Դասական մեխանիկան ֆիզիկայում մեխանիկայի երկու գլխավոր ենթաբաժիններից մեկն է, որը դիտարկում է ուժային համակարգի ազդեցության տակ ֆիզիկական մարմինների շարժումը նկարագրող ֆիզիկական օրենքների բազմությունը։ Մարմինների շարժման ուսումնասիրությունը հնագույններից է, ինչը և դասական մեխանիկան դարձնում է գիտության, ինժեներիայի և տեխնոլոգիայի հնագույն և ընդարձակ ուղղություններից։

Մեխանիկան ֆիզիկայի այն բաժինն է, որում ուսումնասիրվում են մարմինների մեխանիկական շարժ­ման ու հավասարակշռության օրենքները:

Շարժումը մարմնի կամ համակարգի հետ տեղի ունեցող կամայական փոփոխու­թյունն է: Շարժման օրինակներ են. մարմնի՝ ագրեգատային վիճակի, քիմիական բաղադրության, գույնի, համի, հոտի, ծավալի, երկրաչափական տեսքի փոփոխությունները, բանական էակի՝ գիտելիքների, մտածելակերպի, պատկերացումների, մտահորիզոնի, քաղաքական հայացքների, ճաշակի և այլ հատկանիշների փոփոխությունները: Շարժման պարզագույն տեսակը մեխանիկական շարժումն է, որի դեպքում տեղի է ունենում մարմնի դիրքի փոփոխություն շրջապատող աշխարհի այլ մարմրնների նկատմամբ կամ մարմնի մասերի՝ միմյանց նկատմամբ դիքերի փոփոխություն:

Մեխանիկայի խնդիրը տարբեր շարժումների փորձնական հետազոտությունն է և այդ հետազոտությունների հիման վրա շարժման օրենքների ձևակերպումը, որոնք այս կամ այն կոնկրետ դեպքում հնարավորություն կտան կանխագուշակելու առաջացող շարժման պատկերը:

ԲաժիններԽմբագրել

Մեխանիկայի բաժիններն են՝ կինեմատիկան և դինամիկան: Դինամիկան, որպես մասնավոր դեպք պարունակում է ստատիկա ենթաբաժինը: Կախված ուսումնասիրվող մարմնի հատկություններից մեխանիկան բաժանվում է նյութական կետի մեխանիկայի, պինդ մարմնի մեխանիկայի, հոծ միջավայրի մեխանիկայի, որն իր մեջ ընդգրկում է նաև հեղուկների և գազերի մեխանիկան:

Կինեմատիկա բաժնում ուսումնասիրվում են մեխանիկական շարժման նկարագրության եղանակները, ներմուծվում են դրա համար անհրաժեշտ գաղափարներն ու տրվում համապատասխան ֆիզիկական մեծությունների սահմանումները: Կինեմատիկայի խնդրո առարկայի համար ուժերը որևէ դերակատարություն չունեն, ուստի ավելորդ է ասել, որ կինեմատիկան ուսունասիրում է շարժումներն առանց հաշվի առնելու նրանց առաջացման պատճառները:

Դինամիկա բաժնում ուսումնասիրվում են մեխանիկական շարժման օրենքներն ու օրինաչափությունները և դրանց կիրառություններն առանձին կոնկրետ խնդիրներում: Հաճախ ասում են, որ դինամիկան ուսումնասիրում է շարժման օրենքները հաշվի առնելով նրանց առաջացման պատճառները: Համոզվենք, որ այստեղ էլ ավելորդ է շեշտել այդ ակնհայտ ճշմարտությունը: Դա հասկանալու համար, պարզենք ի՞նչ է իրենից ներկայացնում օրենքը: Օրենքը տվյալ երևույթի հետևանքի արտահայտումն է պատճառով: Այդ արտահայտումը կարող է տրվել ինչպես մաթեմատիկորեն, այնպես էլ մարդու կողմից ըմբռնելի որևէ լեզվով, այդ թվում նաև ժեստերի լեզվով: Ակնհայտ է, որ օրենքի ուսումնասիրությունը չի կարող կատարվել առանց պատճառների տիրապետման:

Ստատիկա ենթաբաժնում ուսումնասիրվում են անշարժության կամ հավասարակշռության օրենքներն ու օրինաչափությունները: Քանի որ դադարը շարժման մասնավոր դեպք է, ուստի տրամաբանական է ստատիկան համարել դինամիկայի ենթաբաժին, այլ ոչ նրան հավասարազոր բաժին:

Հիմնական հասկացություններԽմբագրել

Մեխանիկական շարժում կոչվում է ժամանակի ընթացքում տարածության մեջ մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կամ մարմնի մասերի դիրքերի փոփոխությունն իրար նկատմամբ։ Մեխանիկան բաժանվում է նյութական կետի մեխանիկայի, պինդ մարմնի մեխանիկայի և հոծ միջավայրի մեխանիկայի։ Նյութական կետ կոչվում է այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել։ Բացարձակ պինդ կոչվում է այն մարմինը, որի ցանկացած երկու կետերի հեռավորությունը շարժման ընթացքում չի փոխվում։ Համընթաց կոչվում է այն շարժումը, որի ընթացքում մարմնի ցանկացած երկու կետեր միացնող ուղիղը մնում է ինքն իրեն զուգահեռ։ Պտտական կոչվում է մարմնի այն շարժումը, որի ընթացքում նրա բոլոր կետերը շարժվում են շրջանագծերով, որոնց կենտրոնները գտնվում են մի ուղղի՝ պտտման առանցքի վրա, որն ուղղահայաց է շրջանագծերի հարթություններին։ Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը։ Հաշվարկման մարմինը, նրա հետ կապված կոորդինատային համակարգը և ժամանակի հաշվարկման սարքը՝ ժամացույցը, միասին կազմում են այն հաշվարկման համակարգը, որի նկատմամբ էլ դիտարկվում է մարմնի շարժումը։ Հետագիծ է կոչվում այն կետերի բազմությունը, որոնցով տվյալ հաշվարկման համակարգում հաջորդաբար անցնում է մարմինը շարժման ընթացքում։ Սկզբնակետից հետագծի երկայնքով մինչև մարմնի դիրքը եղած հեռավորությունը, վերցրած համապատասխան նշանով, կորվում է դիրքաթիվ։ Լուծել մեխանիկայի հիմնական խնդիրը նշանակում է գտնել մարմնի դիրքը որոշող մեծության կախումը ժամանակից։ Մարմնի սկզբնական դիրքը վերջնական դիրքին միացնող վեկտորը կոչվում է տեղափոխություն։ Հետագծի երկայնքով մարմնի անցած հեռավորությունը կոչվում է ճանապարհ։ Ըստ հետագծի ձևի՝ ամենապարզ շարժումն ուղղագիծ շարժումն է։ Շարժումը կոչվում է ուղղագիծ, եթե շարժման հետագիծը ուղիղ գիծ է։ Շարժումը կոչվում է կորագիծ, եթե շարժման հետագիծը որևէ կոր գիծ է։ Ըստ բնույթի շարժումները լինում են հավասարաչափ և անհավասարաչափ։