Արմեն Բաբախանյան

հայ դաշնակահար

Արմեն Վլադիմիրի Բաբախանյան (նոյեմբերի 9, 1967(1967-11-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար, «Կադանս» անսամբլի գեղարվեստական ղեկավար, Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան[1], Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2008):

Արմեն Բաբախանյան
Armen-Babakhanyan 04.jpg
Մամուլի ասուլիսի ժամանակ (2014 թվականի հոկտեմբերի 9-ին)
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 9, 1967(1967-11-09) (53 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստան
Մասնագիտությունդաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՀայաստանի վաստակավոր արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Անահիտ Բոգդանյանի դասարան)։ Հետագայում ուսումը շարունակել է Կլոդ Ֆրենկի և Վերա Գորնոստաևայի ղեկավարությամբ։ 2004 թվականին հիմնել և ղեկավարում է «Կադանս» անսամբլը։

Շրջագայություններ, համերգներԽմբագրել

2004 թվականի ապրիլին անսամբլի հետ կատարել է իր առաջին շրջագայությունը՝ ելույթ ունենալով Բուենոս Այրեսի Teatro Colon դահլիճում։ Մենահամերգներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, այլ երկրներում։

Որպես մենակատար հանդես է եկել Բիրմինգհեմյան սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր սըր Սայմոն Ռաթլի ղեկավարությամբ, Թագավորական ֆիլհարմոնիկ, Շոտլանդիայի թագավորական ազգային, Իռլանդիայի ազգային սիմֆոնիկ, ԱՄՆ-ի ազգային սիմֆոնիկ, Դալասի սիմֆոնիկ, Յուտայի սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ և Սլովենիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, Յուրի Տեմիրկանովի ղեկավարությամբ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ ու Վալերի Գերգիևի գլխավորությամբ Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ։

Մասնակցություն փառատոներինԽմբագրել

Մասնակցել է Ասպենի, Ինտերլոխենի, Սանտանդերի և Բաալբեքի երաժշտական փառատոներին։ Իսպանիայում կայացող Սանտանդերի փառատոնում Դմիտրի Շոստակովիչի Դաշնամուրի կվինտետի նրա կատարումն անվանակարգվել է որպես փառատոնի լավագույն կամերային երաժշտություն։

Մրցույթների կազմակերպիչ և ժյուրիի անդամԽմբագրել

Եղել է մի շարք միջազգային դաշնամուրային մրցույթների, այդ թվում՝ Սերգեյ Պրոկոֆևի, Սերգեյ Ռախմանինովի, Գինա Բախաուերի, Մարիա Կալասի անվան դաշնամուրային միջազգային մրցույթների ժյուրիի անդամ։

1999 թվականին Երևանում հիմնել է «Հայաստանի ժառանգություն» դաշնակահարների համահայկական միջազգային մրցույթը և վերջինիս գեղարվեստական ղեկավարն է։

Մանկավարժական գործունեությունԽմբագրել

Վարպետության դասեր է անցկացրել Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Իսլանդիայում և ԱՄՆ-ում։ 2009-2011 թվականներին մենահամերգներով և համերգներով հանդես է եկել, նաև վարպետության դասեր է անցկացրել Գերմանիայում, Իտալիայում, Սլովենիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իսլանդիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում և Ճապոնիայում։

Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որի դաշնամուրային ֆակուլտետի դեկանն է։

ՁայնագրություններԽմբագրել

Ձայնագրություններ է կատարել ASV, Real Sound and Sigmund Classics labels ստուդիաներում։ Նրա ելույթները հեռարձակվել են BBC, PBS (ԱՄՆ), ORF (Ավստրիա) և RAI (Իտալիա) հեռուստատեսություններով։ Պյոտր Չայկովսկու դաշնամուրային սոնատների նրա ձայնագրությունները մեծ արձագանք են ունեցել եվրոպական մամուլում։

Թողարկել է Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն, որը 2007 թվականի Ազգային մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն դասական ալբոմ»։

Մրցանակներ, պարգևներԽմբագրել

Մի շարք միջազգային մրցույթների, այդ թվում՝ Լիդսի, Դուբլինի, Վան Քլայբերնի, Ուիլյամ Քափելի, Գինա Բախաուերի անվան և դաշնամուրի համաշխարհային մրցույթների դափնեկիր է։

2008 թվականի մայիսի 26-ին, Հանրապետության տոնի առթիվ, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Արմեն Բաբախանյանն արժանացել է հանրապետության վաստակավոր արտիստի կոչման[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել