Ղրիմի հարավային ափ
Ղրիմի հարավային ափ (ուկրաիներեն՝ Південне узбережжя Криму), նեղ (2 - 8 կմ) բլրահարթավայրային շերտ (տեղ-տեղ՝ դարավանդաձև) Ղրիմի թերակղզու հարավային ափի երկայնքով՝ Այա հրվանդանի և Կարադաղ զանգվածի միջև։
Աշխարհագրություն
խմբագրելՀյուսիսից սահմանափակված է Ղրիմի լեռների գլխավոր լեռնաշարքով։ Բնության առանձնահատկությամբ բաժանվում է 3 մասի, արևմտյան՝ Այա հրվանդանից մինչև Ալուշտա (տիպիկ միջերկրածովյան կլիմայով), կենտրոնական՝ Ալուշտայից մինչև Պրիվետնայա (ավելի զով և չոր կլիմայով) և արևելյան՝ Պրիվետնայայից մինչև Կարադաղ լեռը (ցամաքային տիպի կլիմայով)։
Ղրիմի հարավային ափը կազմված է կավային թերթաքարերից՝ կտրտված խոր ձորերով ու հովիտներով։ Հանդիպում են բյուրեղային ապարների ցրոններ ու լակոլիթներ։ Տարածված են գորշ լեռնաանտառային, կարմրագորշ և շագանակագույն հողերը։ Կա բուսական երկու գոտի։ Ստորին գոտում աճում են միջերկրածովային տեսակներով քսերոֆիտային տիպի բույսերը, վերին գոտում՝ լայնատերև անտառները։ Այգիներում ու պուրակներում աճեցվում են դափնեկեռաս, մագնոլիա, հովհարաձև արմավենի։ Զարգացած է խաղողագործությունը և ծխախոտագործությունը։ Միութենական առողջարաններից է։ Այստեղ են Յալթա, Ալուշտա, Ալուպկա, Սիմեիզ, Գուրզուֆ, Միսխոր, Լիվադիա ևն առողջարանները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 46)։ |