Հալիտոզ (halitosis լատ․՝ halitus — շունչ և -osis հուն.` վերջածանց, որը նշանակում է հիվանդագին վիճակ[1]) ախտանիշ, որը բնութագրվում է տհաճ հոտով շնչառությամբ։ Այն հիմնականում պայմանավորված է մարսողական օրգանների, հատկապես՝ բերանի խոռոչի հիվանդություններով, սակայն կարող է կապված լինել նաև ընկճախտի և կպչուն-սևեռուն խանգարման ախտանիշների հետ[2]։

Հալիտոզ
Halitosis
Հալիտոզ (կամ բերանի տհաճ հոտ) ունեցող մարդ։ Հիմնական պատճառները։
Տեսակախտանիշ կամ նշան
Պատճառբերանի խոռոչի հիգիենայի չպահպանում
ՀՄԴ-9784.99
ՀՄԴ-10R19.6
Բուժումօրգանների հիվանդությունների հայտնաբերում և բուժում, բերանի ողողում, ատամների մաքրում, լեզվի մաքրում
 Bad breath Վիքիպահեստում

Հալիտոզի մոտ 85-90% դեպքերում պատճառը գալիս է բերանի խոռոչից[2]։ Մնացած դեպքերը կապված են քթի, քթի հավելյալ ծոցերի, կոկորդի, թոքերի, կերակրափողի կամ ստամոքսի խանգարումների հետ[3]։ Հազվադեպ բերանի տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել այնպիսի ախտավիճակներով, ինչպիսիք են լյարդի անբավարարությունը կամ կետոացիդոզը[4]։

Բուժումը կախված է առաջնային պատճառից։ Այդուհանդերձ, կարելի է սկսել բերանի խոռոչի խնամքի միջոցառումներից (լեզվի մակերեսի մաքրում, տարբեր ախտահանիչ լուծույթներով ողողումներ, ատամնաթելի օգտագործում և այլն)[2]։

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել

Հալիտոզը բնութագրվում է տհաճ հոտով ուղեկցվող շնչառությամբ, ինչը կարող է լուրջ անհանգստություն պատճառել։ Այն հիմնականում պայմանավորված է մարսողական օրգանների, հատկապես՝ բերանի խոռոչի հիվանդություններով, սակայն կարող է կապված լինել նաև ընկճախտի և կպչուն-սևեռուն խանգարման ախտանիշների հետ[2]։

Պատճառներ

խմբագրել

Բերանի խոռոչ

խմբագրել

Հալիտոզի շուրջ 90% դեպքերում տհաճ հոտի պատճառը գալիս է բերանի խոռոչից[5], և այդ դեպքում կոչվում է բերանային հալիտոզ։

Առավել տարածված պատճառներից է լեզվի, լնդերի լորձաթաղանթի տարբեր ախտավիճակների հետևանքով ձևավորված կենսաֆիլմը, որը հանդիսանում է տհաճ հոտի աղբյուր։ Հոտը հիմնականում առաջանում է սպիտակուցների քայքայումից առանձին ամինաթթուների, որոնց հետագա ճեղքումն ուղեկցվում է գարշահոտ գազերի (ցնդող ծծմբային միացություններ) արտադրությամբ[6]։

Բերանի տհաճ հոտը օրվա ընթացքում կարող է փոխվել՝ կախված ընդունած սննդից (սխտոր, սոխ, միս, ձուկ, պանիր), ծխելուց[7] և ալկոհոլի օգտագործումից, հատկապես սուր է արտահայտված առավոտյան արթնանալիս, քանի որ գիշերվա ընթացքում թթվածնի մուտքը բերանի խոռոչ կտրուկ պակասում է։ Բերանի տհաճ հոտը կարող է անցողիկ լինել և հաճախ անհետանում է ուտելուց, խմելուց, ատամները խոզանակով, ատամնաթելով մաքրելուց կամ հատուկ հեղուկներով բերանի խոռոչը ողողելուց հետո։ Բերանի տհաճ հոտը կարող է նաև լինել մշտական (քրոնիկ), որը տարբեր աստիճանների արտահայտված է բնակչության մոտ 25%-ի մոտ[8]։

 
Փառակալած լեզու։

Բերանի հալիտոզի ամենատարածված տեղակայումը լեզուն է[9]։ Բերանի տհաճ հոտի 80-90% դեպքերի հիմնական պատճառը լեզվի բակտերիաներն են[10], որոնք արտադրում են գարշահոտ միացություններ և ճարպաթթուներ։ Մեծ քանակությամբ բակտերիաներ կուտակվում են հատկապես լեզվի հետին հատվածում, որը համեմատաբար չոր է և վատ է մաքրվում, ինչը սննդային մնացորդների, մահացած էպիթելային բջիջների հետ միասին հիանալի միջավայր է ստեղծում անաէրոբ բակտերիաների աճի համար։ Այդ բակտերիաների անաէրոբ շնչառության արդյունքում առաջանում են նեխահոտով ուղեկցվող ինդոլ, սկատոլ, պոլիամիններ կամ ցնդող ծծմբային միացությունների (ծծմբաջրածին, մեթիլմերկապտան, դիմեթիլ սուլֆիդ), որոնք ունեն «նեխած ձվի հոտ»։ Լեզվի հետին հատվածի գարշահոտ արտադրող բակտերիաների առկայությունը չպետք է շփոթել լեզվի փառի հետ։ Բակտերիաներն անտեսանելի են անզեն աչքով, իսկ լեզվի՝ տարբեր աստիճանի արտահայտված սպիտակ փառ կարող է նկատվել մարդկանց մեծ մասի մոտ՝ անկախ հալիտոզի առկայությունից։ Այդուհանդերձ, «սպիտակ լեզուն», մի շարք այլ ախտավիճակներից բացի, հաճախ համարվում է նաև հալիտոզի նշան։

Լնդային ճեղքերը ատամների և լնդերի միջև գտնվող ակոսիկներ են, որոնք կարող են բորբոքվել՝ առաջացնելով լնդաբորբ (գինգիվիտ)։ Հարատամնային գրպանիկների բորբոքումը հանգեցնում է հարատամնաբորբի (պարոդոնտիտ)։ Լնդային այս և այլ բորբոքային հիվանդությունները ծանր աստիճանի հալիտոզի հաճախակի հանդիպող պատճառներից են։ Լնդաբորբ և հարատամնաբորբ հարուցող բակտերիաները գրամ բացասական մանրէներ են, որոնք արտադրում են ցնդող ծծմբային միացություններ, հիմնականում՝ մեթիլմերկապտան։ Ընդ որում, որքան ծանր է արտահայտված հարատամնաբորբը, այնքան շատ են արտադրվում այդ միացությունները, որոնք իրենք էլ կարող են նպաստել բորբոքային գործընթացին։ Այնուամենայնիվ, հարատամնաբորբով տառապող ոչ բոլոր հիվանդների մոտ է զարգանում հալիտոզ, և հալիտոզով ոչ բոլոր հիվանդներն ունեն հարատամնաբորբ։

Այլ պատճառներ

խմբագրել

Բերանի խոռոչի հալիտոզի նվազ տարածված պատճառներից են[11][12][13]՝

  • ատամնաբուժական հիվանդությունները (ատամնակարիես, ատամների քայքայում, նոր հեռացված ատամ, որի տեղում առաջանում է արյան մակարդուկով լցված խոռոչ՝ ստեղծելով բակտերիաների աճի համար կատարյալ միջավայր, ատամնաշարի շեղումներ, ոչ ճիշտ արված ատամնալիցք, որոնք կարող են սննդի մնացորդների, ուստիև բակտերիաների կուտակման պատճառ դառնալ, անորակ ատամնապրոթեզներ[14], ատամնաքարեր և ատամնափառ, առհասարակ բերանի խոռոչի ոչ պատշաճ կամ սխալ խնամք),
  • բերանի խոռոչի վիրուսային, սնկային վարակներ,
  • բերանի խոռոչի լորձաթաղանթի խոցոտում,
  • սով
  • սթրես
  • դաշտան, որի ընթացքում կնոջ շնչառության մեջ նկատվում է ցնդող ծծմբային միացությունների աճ,
  • բերանի խոռոչի չորություն (քսերոստոմիա

Քիթ և քթի հավելյալ ծոցեր

խմբագրել

Այս դեպքում քթանցքերից դուրս եկող արտաշնչած օդը ունի կտրուկ հոտ, որը տարբերվում է բերանի հոտից։ Այն կարող է պայմանավորված լինել քթի խոռոչի (ծոցերի) վարակներով կամ խոռոչում օտար մարմինների առկայությամբ[6][14]։

Հալիտոզը կարող է հանդիսանալ նաև քրոնիկ ռինոսինուսիտի ախտանիշ[15]։

Նշագեղձեր

խմբագրել

Նշագեղձերի ախտահարումներով պայմանավորված հալիտոզի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ[16]։ Ոմանք պնդում են, որ նշագեղձերի ախտահարումները հալիտոզի առաջացման երկրորդ ամենակարևոր պատճառն են բերանի խոռոչի հիվանդություններից հետո[16]։ Հալիտոզով կարող են ուղեկցվել քրոնիկական նշիկաբորբը, հարնշիկային թարախակույտը, ակտինոմիկոզը, նշագեղձերի սնկային ախտահարումները և այլն[16]։

Կերակրափող

խմբագրել

Կերակրափողի ստորին սեղմանը, որը կերակրափողի և ստամոքսի միջև գտնվող փական է, կարող է լիարժեք չփակվել ստոծանիական ճողվածքի պատճառով, ինչի հետևանքով ստամոքսի պարունակությունը ներթափանցում է կերակրափող, և գազերը դուրս են գալիս բերանի խոռոչով։ Ցենկերի դիվերտիկուլի դեպքում (կերակրափողի ըմպան-կերակրափողային անցման շրջանում հետին պատի արտափքում) ևս կարող է առաջանալ հալիտոզ սննդային մնացորդների կուտակումների պատճառով։

Ստամոքս

խմբագրել

Սովորաբար, ստամոքսը առանձին չի դիտարկում որպես հալիտոզի աղբյուր[5], քանի որ առողջ կերակրափողի դեպքում ստամոքսի պարունակությունը կամ գազերը չեն անցնում բերանի խոռոչ։

Համակարգային հիվանդություններ

խմբագրել

Որոշ համակարգային (ոչ բերանային) ախտավիճակներ ևս կարող են հանգեցնել տհաճ հոտով ուղեկցվող շնչառության, այդ թվում[17][18]՝

Թվացյալ հալիտոզ

խմբագրել

Բերանի գարշահոտի համար մասնագիտական օգնության դիմող անձանց գրեթե մեկ քառորդի մոտ այդ վիճակը չափազանցված անհանգստության դրսևորում է, որը հայտնի է որպես հալիտոֆոբիա կամ թվացյալ հալիտոզ։ Նրանք համոզված են, որ ունեն բերանի տհաճ հոտ, թեև երբեք որևէ մեկի օբյեկտիվ կարծիքը չեն հարցրել։ Այդ համոզմունքը կարող է լրջորեն անդրադառնալ անձի սոցիալական շփումների և կյանքի որակի վրա[20]։

Ախտորոշում

խմբագրել

Ինքնախտորոշում

խմբագրել

Մարդիկ հաճախ դժվարանում են որոշել սեփական շնչառության հոտը և դիմում են մտերիմների օգնությանը[21]։ Հալիտոզի ինքնագնահատման եղանակներից մեկը գդալով թեստն է, որի ժամանակ լեզվի հետին հատվածից գդալով քերում են փառը և հոտ քաշում։ Մեկ այլ տարածված եղանակ է թքի հոտի գնահատումը։ Այս դեպքում հարկավոր է լիզել դաստակը, թողնել թուքը չորանա և հոտ քաշել։

Ախտորոշում

խմբագրել

Հալիտոզի լաբորատոր ախտորոշման եղանակներից են՝

  • Հալիմետր․ ծծմբային միացությունների հայտնաբերման շարժական մոնիտոր, որն օգտագործվում է արտաշնչած օդի մեջ ծծմբաջրածնի և մեթիլմերկապտանի մակարդակները որոշելու համար։ Որոշ սննդամթերքներ (սոխ, սխտոր) օգտագործելուց հետո արտաշնչած օդում 48 ժամվա ընթացքում դեռևս պարունակվում են ծծմբային միացություններ՝ հանգեցնելով կեղծ դրական արդյունքների։ Հալիմետրը զգայուն է նաև ալկոհոլի նկատմամբ։ Ուստի հետազոտությունից առնվազն 12 ժամ առաջ հարկ է խուսափել ալկոհոլի օգտագործումից կամ ալկոհոլ պարունակող հեղուկներով բերանի ողողումից[22]։
  • Գազային քրոմատագրում. այս մեթոդը թույլ է տալիս բերանով արտաշնչած օդի նմուշում ճշգրիտ որոշել ցնդող ծծմբային միացությունների (ծծմբաջրածին, մեթիլմերկապտան, դիմեթիլ սուլֆիդ) մոլեկուլային մակարդակները[23]։
  • ԲԱՆԱ թեստ. այս թեստի միջոցով թքի մեջ N-բենզոիլ-DL-արգինին-2-նաֆթիլամիդ (ԲԱՆԱ) ֆերմենտի մակարդակի հիման վրա որոշվում է հալիտոզի հետ կապված անաէրոբ բակտերիաների առկայությունը։

Բացի գործիքային հետազոտություններից, հալիտոզի ախտորոշման համար շատ կարևոր են օրգանոլեպտիկ ցուցանիշների (հոտի մակարդակի և տեսակի) չափումները և գնահատումը համապատասխան մասնագետների կողմից[3][6]։

Դասակարգում

խմբագրել

Հալիտոզի համընդհանուր ընդունված դասակարգում գոյություն չունի[24]։

Առավել լայն կիրառում է գտել Miyazaki et al. դասակարգումը[25], թեև որոշ մասնագետների կարծիքով՝ այն չափազանց պարզեցված է և հիմնականում կիրառվում է ատամնաբուժական պրակտիկայում՝

  • իրական հալիտոզ
    • ա. ֆիզիոլոգիական հալիտոզ
    • բ. ախտաբանական հալիտոզ
      • (i) բերանային
      • (ii) արտաբերանային
  • կեղծ հալիտոզ
  • հալիտոֆոբիա

Tangerman-ի և Winkel-ի առաջարկած դասակարգումն[19][26] ընդգրկում է միայն իրական հալիտոզի դեպքերը՝

  • ներբերանային հալիտոզ
  • արտաբերանային հալիտոզ
    • ա. արյունածին հալիտոզ
      • (i) համակարգային հիվանդություններ
      • (ii) նյութափոխանակության հիվանդություններ
      • (iii) սննդային
      • (iv) դեղային
    • բ. ոչ արյունածին հալիտոզ
      • (i) վերին շնչուղիներ
      • (ii) ստորին շնչուղիներ

Նույն հեղինակների համաձայն՝ հալիտոզը բաժանվում է նաև ըստ հոտի բնույթի[19]՝

  • «ծծմբային կամ կղանքային» հոտ՝ առաջանում է ցնդող ծծմբային միացությունների, գլխավորապես՝ ծծմբաջրածնի, մեթիլմերկապտանի և դիմեթիլ սուլֆիդի արտադրության արդյունքում,
  • «մրգային» հոտ՝ առաջանում է դիաբետի ժամանակ կետոնների արտադրության արդյունքում,
  • «միզանման կամ ամոնիակային» հոտ՝ առաջանում է տրիմեթիլամինուրիայի (ձկան հոտի համախտանիշ) և ուրեմիայի (միզարյունություն) ժամանակ ամոնիակի, դիմեթիլամինի և տրիմեթիլամինի արտադրության արդյունքում։

Առաջարկվել է նաև հալիտոզի պատճառագիտական դասակարգում[27]՝

  • տեսակ 0 (ֆիզիոլոգիական)
  • տեսակ 1 (բերանային)
  • տեսակ 2 (շնչուղիների)
  • տեսակ 3 (ստամոքս-կերակրափողային)
  • տեսակ 4 (արյունածին)
  • տեսակ 5 (սուբյեկտիվ)

Պայքարի միջոցներ

խմբագրել

Հալիտոզի դեմ պայքարը ներառում է բակտերիաների քանակի նվազեցման ֆիզիկական կամ քիմիական միջոցներ, տհաճ հոտը քողարկող միջոցների օգտագործում և այլն[2]։

Մեխանիկական

խմբագրել

Բերանի խոռոչի պատշաճ հիգիենա (եթե պատճառը գալիս է բերանի խոռոչից)՝ ատամների և լեզվի մանրակրկիտ մաքրում, ատամնաթելի օգտագործում, ախտահանիչ կամ հակամանրէային լուծույթներով ողողումներ[24][28][29][30]։

Հիմնական հիվանդության բուժում

խմբագրել

Ատամների և բերանի խոռոչի լորձաթաղանթների ախտահարումների, ինչպես նաև հալիտոզի պատճառ հանդիսացող ներքին հիվանդությունների դեմ ուղղված բուժական միջոցառումների արդյունքում վիճակը զգալիորեն բարելավվում է։ Թվացյալ հալիտոզի դեպքում խորհուրդ է տրվում դիմել հոգեբանական օգնության[2]։

Համաճարակաբանություն

խմբագրել

Հալիտոզի տարածվածությունը դժվար է գնահատել մի քանի պատճառներով։ Նախ բերանի տհաճ հոտը սոցիալական ենթատեքստ ունի և կարող է խարան լինել անհատի համար, ինչի պատճառով մարդիկ հաճախ խուսափում են այդօրինակ հետազոտություններին մասնակցել կամ ճշգրիտ տվյալներ հայտնել։ Բացի այդ, հալիտոզի ախտորոշիչ չափանիշների և հայտնաբերման մեթոդների շուրջ համընդհանուր համաձայնություն չկա։ Այդ իսկ պատճառով հալիտոզի վերաբերյալ համաճարակաբանական տվյալները լայնորեն տատանվում են[31]։

Պատմություն, հասարակություն և մշակույթ

խմբագրել

Բերանի տհաճ հոտի մասին մեզ հայտնի ամենավաղ հիշատակումները գալիս են Հին Եգիպտոսից, որտեղ պատրաստում էին ատամի մածուկ մինչև անգամ նախքան Եգիպտական բուրգերի կառուցումը։ Մ․թ․ա․ 1550 թվականի Էբերսի պապիրուսում նկարագրված են բերանի տհաճ հոտի բուժման հաբեր, որոնց բաղադրության մեջ մտնում էին խունկ, դարչին, զմուռս և մեղր[32]։ Հիպոկրատական բժշկության մեջ բերանի տհաճ հոտից ազատվելու համար օգտագործում էին կարմիր գինու և համեմունքների խառնուրդներ[33]։ Ուշագրավ է, որ հալիտոզի բուժման համար այժմ խորհուրդ չեն տրվում ալկոհոլ պարունակող միջոցներ, քանի որ դրանք չորացնում են բերանի լորձաթաղանթը՝ խթանելով բակտերիաների աճը։ Հիպոկրատի կորպուս աշխատության մեջ նույնպես նկարագրված է մարմարի փոշու վրա հիմնված բաղադրատոմս բերանի տհաճ հոտով տառապող կանանց համար[34]։

Հին Չինաստանում կայսրերը պահանջում էին, որպեսզի այցելուներն ընդունելությունից առաջ չոր մեխակ ծամեն[32]։ Թալմուդում տհաճ հոտով շնչառությունը նկարագրվում է որպես հաշմանդամություն, որը կարող էր նույնիսկ ամուսնալուծության օրինական հիմք հանդիսանալ[11]։ Վաղ իսլամական աստվածաբանական տեքստերում շեշտվում էր, որ ատամները և լեզուն պետք է մաքրել միսվակով՝ պարսկական եղրևանու փայտանյութից պատրաստված հատուկ խոզանակով[11], որը, ըստ էության, նման է ծառի ոստերից պատրաստված բնական ատամի խոզանակի։

Բերանի տհաճ հոտը սոցիալական լուրջ խնդիր է և մեծ ուշադրության է արժանանում ժամանակակից հասարակությունում։ Օրինակ՝ ԱՄՆ-ում տարեկան 1 մլրդ դոլար է ծախսվում թարմ շնչառություն ապահովող տարատեսակ միջոցների վրա[12], թեև դրանց մեծ մասը կարճաժամկետ ազդեցություն ունի՝ ժամանակավորապես քողարկելով հոտը։

Ըստ գիտնականների՝ տհաճ հոտերի նկատմամբ բնազդային վախը կամ խորշանքը ձևավորվել է էվոլյուցիայի ընթացքում՝ փչացած սննդի աղբյուրներից և այլ պոտենցիալ վնասակար նյութերից խուսափելու համար[35]։ Առհասարակ մարմնի հոտը կարևոր դեր է խաղում զուգընկերոջ ընտրության մեջ[36], իսկ տհաճ հոտը կարող է ազդանշանել որևէ հիվանդության, ուստիև անողջամիտ ընտրության մասին։

Չնայած տհաճ հոտով շնչառության մասին տեղեկություններ առկա են դեռևս վաղ բժշկական արձանագրություններում՝ խնդրի շուրջ ձևավորված սոցիալական խարանի դրսևորումները ժամանակի ընթացքում փոխվել են, հնարավոր է, մասամբ սոցիալ-մշակութային գործոնների ճնշման ներքո։ Արդյունքում հալիտոզի բացասական հոգեսոցիալական ասպեկտները հետզհետե վատթարացել են։ Դրա վառ օրինակն է ժամանակակից հասարակությունում հալիտոֆոբիայի կամ կեղծ հալիտոզի զարգացումը, որի պատճառով արձանագրվել են անգամ ինքնասպանության դեպքեր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Harper, Douglas. «halitosis». Online Etymology Dictionary.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Kap2016» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. 3,0 3,1 Loesche, WJ; Kazor, C (2002). «Microbiology and treatment of halitosis». Periodontology 2000. 28: 256–79. doi:10.1034/j.1600-0757.2002.280111.x. PMID 12013345.
  4. Harvey-Woodworth, CN (2013 թ․ ապրիլ). «Dimethylsulphidemia: the significance of dimethyl sulphide in extra-oral, blood borne halitosis». British Dental Journal. 214 (7): E20. doi:10.1038/sj.bdj.2013.329. PMID 23579164.
  5. 5,0 5,1 Rosenberg, M (2002). «The science of bad breath». Scientific American. 286 (4): 72–9. doi:10.1038/scientificamerican0402-72. PMID 11905111.
  6. 6,0 6,1 6,2 Rosenberg, M (1996). «Clinical assessment of bad breath: Current concepts». Journal of the American Dental Association. 127 (4): 475–82. doi:10.14219/jada.archive.1996.0239. PMID 8655868.
  7. Zalewska, A; Zatoński, M; Jabłonka-Strom, A; Paradowska, A; Kawala, B; Litwin, A (2012 թ․ սեպտեմբեր). «Halitosis--a common medical and social problem. A review on pathology, diagnosis and treatment». Acta Gastro-enterologica Belgica. 75 (3): 300–9. PMID 23082699.
  8. Bosy, A (1997). «Oral malodor: Philosophical and practical aspects». Journal (Canadian Dental Association). 63 (3): 196–201. PMID 9086681.
  9. Nachnani, S (2011). «Oral malodor: Causes, assessment, and treatment». Compendium of Continuing Education in Dentistry (Jamesburg, N.J. : 1995). 32 (1): 22–4, 26–8, 30–1, quiz 32, 34. PMID 21462620.
  10. «Scientists find bug responsible for bad breath». Reuters. 2008 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 29-ին.
  11. 11,0 11,1 11,2 Winkel EG (2008). «Chapter 60: Halitosis Control». In Lindhe J, Lang NP, Karring T (eds.). Clinical periodontology and implant dentistry (5th ed.). Oxford: Blackwell Munksgaard. էջեր 1324–1340. ISBN 978-1405160995.
  12. 12,0 12,1 Quirynen M, Van den Velde S, Vandekerckhove B, Dadamio J (2012). «Chapter 29: Oral Malodor». In Newman MG, Takei HH, Klokkevold PR, Carranza FA (eds.). Carranza's clinical periodontology (11th ed.). St. Louis, Mo.: Elsevier/Saunders. էջեր 331–338. ISBN 978-1-4377-0416-7.
  13. Scully, Crispian (2008). Oral and maxillofacial medicine : the basis of diagnosis and treatment (2nd ed.). Edinburgh: Churchill Livingstone. ISBN 978-0443068188.
  14. 14,0 14,1 Scully C, Rosenberg M. Halitosis. Dent Update. 2003 May;3
  15. Ferguson, M (2014 թ․ մայիսի 23). «Rhinosinusitis in oral medicine and dentistry». Australian Dental Journal. 59 (3): 289–295. doi:10.1111/adj.12193. PMID 24861778.
  16. 16,0 16,1 16,2 Ferguson, M; Aydin, M; Mickel, J (2014 թ․ օգոստոսի 5). «Halitosis and the Tonsils: A Review of Management». Otolaryngology–Head and Neck Surgery. 151 (4): 567–74. doi:10.1177/0194599814544881. PMID 25096359.
  17. Tangerman, A (2002). «Halitosis in medicine: A review». International Dental Journal. 52 Suppl 3: 201–6. doi:10.1002/j.1875-595x.2002.tb00925.x. PMID 12090453.
  18. Tonzetich, J (1977). «Production and origin of oral malodor: A review of mechanisms and methods of analysis». Journal of Periodontology. 48 (1): 13–20. doi:10.1902/jop.1977.48.1.13. PMID 264535.
  19. 19,0 19,1 19,2 Tangerman, A; Winkel, EG (2010 թ․ մարտ). «Extra-oral halitosis: an overview». Journal of Breath Research. 4 (1): 017003. doi:10.1088/1752-7155/4/1/017003. PMID 21386205.
  20. Lochner, C; Stein, DJ (2003). «Olfactory reference syndrome: Diagnostic criteria and differential diagnosis». Journal of Postgraduate Medicine. 49 (4): 328–31. PMID 14699232.
  21. Eli, I; Baht, R; Koriat, H; Rosenberg, M (2001). «Self-perception of breath odor». Journal of the American Dental Association. 132 (5): 621–6. doi:10.14219/jada.archive.2001.0239. PMID 11367966.
  22. Rosenberg, M; McCulloch, CA (1992). «Measurement of oral malodor: Current methods and future prospects». Journal of Periodontology. 63 (9): 776–82. doi:10.1902/jop.1992.63.9.776. PMID 1474479.
  23. Andreas Filippi,"Halitosis- a review". Oralprophylaxe & Kinderzahnheilkunde 31 (2009) 4: 173-174.
  24. 24,0 24,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Fed2008» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  25. Miyazaki, H; Arao, M; Okamura, K; Kawaguchi, Y; Toyofuku, A; Hoshi, K; Yaegaki, K. (1999). «[Tentative classification of halitosis and its treatment needs] (Japanese)». Niigata Dental Journal. 32: 7–11.
  26. Tangerman, A (2002 թ․ հունիս). «Halitosis in medicine: a review». International Dental Journal. 52 Suppl 3: 201–6. doi:10.1002/j.1875-595x.2002.tb00925.x. PMID 12090453.
  27. Aydin, M; Harvey-Woodworth, CN (2014 թ․ հուլիսի 11). «Halitosis: a new definition and classification». British Dental Journal. 217 (1): E1. doi:10.1038/sj.bdj.2014.552. PMID 25012349.
  28. «Bad breath - Diagnosis and treatment - Mayo Clinic». www.mayoclinic.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  29. Van der Sleen, Mi; Slot, De; Van Trijffel, E; Winkel, Eg; Van der Weijden, Ga (2010 թ․ նոյեմբերի 1). «Effectiveness of mechanical tongue cleaning on breath odour and tongue coating: a systematic review». International Journal of Dental Hygiene (անգլերեն). 8 (4): 258–268. doi:10.1111/j.1601-5037.2010.00479.x. ISSN 1601-5037. PMID 20961381.
  30. Outhouse, TL; Al-Alawi, R; Fedorowicz, Z; Keenan, JV (2006 թ․ ապրիլի 19). «Tongue scraping for treating halitosis». The Cochrane Database of Systematic Reviews (2): CD005519. doi:10.1002/14651858.CD005519.pub2. PMID 16625641.
  31. Cortelli, JR; Barbosa, MD; Westphal, MA (2008). «Halitosis: a review of associated factors and therapeutic approach». Brazilian Oral Research. 22 Suppl 1: 44–54. doi:10.1590/s1806-83242008000500007. PMID 19838550.
  32. 32,0 32,1 Tayara, Rafif; Riad Bacho. «Bad breath: What's The Story?». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  33. Hippocratic Corpus
  34. Rosenberg, edited by Mel (1998). Bad breath : research perspectives (2. ed.). Tel Aviv: Ramot Publishing. ISBN 978-9652741738. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  35. Hoover, KC (2010). «Smell with inspiration: the evolutionary significance of olfaction». American Journal of Physical Anthropology. 143 Suppl 51: 63–74. doi:10.1002/ajpa.21441. PMID 21086527.
  36. Grammer, K; Fink, B; Neave, N (2005 թ․ փետրվարի 1). «Human pheromones and sexual attraction». European Journal of Obstetrics, Gynecology, and Reproductive Biology. 118 (2): 135–42. doi:10.1016/j.ejogrb.2004.08.010. PMID 15653193.