Արփեն Դավթյան

հայ հեղափոխական, կուսակցական և ռազմական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արփեն Աբրահամի Դավթյան (նաև Դավիթյան, նաև հայտնի Արմենակ Մանուկյան, Տարով և Անդրե կեղծանուններով, նոյեմբերի 5, 1895(1895-11-05)[1], Ազատաշեն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 21, 1944(1944-02-21)[2], Ֆորտ Մոն Վալերիեն, Սյուրեն), հայ հեղափոխական, կուսակցական և ռազմական գործիչ, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ֆրանսիական պարտիզանական շարժման մասնակից, Միսաք Մանուշյանի ղեկավարած զինյալ խմբավորման անդամ։

Արփեն Դավթյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1895(1895-11-05)[1]
ԾննդավայրԱզատաշեն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 21, 1944(1944-02-21)[2] (48 տարեկան)
Մահվան վայրՖորտ Մոն Վալերիեն, Սյուրեն
ԳերեզմանCimetière parisien d'Ivry
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՄասնագիտությունՖրանսիական դիմադրության մարտիկ և հեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունLeft Opposition? և FTP-MOI de la région parisienne?

Կենսագրություն խմբագրել

Արփեն Դավթյանի ծննդյան վայրի ու տարեթվի մասին գոյություն ունի երկու վարկած. նրա փաստաթղթերը վկայում այն մասին, որ նա ծնվել է 1898 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիում, իսկ նրա մարտական ընկեր և մտերիմ Տիրան Ոսկերիչյանի պնդմամբ՝ Դավթյանը ծնվել է 1895 թվականի նոյեմբերի 5-ին Գորիսի շրջանի Ազատաշեն գյուղում։ Հայրը աղյուսագործ էր, իսկ ինքը՝ Դավթյանը տասնչորս տարեկանից աշխատել է Թիֆլիսում որպես մեխանիկ, ապա տպագրիչ։ Ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց[4]։

Միացել է Վրաստանի բոլշևիկյան կուսակցությանը 1917 թվականին, ապա հաջորդ տարին՝ Կարմիր բանակին։ Մասնակցել է մարտերին Բաքվի կոմունայի համար։ Օգոստոսին գերեվարվել է Բաքուն գրաված բրիտանական զորքերի կողմից, սակայն նրան հաջողվել է փախչել Թեհրան[4]։ Եղել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի Կոմունիստական կուսակցությունների կենտրոնական կոմիտեներում հրահանգիչ-կազմակերպիչ[4]։ 1923 թվականից սովորել է Թիֆլիսում՝ Անդրկովկասի կոմունիստական համալսարանում, որտեղից 1925 թվականին հեռացվել է տրոցկիզմի և ստալինյան վարչակարգը քննադատող «ձախ ընդդիմությանը» անդամակցելու համար։ Հետ է ուղարկվել Հայաստան, որտեղ զբաղեցրել է մի շարք պաշտոններ. ղեկավարել է ագիտպրոպը, եղել է շրջկոմի քարտուղար, Կենտկոմի մամուլի բաժնի քարտուղար, երկաթուղային շինարարության աշխատողների կոմիտեի նախագահ[4]։

1927 թվականի տրոցկիստական ընդդիմության դեմ ուղղված կադրային զտումների հետևանքով հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից։ 1928 թվականի սեպտեմբերի 24-ին ձերբակալվել է այլ հայ ընդդիմադիրների հետ միասին։ Նրան տեղափոխում են Թիֆլիս, ապա դեկտեմբերին աքսորում են Ակմոլինսկ (Ղազախստան)։ 1931 թվականի հունվարի 22-ին այլ տրոցկիստների հետ կրկին ձերբակալվել և բանտարկվել է Պետրոպավլովսկի բանտում, դատապարտվել է երեքուկես տարվա ազատազրկման։ Պատժի ժամկետի լրանալուց հետո, 1934 թվականի հունվարի 22-ին աքսորվել է Անդիջան (Ուզբեկստան)։ Նույն տարվա մարտին նա առաջարկել է ստալինյան իշխանություններին դուրս գալ ընդդիմադիր դաշտից և կրկին միանալ Կոմունիստական կուսակցությանը՝ ֆաշիզմի դեմ պայքարին միանալու նպատակով, սակայն այս առաջարկը մնացել է անպատասխան[4]։

1934 թվականի հունիսին Դավթյանը փախել է աքսորից։ Սկզբում մտածել է գնալ Մոսկվա՝ իշխանություններին իր առաջարկը կրկնելու համար, սակայն հրաժարվել է այդ մտքից և մեկնել է Պարսկաստան։ Պարսիկ սահմանապահները ձերբակալել են նրան և մինչև սեպտեմբեր պահել Թավրիզում[4]։ Թավրիզում գրել է իր հուշերը («Ռուսական թերմիդորի բանտերում» վերնագրով), որի ձեռագիրը հետագայում ոչնչացվել է[4]։

1935 թվականի ամռանը կապ է հաստատել Տրոցկու որդու՝ Լև Սեդովի հետ և վերջինիս ուղարկել «Կոչ համաշխարհային պրոլետարիատին» վերնագրով մի գրություն, որը նա ստորագրեց «Տարով» կեղծանվամբ[4]։ Այս գրությունում հեղինակն ահազանգում է ԽՍՀՄ-ում քաղբանտարկյալների ճակատագրի մասին։ Այն տարածվել է միջազգային տրոցկիստական մամուլում՝ ուղեկցված Տրոցկու մեկնաբանությամբ[4]։

Տրոցկու և Լև Սեդովի ջանքերով ստեղծվեց «Տարովի հիմնադրամը», որը միջազգային բաժանորդագրության միջոցով դրամ է հայթայթվել Դավթյանի Եվրոպա մեկնելու ծախսերը հոգալու համար[4]։ Երկու տարվա դրամահավաքից հետո, 1937 թվականի մայիսի 22-ին Դավթյանը ժամանել է Մարսել, իսկ 25-ին՝ Փարիզ։ Ընկերներից «Արմենակ Մանուկյան» անվամբ կեղծ փաստաթղթեր է ստացել և աշխատանք գտել որպես կողպեքագործ։ Նախ բնակվել է Փարիզի Մեզոն-Ալֆոր թաղամասում այլ տրոցկիստական ակտիվիստների մոտ։ Փարիզի մետրոպոլիտենի կայարաններից մեկում փրկվել առևանգման փորձից։ Այնուհետև անցկացրել է ամռան մի մասը ֆրանսիացի տրոցկիստ Ալֆրեդ Ռոսմերի մոտ՝ Պերինի համայնքում[4]։

1937 թվականի հունիսի 12-ին Դավթյանը վկայություն է ներկայացրել մոսկովյան դատավարությունները հետաքննող փարիզյան հանձնաժողովին[4]։ Լև Սեդովի առեղծվածային մահից հետո Դավթյանը հեռացել է տրոցկիստական շրջանակներից և թռուցիկ է հրապարակել, որի մեջ քննադատում է տրոցկիստական Չորրորդ ինտերնացիոնալի ծրագիրը։ 1937 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 1940 թվականի մարտի 30-ը աշխատել է կոոպերատիվ տնտեսությունում Փարիզի 13-րդ վարչական տարածքում[4]։

Պարտիզանական գործունեությւն խմբագրել

1930-ականների վերջերին և 1940-ականների սկզբներին Դավթյանը մտերմացել է ֆրանսահայ գաղթական շրջանակների, մասնավորապես հայ կոմունիստների հետ[4]։ 1941 թվականի հունվարի 14-ից մինչև 1942 թվականի մարտի 26-ը ապրել է Գերմանիայում։ Գերմանիայից վերադառնալուն պես ծանոթացել է Միսաք Մանուշյանի հետ, ի հեճուկս դրան, որ վերջինս սովետամետ Ֆրանսիական կոմունիստական կուսակցության անդամ էր և գիտեր, որ Դավթյանը հակաստալինական է և փախել է ԽՍՀՄ-ից։ 1943 թվականի հուլիսին, Մանուշյանի միջնորդությամբ Դավթյանը միացել է «Ազատ հրաձիգներ և պարտիզաններ» (ֆր.՝ Francs-tireurs et partisans (FTP)) պարտիզանական կառույցի առաջին ջոկատին, որը հիմնականում կազմված էր ոչ ֆրանսիացի ներգաղթյալներից[4]։ Գործել է «Անդրե» կեղծանվան տակ։ Մասնակցել է գերմանացի զավթիչների և ֆրանսիացի կոլլաբորացիոնիստների դեմ ուղղված տարբեր դիմադրական գործողություններին[4]։

1943 թվականի հոկտեմբերի 5-ին յուրայինների կրակից վիրավորում է ստացել ֆրանսիացի կոլլաբորացիոնիստ Գաստոն Բրունետոնի դեմ իրականացված անհաջող սպանության փորձի ժամանակ։ Ապաստան է գտել և ապաքինվել է զինակից Տիրան Ոսկերիչյանի, Միսակ Մանուշյանի կնոջ՝ Մելինեի և վերջինիս քրոջ՝ Արմենուհի Ասատուրյանի օգնությամբ[4]։

Ձերբակալություն և սպանություն խմբագրել

 
Փարիզում «Մանուշյանի խմբի» զոհված պարտիզաններին նվիրված հուշատախտակ։

1943 թվականի նոյեմբերի 19-ին Դավթյանը իր տանը ձերբակալվել է Վիշի վարչակարգի հետախուզության կողմից։ 1944 թվականի փետրվարի 21-ի առավոտյան 23 այլ ձերբակալված պարտիզանների հետ միասին դատապարտվել է մահապատժի։ Նրանցից քսաներկուսը, այդ թվում՝ Դավթյանն ու Միսաք Մանուշյանը, գնդակահարվել են նույն օրը Մոն-Վալերիենի բերդում[4]։

Թաղվել է Փարիզի Իվրիի գերեզմանատան մեջ «Մանուշյանի խմբի» այլ անդամների կողքը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://maitron-fusilles-40-44.univ-paris1.fr/spip.php?article73527
  2. 2,0 2,1 2,2 http://maitron-en-ligne.univ-paris1.fr/spip.php?article73527
  3. Mémoire des hommes (ֆր.) — 2003.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 Prager, Rodolphe (25-08-2009). MANOUKIAN Armenak [DAV’TIAN Arben, Abramovitch, dit TAVITIAN (Holban), dit DAVIDIAN (SGE), dit ANDRE] (ֆրանսերեն). {{cite book}}: |work= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել