Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ[1] Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Ավստրալիա մայրցամաքի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող միակ թեմը, որը ներկայացնում է առաքելական ավստրալահայության ու նորզելանդահաության հոգևոր կյանքը։ Հանդիսանում է Էջմիածնից ամենահեռու գտնվող կրոնական կազմակերպությունը։

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդարան

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդն է Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը (1981 թվականից)։ Առաջնորդանիստը՝ Սիդնեյի սուրբ Հարություն եկեղեցի։

Պատմություն խմբագրել

Թեմը կազմավորվել է 1968 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Դեռևս 1950-ական թվականների սկզբին Սիդնեյում և Մելբուռնում կազմակերպվել են հայ եկեղեցական համայնքներ և եկեղեցական վարչություններ՝ առանց շենք ու եկեղեցի ունենալու։ Առաջին հայ հոգևորականը, որը Ավստրալիա (Սիդնեյ) է եկել 1954 թվականին, եղել է Ասողիկ ծայրագույն վարդապետ Ղազարյանը (1957 թվականից՝ եպիսկոպոս)։ 1958 թվականին նա նշանակվել է Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի (Հնդկաստան, Բանգլադեշ, Բիրմա, Չինաստան, Թաիլանդ, Սինգապուր, Ինդոնեզիա, Ճապոնիա, Ֆիլիպիններ), ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ գաղութների հայրապետական պատվիրակ (կենտրոնները՝ Սիդնեյ և Կալկաթա)։ 1966 թվականին Գարեգին եպիսկոպոս Գազանճյանը (Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք՝ 1990-1998 թվականներին) նշանակվել է պատվիրակի փոխանորդ, իսկ 1968 թվականին՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի նորաստեղծ թեմի առաջնորդ։

Եկեղեցիներ խմբագրել

 
Սիդնեյից ոչ հեռու գտնվող հայկական հուշարձան

Սիդնեյում հայ համայնքի առաջին եկեղեցին՝ սուրբ Հարությունը, օծվել է 1957 թվականին։ 1965 թվականին քաղաքի հայաշատ արվարձաններից մեկում գնվել է եկեղեցի, որը 1976 թվականին և 1991 թվականին վերակառուցվել է հայկական ճարտարապետական ոճով։ Եկեղեցուն կից գործում են շաբաթօրյա ազգային վարժարան, Տիկնանց միություն, Երիտասարդական միություն, թատերական, մարզական և այլ խմբեր։ 1955 թվականից հրատարակվում է «Լույս» կրոնաեկեղեցական ամսաթերթը։ Սիդնեյում մասնաճյուղեր ունեն Թեքեյան մշակութային միությունը և հայ մարմամարզական միությունը։

Մելբուռնի հայ համայնքի առաջին եկեղեցին՝ սուրբ Աստվածածինը, գործում է 1962 թվականից։ 1976 թվականին համայնքը քաղաքի հայաշատ արվարձանում ձեռք է բերել ավելի մեծ եկեղեցի՝ կից սրահներով և գրասենյակային հարմարություններով։ Այստեղ ևս գործում են եկեղեցու վարչություն, եկեղեցուն կից՝ շաբաթօրյա վարժարան (1985 թվականից), Տիկնանց, Երիտասարդաց և այլ միություններ։ 1966 թվականից լույս է տեսնում «Հույս» երկամսյա պարբերականը։ Ավստրալահայ համայնքի ազգային, կրթական գործը ղեկավարում է թեմի առաջնորդի նախագահությամբ գործող թեմական խորհուրդը՝ բաղկացած 7 հոգուց (4-ը՝ Սիդնեյից, 3-ը՝ Մելբուռնից)։ Խորհրդին կից գործում է թեմական ունեցվածքը համակարգող-տնօրինող մարմին։

Նոր Զելանդիայում բնակվող շուրջ 60 հայ ընտանիքները կենտրոնացած են գլխավորապես Օքլենդ քաղաքում։ Վերջինս Երևանից ամենահեռու գտնվող մայրաքաղաքն է, ինչպես նաև պատմական հայրենիքից ամենահեռու հայկական գաղթավայրը։ Համայնքի հոգևոր կարիքները հոգում են այցելու հոգևորականները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: