Բորիս Պուգո
Բորիս Կարլովիչ Պուգո (ռուսերեն` Бори́с Ка́рлович Пу́го, լատիշերեն` Boriss Pugo, 1937, փետրվարի 19, ք. Կալինին (ՌԽՖՍՀ) - 1991, օգոստոսի 22, Մոսկվա), ԽՍՀՄ կուսակցական, պետական գործիչ։ Խորհրդային բանակի գեներալ-գնդապետ (1991)։ ԽՄԿԿ անդամ 1963-ից։
Բորիս Պուգո լատիշ․՝ Boriss Pugo | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1937[1][2] |
Ծննդավայր | Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 22, 1991[1][2] (54 տարեկանում) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Լատիշներ |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Ռիգայի տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | interior minister? |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Պատվո նշան» շքանշան |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Արտակարգ դրության պետական կոմիտե |
Ավարտել է Ռիգայի ճարտարագիտական ինստիտուտը (1960)։ 1977-80-ին աշխատել է պետական անվտանգության մարմիններում. Լատվիական ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալ, 1980-84-ին՝ նախագահ։ 1984-88-ին՝ Լատվիայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, 1988-90-ին՝ ԽՄԿԿ կենտկոմին առընթեր կուսակցական վերահսկողության կոմիտեի նախագահ, 1990-91-ին՝ ԽՍՀՄ Ներքին գործերի նախարար։ Արտակարգ դրության պետական կոմիտեի (ԳԿՉՊ) անդամ. մասնակցել է 1991-ի օգոստոսի 19-21-ի պետական հեղաշրջման փորձերին, որի ձախողումից հետո ինքնասպան է եղել։
Պուգոյի թույլտվությամբ կամ անմիջական ցուցումով ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները և Ադրբեջանի ՄՀՆՋ-ականները գործադրել են բռնություններ, իրականացրել պատժիչ գործողություններ, մարդկանց անհարկի ձերբակալություններ, բնակարանների խուզարկություններ ու ահաբեկչություններ, ինչպես նաև իրականացվել է Գետաշենի, Մարտունաշենի, Հադրութի և Շուշիի շրջանների հայկական բնակավայրերի բնակչության բռնի տեղահանումը, կողոպուտն ու սպանությունները[3]։