Արևածաղկի ձեթ
Արևածաղկի ձեթ, բուսական յուղ, ստացվում է արևածաղկի ձիթատու տեսակների սերմերից։ Աշխարհում արևածաղկի ձեթ արտադրող առաջատար երկրներից են Ռուսաստանն ու Ուկրաինան[1]։
Պատմություն
խմբագրելԱ րևածաղիկի, որպես մշակութային բույսի, էվոլյուցիան տեղի է ունեցել Ռուսական կայսրությունում[2]։ Արևածաղկի արդյունաբերական վերամշակման սկիզբը, որպես ձիթատու մշակույթ, կապված է Դանիիլ Բոկարյովի անվան հետ։ 1829 թվականին նա արևածաղկի սերմերից յուղ ստանալու միջոց է հորինել։ Չորս տարի անց՝ 1833 թվականին, Վորոնեժի մարզի Ալեկսեևկա գյուղարվարձանում (այժմ Բելգորոդի մարզ), վաճառական Պապուշինը, Բոկարյովի աջակցությամբ, Ռուսաստանում կառուցել է առաջին յուղահան գործարանը։ 1834 թվականին Բոկարյովը բացեց իր սեփական յուղահան գործարանը։ 1835 թվականին սկսվեց յուղի արտահանումն արտասահման։ 1860 թվականին մոտ Ալեկսեևկայում կար մոտ 160 յուղահան գործարան։
Հատկություններ
խմբագրելԱրևածաղկի հում ձեթն ունի հաճելի համ ու հոտ։ Խտությունը 10 °C-ում 920—927 կգ/մ3 է, սառչում է −16 −19 °C-ում, բռնկման ջերմաստիճանը փակ տարածքում բարձր է 180 °C -ից, ծխելիության ջերմաստիճանը 232 °C է[3], կինեմատիկական մածուցիկությունը 20 °C — 60,6⋅10−6 մ2/վ է, սակայն չի հանդիսանում Նյուտոնյան հեղուկ (Դեբորի թիվը մոտավորապես 0,5 է)։ Յոդային թիվը 119-136 է, հիդրոքսիլային թիվը՝ 2—10,6։
Արևածաղկի հում չզտված ձեթը լինում է հետյալ տեսակների.
- մամլած (այսպես կոչված՝ սառը ճզման)
- լուծաճզմած
Այդ յուղերը արտադրվում են յուղալուծաճզման գործարաններում։
Արևածաղկի ձեթը դասվում է կիսաչորացող բուսական յուղերի շարքին։ Բարակ շերտով օդի թթվածնի հետ ազդեցության դեպքում այն սենյակային ջերմաստիճանում ձևավորում է փափուկ կպչուն թաղանթ։ Կիսաչորացող յուղերին են պատկանում արևածաղկի, սոյայի, սորուկի, սաֆլորի, խաշխաշի և այլ յուղեր[4]։
Համաշխարհային արտադրություն
խմբագրել2014 թվականին աշխարհում արևածաղկի յուղի ընդհանուր արտադրությունը կազմել է 15,8 մլն տոննա[5]։ Խոշորագույն արտադրողներն են Ուկրաինան և Ռուսաստանը, որոնց բաժին է ընկնում համաշխարհային արտադրության 53%-ը։ 2019 թվականի արդյունքներով Ռուսաստանում արևածաղկի յուղի արտադրությունը կազմել է արդեն 7,9 մլն տոննա[6], արտադրանքի ավելի քան մեկ երրորդը ուղղվել է արտահանման, որը կազմել է 3,1 մլն տոննա և գնահատվել է 2,21 մլրդ ԱՄՆ դոլար[7]։
Արևածաղկի ձեթի խոշորագույն արտադրողները (հազար տոննա) | |||
---|---|---|---|
Երկիր | 2014թ․ | ||
Ուկրաինա | 4400 | ||
Ռուսաստան | 4060 | ||
Արգենտինա | 932 | ||
Թուրքիա | 722 | ||
Ֆրանսիա | 633 | ||
Հունգարիա | 566 | ||
Իսպանիա | 504 | ||
Ռումինիա | 455 | ||
Բուլղարիա | 318 | ||
Չինաստան | 300 |
Արտադրության տեխնոլոգիա
խմբագրելՅուղի ստացման աղբյուրը արևածաղկի սերմերն են։ Որպես կանոն, յուղաճզման գործարանները աշխատում են արտադրության հետևյալ տեխնոլոգիայի կիրառմամբ.
- Թեփահարման-հովհարման զատումով տեղի է ունենում սերմերի աղբից մաքրումը, թեփահարումը, միջուկի կճեպից մաքրումը։
- Միջուկից գլանային զատումով, վերջինիս գլանների միջով անցկացնելով ստանում են տրորված զանգված և այն տեղափոխում են մամլման բաժին։
- Տրորված զանգվածը մամլման բաժնում, բովարանում անցնելով ջերմային մշակում, տեղափոխվում է ճզման, որտեղ տեղի է ունենում յուղի ճզմումը։ Մամլված յուղն ուղարկվում է պահպանման և պարզազատման, իսկ ստացված զանգվածը (յուղի բարձր մնացորդային պարունակությամբ՝ մինչև 22 %), որը կոչվում է կակղակեղև, ուղարկվում է յուղի արտադրամաս։ Եթե կակղակեղևը ճզմվում է մինչև մնացորդային յուղի 8-9 % պարունակության, այս այն կոչվում քուսպ։
- Ճզմումից հետո մնացած զանգվածից յուղի լուծազտումը կատարվում է հատուկ սարքում՝ օրգանական լուծիչների (առավել հաճախ՝ արդյունահանման բենզիններ) օգնությամբ։ Արդյունքում ստացվում է լուծիչի մեջ յուղի և յուղազատ պինդ մնացորդի խառնուրդ։
- Լուծազատման և մամլման արտադրամասից հետո ստացված արտադրանքը ուղարկվում է հետագա մաքրման կամ զտման, հարակից օրգանական խառնուրդներից յուղի մաքրման։ Վերջին մեթոդին են վերաբերվում.
- պարզազատում
- ցենտրիֆուգացում
- ֆիլտրում
- ծծմբաթթվային և կալաքարային ռաֆինացում
- հիդրատացում
- սպիտակեցում
- հոտազատում
- սառեցում (յուղի սառեցում մինչև 10-12 C°, մոմի բյուրեղների ձևավորման նպատակով, որոնք այնուհետև ֆիլտրվում են)
Արևածաղկի քուսպից արժեքավոր կեր են ստանում։ Արևածաղկի կերը բարձր սպիտակուցային կեր է համարվում և մտնում է անասունների, թռչունների և ձկների սննդի օրաբաժնի մեջ։ Նրանում հում սպիտակուցի պարունակությունը (ոչ թաց, այլ՝ հենց հում)30-41 % է կազմում (վերամշակվելով բացարձակապես չոր նյութի) և մեծապես կախված է տրորված զանգվածի վերամշակման և մաքրման աստիճանից։
Բաղադրություն
խմբագրելՃարպաթթուների պարունակությունը արևածաղկի յուղում (%-ներով). ստեարինաթթու՝ 1,6-4,6, պալմիտինաթթու՝ 3,5-6,4, միրիստինաթթու՝ մինչև 0,1, արախինաթթու՝ 0,7-0,9, օլեինաթթու՝ 24-40, լինոլաթթու՝ 46-62, լինոլաթթու՝ մինչև 1։ Ճարպաթթուների միջին մոլեկուլային զանգվածը 275-286 է։ Պոլիչհագեցած ճարպաթթուներից արևածաղկի յուղը պարունակում է ընդամենը 1% «օմեգա 3» թթուներ[8], իսկ գերակշռում են «օմեգա 6» չհագեցած ճարպաթթուները։
Ֆոսֆոր նյութերի, տոկոֆերոլների, մոմանյութերի, խոնավության, ցնդող նյութերի, ոչ ճարպային խառնուրդների պարունակությունը, գունային թվի մեծությունը, թափանցելիությունը, պերօքսիդի թիվը, բռնկման ջերմաստիճանը, ինչպես նաև տեսակը կախված է յուղի ճզման մեթոդից և հետագա վերամշակման եղանակից, փոփոխվելով լայն սահմաններում։ Օրինակ, α-տոկոֆերոլ (վիտամին E) կարևոր հակաօքսիդանտի պարունակությունը կարող է լինել 46-ից մինչև 60 մգ% (46-ից մինչև 60 մգ՝ 100 գ յուղի համար)[9]։ Լուծաճզման մեթոդով ստացված յուղն անցնում է 180-230 °C ջերմաստիճանի սուր գոլորշով լուծիչի հեռացման գործընթաց, ինչը կարող է զգալիորեն նվազեցնել α-տոկոֆերոլի պարունակությունը։ Այնուամենայնիվ, համեմատած այլ ձիթատու բույսերի հետ, արևածաղկի զտված ձեթի մեջ α-տոկոֆերոլի պարունակությունը ամենաբարձրներից մեկն է։ Օրինակ, ցանկացած պատրաստման տեխնոլոգիայով ձիթապտղի յուղում բոլոր տոկոֆերոլները պարունակվում են ոչ ավելի, քան 5 մգ %[10]։
Ինչպես բոլոր բուսական մթերքները, արևածաղկի յուղը չի կարող խոլեսթերին պարունակել (ինչը, գովազդային նպատակներով, երբեմն հատուկ ընդգծվում է արտադրողների կողմից)։ Խոլեսթերինը հանդիսանում է կենդանիների բջիջների բաղադրիչ մեմբրան, իսկ բուսական բջիջներում հանդես է գալիս իր անալոգը՝ ֆիտոսթերինը, որն արևածաղկի յուղի մեջ գոյություն ունի չափազանց քիչ քանակությամբ։
Կիրառություն
խմբագրելԱրևածաղկի ձեթը նախկին ԽՍՀՄ տարածքում կարևորագույն բուսական յուղերից մեկն է, որը մեծ Ժողովրդա-տնտեսական նշանակություն ունի։ Խոհանոցում այն օգտագործվում է տապակելու և աղցաններ պատրաստելու համար։ Դրանից արտադրում են մարգարին և խոհարարական ճարպեր (հիդրատացման միջոցով)։ Արևածաղկի ձեթն օգտագործվում է պահածոների արտադրության, ինչպես նաև օճառի և ներկերի արդյունաբերության մեջ։ Արևածաղկի ձեթը ներառվում է տարբեր քսուքների կազմում։ Հաճախ օգտագործվում է շարժակազմի առանցքակալների, բարձր ճշգրտությամբ սռնակների համար։ Արևածաղկի յուղը կարող է օգտագործվել կերոսինային լամպերի լիցքավորման համար։ Արևածաղկի ձեթն ունի լավ դիէլեկտրիկ հատկություններ՝ քիչ խոնավություն պարունակելու շնորհիվ, հայտնի են ավելի քան 100 կՎ ելքային լարմով տրանսֆորմատորների և բազմապատկիչների մեկուսացման համար արևածաղկի ձեթի օգտագործման օրինակներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Faostat
- ↑ Жуковский П. М. Культурные растения и их сородичи. — Л.: Колос, 1971. С. 360
- ↑ Զտված ձեթինը։ Չզտված ձեթինը 107 °C է։
- ↑ ГОСТ 21314-75.
- ↑ «Sunflower oil production in 2014; Crops processed/Regions/Production quantity (pick list)». United Nations Food and Agriculture Organization, Statistics Division (FAOSTAT). 2017. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Рынок подсолнечного масла в России: исследование и прогноз до 2024 г. Выпуск: июнь, 2020 г. - Маркетинговое исследование: анализ и обзор, прогнозные показатели рынка». Маркетинговое Агентство ROIF EXPERT (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Рынок подсолнечного масла в России 2020: Экспортная выручка превысила 2 миллиарда долларов». Маркетинговое Агентство ROIF EXPERT (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Гусева, Д. А., et al. Антиоксидантная активность растительных масел с разным соотношением омега-6/омега-3 жирных кислот // Биомедицинская химия 56.3 (2010): 342-350.
- ↑ Подсолнечник. [научные труды ВАСХНИЛ] Под ред. акад. Пустовойт В. С. М., Колос, 1975 г.
- ↑ Беззубов Л. П. Химия жиров. М. 1956 г.