Բուխարայի էմիրի պալատ (Յալթա)

Բուխարայի էմիրի պալատ (ռուս.՝ Дворец эмира Бухарского), պալատական համակառույց Ղրիմի Յալթա քաղաքի Սևծովյան նավատորմի «Յալթա» առողջարանի տարածքում։

Բուխարայի էմիրի պալատ
Տեսակշատո
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Ճարտարապետական ոճնեոմավրիտանական ոճ
Հիմնադրված է19-րդ դար
ՀիմնադիրՍեիդ Աբդուլահադ խան
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պալատի ներկայիս տեսքը
Զբոսայգին

Պատմություն

խմբագրել

Պալատը գտնվում է Յալթայի Պրիմորսկի զբոսայգու վերևում, այն տարածքում, որը 1898 թվականին գնել է Բուխարայի էմիր Սեիդ Աբդուլահադ խանը և հիմնադրել այգի, ինչպես նաև 4 շինություն, որոնցից միայն այս պալատն է հասել մեր օրերին։ Պալատը նեոմավրիտանական ոճով Կերչի քարով կառուցել է ճարտարապետ Նիկոլայ Գեորգիևիչ Տարասովը։ Այն կառուցվել է չորս տարի (1907-1911)` դառնալով Բուխարայի էմիրի Ղրիմի հարավային ափին գտնվող նստավայրը[2]։

Երկհարկանի մասնաշենքի ճարտարապետության մեջ համատեղվում են ուղղանկյունաձև, երեսակված և կիսաշրջանաձև ծավալները, նախամուտքերն ու պատշգամբները, խորշապատշգամբներն ու արևնակները։ Ընտիր խոյակներով, բազրիքներով սյուների ցանցկեն փորագրազարդերը, ինչպես նաև պայտաձև պատուհանների շրջանակները և քիվի վերևի ատամնիկավոր քիվապատը լրացնում են պալատի մավրիտանական ոճը։

Պալատը էմիրն անվանել էր «Դիլկիսո» (թյուրքերեն` «հմայիչ», «դյութիչ») և այն մինչև 1917 թվականը մնացել էր Սեիդ Աբդուլահադ խանի և նրա որդու` Սեիդ Ալիմ խանի սեփականությունը։ Յալթայի քաղաքային իշխանությունները գնահատել են քաղաքի նկատմամբ էմիրի արժանիքները[2]։ Նրան շնորհվել է քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում, իսկ Յալթայի փողոցներից մեկն անվանվել է նրա անունով։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո շենքն ազգայնացվել է։ 1921 թվականի մարտի 25-ին այնտեղ բացվել է Յալթայի արևելյան թանգարանը։

1924 թվականի մայիսի 23-ին պալատը Ղրիմի կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության որոշմամբ հանձնվել է Ուզբեկստանի աշխատավոր ժողովրդի հավերժական օգտագործմանը։ Այնտեղ սկսել է գործել «Ուզբեկստան» առողջարանը[3]։

1924-1927 թվականներին այստեղ տեղակայված էր հանգստյան տուն։ 1927-1969 թվականներին` հակատուբերկուլոզային առողջարան։ 1969 թվականից ի վեր առողջարանը վերափոխվել է նյարդամարմնականի։

Ֆաշիստական օկուպացիայի տարիներին պալատի շենքը զգալիորեն վնասվել է։ Ավերվել են աերոսոլարիումն ու օդերևութաբանական կայանը։ Զգալի կորուստներ է ունեցել զբոսայգին։ 1970-ական թվականների սկզբին իրականացվել են վերականգնման և վերանորոգման աշխատանքներ[4]։

Ներկայում պալատի շենքը «Յալթա» առողջարանի թիվ 8 մասնաշենքն է, որտեղ գտնվում է նրա գրադարանը։ Շենքը գտնվում է անմխիթար վիճակում[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 «Историческое здание Дворца эмира Бухарского в Ялте разваливается на глазах». Аргументы Недели. 22 июня 2018, 16:51.
  3. «Отдых в Большой Ялте – Цены на 2018 год в санатории, отели, гостиницы и пансионаты. Стоимость путевки в дома и базы отдыха | Курортный магазин». www.kurortmag.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. «Дворцы и имения XIX—XX веков». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել