Ֆիզմաթ դպրոց
Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, հանրության մոտ հայտնի է որպես Ֆիզմաթ դպրոց, Երևանի պետական համալսարանին առընթեր հատուկ դպրոց՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Գտնվում է քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ[1]։ Հիմնադրվել է 1965 թվականին Արտաշես Շահինյանի նախաձեռնությամբ և ՀՍՍՀ կառավարության որոշմամբ, որի նպատակն էր Հայաստանի տարբեր շրջանների և նրա սահմաններից դուրս հայաշատ վայրերի ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների համար կազմակերպել պետական ծրագրերին համապատասխան խորացված ուսուցում[2]։ Ֆիզմաթ դպրոցի ներկայիս տնօրենն է Արման Սարգսյանը։
Ֆիզմաթ դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1965 |
Անվանված է | Արտաշես Շահինյան |
Տնօրեն | Հայկազ Նավասարդյան |
Դասարաններ | 7-ից 12-րդ |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Ազատության պող. 2-րդ նրբ., 9 շենք |
Կայք | physmath.am |
Պատմություն
խմբագրելԵրևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը հիմնադրվել է 1965 թվականին ակադեմիկոս Արտաշես Շահինյանի անմիջական նախաձեռնությամբ։ Դպրոցը, լինելով իր տեսակի մեջ միակը հանրապետությունում, մոտ 50 տարի հավատարիմ է իր առաքելությանը։ Անցած տարիների ընթացքում դպրոցը հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով։ 1994 թվականին, երբ հայ ժողովուրդը գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, երբ գիտությունը և կրթությունը մղվել էին հետին պլան, ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ գիշերօթիկ միջնակարգ դպրոցը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ. կազմակերպել Երևանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների ամենամյա գիտամեթոդական գիտաժողով։ Այս տարիների ընթացքում գիտաժողովը ոչ միայն գոյատևեց, այլև ընդլայնեց իր գործունեությունը՝ աշխատանքներին մասնակից դարձնելով մարզերի ուսուցիչների։ Գիտաժողովի աշխատանքները ղեկավարել են հանրապետությունում հայտնի և հարգարժան այնպիսի գիտնական-մանկավարժներ, ինչպիսիք են ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, պրոֆեսոր Հ. Երիցյանը, ֆիզմաթներ Ֆ. Մելիք-Ադամյանը, Ա. Վաղարշակյանը, Օ. Միքայելյանը, Էյլեր Յուզբաշյանը և ֆիզմաթ դպրոցի վաստակաշատ մանկավարժ Ռ. Մարտիրոսյանը։ Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվել են երկու խմբերում՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի։ Կարդացված մի շարք հետաքրքիր և արժեքավոր զեկուցումներից շատերը տպագրվել են տարբեր գիտամեթոդական պարբերականներում։ Այս դպրոցում գործում են մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ամբիոնները։ Դպրոցի փորձառու մասնագետներն են ղեկավարում մեթոդ-միավորումները՝ հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու և օտար լեզուներ, պատմություն և աշխարհագրություն, քիմիա և կենսաբանություն։
Յուրահատկություններ
խմբագրելԴպրոցն ունի հարուստ նյութատեխնիկական բազա։ Այբ կրթական հիմնադրամի կողմից դպրոցում բացվել են քիմիայի և Բենհուր Փախչանյանի անվան ֆիզիկայի ժամանակակից ուսումնական լաբորատորիաներ։ Ինֆորմատիկա առարկայի դասերն ընթանում են 20 համակարգիչներով հագեցած 2 կաբինետներում, որոնք ապահովված են ինտերնետ կապով։ Դպրոց կենտրոնում տեղադրված է սենսորային գրատախտակ, որի հնարավորությունների շնորհիվ տարբեր առարկաներից անցկացվում են էլեկտրոնային տարբերակով դասընթացներ։ Դպրոցը մեծ ուշադրություն է դարձնում աշակերտների ոչ միայն մտավոր գործունեությունը այլ նաև նրանց հոգևոր և ֆիզիկական առողջության պահպանման խնդիրներին։ Թենիսի կորտերը, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտն օգնում են իրականացնելու վերոհիշյալ ծրագրերը։ Դպրոցում գործում է նաև հոգեբանական կաբինետը։ Դպրոցն ունի գեղարվեստական և մասնագիտական հարուստ գրադարան, հանրակացարանային մասնաշենք, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, որտեղ հաճախ են կազմակերպվում ինտելեկտուալ մրցույթ-խաղեր, հաճելի այլ միջոցառումներ, որում իր ավանդն է ներդնում դպրոցի գեղագիտական կենտրոնը։ Տնօրինության, դպրոցի բոլոր ամբիոնների, մեթոդ միավորումների, լաբորատորիաների և կաբինետների, գրադարանի, ինչպես նաև գեղագիտական դաստիարակության կենտրոնի, մանկավարժական ողջ կոլեկտիվի մշտական աշխատանքներն ու ջանքերը նպատակաուղղված են նպաստելու ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Դպրոցի տնօրենները
խմբագրել- Արման Հովհաննեսի Սարգսյան ավարտել է ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու։ Դպրոցի տնօրենն է 20 դեկտեմբերի 2021 թվականից։
- Հայկազն Սարիբեկի Նավասարդյանն ավարտել է ԵՊՀ-ի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը։ Դպրոցի տնօրենն էր 2002-2021 թվականները։
- Գեորգի Սամսոնի Առուշանյանն ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ Դպրոցի տնօրենն էր 1983-2002 թվականներին։
- Հայկարամ Պավելի Չիլինգարյանն ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը։ Դպրոցի տնօրենն էր 1980-1983 թվականներին։
- Հովհաննես Լևոնի Բաղդասարյանն ավարտել է Թիֆլիսի մանկավարժական ինստիտուտը։ Դպրոցի տնօրենն էր 1969-1980 թվականներին։
- Խորեն Հակոբի Նալբանդյանն ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը։ Դպրոցի տնօրենն էր 1967-1969 թվականներին։
- Վարդան Հայրապետի Վարդանյանն ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ Դպրոցի տնօրենն էր 1965-1967 թվականներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://wikimapia.org/4169099/PhysMath-school
- ↑ ԼՈՒՅՍԻ ՍԵՐՄՆԱՑԱՆԸ Հեղինակներ՝ Հ.Նավասարդյան, Գ.Ներսիսյան, Գ.Թամարյան