Բաբկեն Հարոյան

հայ մանկավարժ

Բաբկեն Միսակի Հարոյան (1916, Նախիջեւան (գիւղ Արեւմտեան Հայաստանում) - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1941): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Բաբկեն Հարոյան
Ծնվել է1916
ԾննդավայրՆախիջեւան (գիւղ Արեւմտեան Հայաստանում)
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Բաբկեն Հարոյանը ծնվել է 1916 թվականին Ղարսի նահանգի Նախիջևան գյուղում։ 1918 թվականի գարնանը գաղթի ճանապարհին կորցրել է հորը։ Շուրջ երեք տարի գաղթի ճանապարհներն անցնելուց հետո հանգրվանել է Թալինի շրջանի Փիրմալաք (այժմ՝ Արեգ) գյուղում։ Ավարտել է Թալինի միջնակարգ դպրոցը և զբաղվել մանկավարժական աշխատանքով նախ Արալղ գյուղում, ապա՝ շրջկենտրոնի միջնակարգ դպրոցներում։ Ընտրվել է ՀԼԿԵՄ Թալինի շրջկոմի առաջին քարտուղար։ 1941 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։

1941 թվականի սեպտեմբերին կամավոր մեկնել է կարմիր բանակ, ծառայել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատի 236-րդ հրաձգային դիվիզիայի մարտական միավորումներում՝ որպես քաղղեկի տեղակալ։ Մասնակցել է Կովկասի պաշտպանության մարտերին։ 1943 թվականին ավարտել է Խարկովի սպայական դպրոցը, լեյտենանտի կոչումով նշանակվել է կապի դասակի հրամանատար՝ 1-ին ուկրաինական ռազմաճակատի 14-րդ գվարդիական հրաձգային ստորաբաժանումներում, մասնակցել է Ուկրաինայի, Ռումինիայի, Լեհաստանի ազատագրմանը։ Մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, մի շարք մեդալներով ու շնորհակալագրերով։ 1944 թվականին Լեհաստանի Մելեց քաղաքի ազատագրման ժամանակ ծանր վիրավորվել է, բուժվելուց հետո որպես պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ զորացրվել է[1]։

1949 թվականին ավարտել է ՀԿԿ Կենտկոմին առնթեր երկամյա կուսակցական դպրոցը։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1949-1963 թվականներին եղել է Թալինի շրջանային «Կոմունիզմի դրոշով» թերթի խմբագիր, աշխատել է շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, շրջանային խորհրդի գործկոմի կազմակերպական, ապա՝ մշակույթի բաժնի վարիչ[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել