Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
(Վերահղված է Բաթավիայի թեմից)

Հնդկաստանի և ծայրագույն արևելքի հայրապետական պատվիրակություն[1], Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորս պատվիրակություններից մեկը, որը կազմավորվել է 1958 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Պատվիրակության կենտրոններն են Կալկաթա և Սիդնեյ քաղաքները։ Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակն է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը (1981 թվականից)։

Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակություն
Պատկերանիշ
ՏեսակՀայ առաքելական եկեղեցու թեմ
Մասն էՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հիմնադրման թվական1958
Երկիր Հնդկաստան,  Բանգլադեշ,  Մյանմա,  Սինգապուր,  Չինաստան և  Ինդոնեզիա
ԳլխամասԿալկաթա, Հնդկաստան

Պատմություն խմբագրել

Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայ համայնքները 16-րդ դարից եղել են Իրանա-Հնդկաստանի թեմի կազմում, 1958 թվականին անջատվել են թեմից և անմիջականորեն ենթարկվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին։ 1958 թվականին Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանը նշանակվել է Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի (Չինաստան, Ինդոնեզիա, Սինգապուր, Բանգլադեշ, Բիրմա (1989 թվականից՝ Մյանմա), Ավստրալիա և Նոր Զելանդիա) հայրապետական պատվիրակ։ 1968 թվականին Ավստրալիան և Նոր Զելանդիան անջատվել են և հռչակվել առանձին թեմ։ 1980 թվականին Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Հնդկաստանի և ծայրագույն արևելքի հայրապետական պատվիրակությունը հանձնվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց առաջնորդարանի (Սիդնեյ) իրավասությանը՝ մինչև նոր տնօրինություն։

Եկեղեցիներ խմբագրել

Ծայրագույն արևելքի (Չինաստան, Ինդոնեզիա, Սինգապուր, Բանգլադեշ, Մյանմա, Ֆիլիպիններ) հայ համայնքները կազմավորվել են 17-րդ դարում։ Չինաստանի Հարբին քաղաքում 1920-ական թվականներին կառուցվել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Շանհայում՝ մատուռ։ Ջակարտայում (Ինդոնեզիա) կառուցվել է Սուրբ Հովհաննես (1852) եկեղեցին, Սուրաբայայում՝ Սուրբ Գևորգը (1927)։ Հայ համայնք չլինելու պատճառով Չինաստանի և Ինդոնեզիայի եկեղեցիներն այլևս հայկական չեն։

Դաքքայում (Բանգլադեշ) կառուցվել է Սուրբ Հարություն (1781), Յանգոնում (Մյանմա)՝ սուրբ Հովհաննես Մկրտիչ (1862), Սինգապուրում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (1885, չգործող) եկեղեցիները։ Հարուստ անցյալ ունեցող այս գաղութներում այսօր հատուկենտ հայեր են բնակվում։ Մնացել են անցյալի փառքի խոսուն վկաներ եկեղեցիները և շիրմաքարերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: