Հեյդարաբադ գյուղն է,
- Շահբուզի շրջան, որի վարչական կենտրոնը Շահբուզ քաղաքն է,
- Շարուրի շրջան, որի վարչական կենտրոնը Շարուր քաղաքն է։
Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանմամբ դե յուրե Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրը համարվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության էքսկլավը և ընդգրկված է Սադարակի շրջանի կազմում, սակայն Հայաստանի վարչատարածքային բաժանմամբ այն հանդիսանում է այդ Արարատի մարզի մաս։ Նման իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԽՍՀՄ ժամանակաշրջանում Տիգրանաշենը, որը ադրբեջանցիները անվանում են Քյարքի, հանդիսանում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության էքսկլավ և ԽՍՀՄ փլուզուման ու Արցախյան պատերազմի հետևանքով դե ֆակտո դարձավ Հայաստանի մաս։