Բասմաչություն
Բասմաչություն (ռուս.՝ Басмачество, թուրք. բասմակ` անակնկալ հարձակվել), ազգայնական զինված շարժում Միջին Ասիայում 1917-1926-ին՝ ուղղված Ռուսական կայսրության և խորհրդային ուժերի դեմ։
Բասմաչության գլխավոր գաղափարներն էին պանիսլամիզմը, պանթյուրքիզմը, ազգայնականությունը։ Անմիջական ղեկավարներն էին «Շուրա-ի-իսլամ», «Ուլե-մա», «Ալաշ» և այլ կազմակերպություններ, որոնք, 1917-ին ստեղծելով Կոկանդի ինքնավար կառավարությունը, կազմեցին բասմաչների գնդեր և ձեռնարկեցին զինված հարձակումներ խորհրդային ուժերի դեմ` նպատակ ունենալով Թուրքեստանն անջատել ՌԽՖՍՀ-ից։ Բասմաչությունը իր հզորության գագաթնակետին հասավ 1919 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ Ֆերգանայի բասմաչների և կուլակների զինված ուժերը զավթեցին Օշը, Ջելալ-Աբադը, շրջափակեցին Անդիժանը և սկսեցին սպառնալ Ֆերգանային։ Թուրքեստանի ռազմաճակատի հրամանատար Միխայիլ Ֆրունզեի զորքերը 1920-ին պարտության մատնեցին բասմաչներին։ 1921-ի հոկտեմբերին Բուխարա ժամանեց Թուրքիայի նախկին ռազմական նախարար, ռազմական հանցագործ, 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Էնվեր փաշան, որին հաջողվեց միացյալ բանակի (մոտ 16 հազար մարդ) մեջ միավորել բասմաչների ցաքուցրիվ հրոսակախմբերը և 1922-ի գարնանը զավթել Բուխարայի Ժողովրդական Խորհրդային Հանրապետության տարածքների զգալի մասը։ Խորհրդային կառավարությունը և ՌԿ(բ)Կ Կենտկոմը վճռական միջոցներ ձեռնարկեցին Էնվեր փաշայի բասմաչների դեմ։ Կարմիր բանակի կանոնավոր զորամասերին մեծ օգնություն ցուցաբերեցին դեհկանների ինքնապաշտպանական, կամավոր միլիցիայի ջոկատները։ 1922-ի հունիս-հուլիսին Էնվերի բանակը պարտվեց, իսկ փաշան սպանվեց ընդհարումներից մեկի ժամանակ Հակոբ Մելքումովի հրամանատարության տակ գտնվող հեծելազորային բրիգադի կողմից օգոստոսին։
Գրականություն
խմբագրել- Ленин В. И., О Средней Азии и Казахстане, Ташкент, 1960;
- Иностранная военная интервенция и гражданская война в Средней Азии и Казахстане. Алма-Ата, 1963-1964;
- Мелькумов Я. А., Туркестанцы, М., 1960
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 304)։ |