Տեր Արիս արքեպիսկոպոս Շիրվանյան (ավազանի անունը` Արմենակ, հուլիսի 23, 1934(1934-07-23), Հայֆա, Իսրայել - հունվարի 3, 2024(2024-01-03)[1]), Հայ առաքելական եկեղեցու Սրբոց Հակոբյանց միաբանության, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահից հետո մինչև նոր պատրիարքի ընտրությունները եղել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքական տեղապահ[2]։

Արիս Շիրվանյան
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Արմենակ
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անուն Տեր Արիս արքեպիսկոպոս Շիրվանյան
Ազգություն հայ
Հոգևոր աստիճան Արքեպիսկոպոս

Կենսագրություն խմբագրել

Արիս Շիրվանյանը ծնվել է 1934 թվականի հուլիսի 23-ին Հայֆայում (Պաղեստին, այժմ՝ Իսրայել), Հովհաննես և Լուսաբեր Շիրվանյանների ընտանիքում։ Սովորել է Հայֆայի Սուրբ Եղիա նախակրթական դպրոցում, այնուհետև` Լիբանանի Բուրջ Համուդի Սրբոց Քառասուն Մանկանց վարժարանում։ 1952-1957 թվականներին ընդունվել և սովորել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց ժառանգավորաց վարժարանում, դարձել Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ[3]։

1954 թվականին ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ այն ժամանակ Երուսաղեմի պատրիարքական տեղապահ Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի, 1957 թվականին՝ կուսակրոն քահանա` ձեռամբ Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի և ստացել Արիս անունը։ Ձեռնադրվելուց հետո մեկ տարով ծառայության է նշանակվել Երուսաղեմում, եղել Ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչ և դասախոս` միաժամանակ դառնալով Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի գավազանակիրը։

1958 թվականին եղել է Ամմանի (Հորդանան) Սուրբ Թադեոս հայկական եկեղեցու հոգևոր հովիվ, միաժամանակ՝ Հեթումյան հայկական դպրոցի տնօրեն։ Այնուհետև կրթությունը շարունակել է Դարեմի համալսարանի (Անգլիա) աստվածաբանական ֆակուլտետում՝ 1964 թվականին ստանալով աստվածաբանության բակալավրի աստիճան։ Համալսարանն ավարտելուց հետո Վազգեն Առաջին կաթողիկոսի հրավերով առաջին անգամ այցելել է Հայաստան ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այդ ընթացքում Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի կողմից ստացել է վարդապետության աստիճան։ 1964-1966 թթ. ուսումը շարունակել է Փարիզի կաթոլիկ համալսարանում։

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմ խմբագրել

 
Հայոց ցեղասպանության հուշարձան (Դավիդսոն լեռ, Սան Ֆրանցիսկո)

1966 թվականին Հայ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Մանուկյանի կողմից ծառայության է հրավիրվել Լոս Անջելեսի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցի։ Հայր Արիսի ջանքերով 1970 թվականին ծխի համար կառուցվել և օծվել է մի սրբատեղի։ 1972 թվականին Հայ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի կողմից ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, ապա Վազգեն Առաջին կաթողիկոսի հրավերով վերադարձել Հայաստան, երկու տարի դասախոսել Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Կանադայում եղել է փոխանորդ։ Այդ ժամանակաշրջանում նա զգալի աշխատանք է տանում Կանադայի Հայոց թեմի ստեղծման ուղղությամբ, նոր ծխեր է հիմնում Համիլտոնում և Օտտավայում, Տորոնտոյում հիմնել է առաջին հայկական Սուրբ Խաչ տարրական դպրոցը։

Սան Ֆրանցիսկոյում գտնվելու տարիներին մեծ դերակատարություն է ունեցել Սան Ֆրանցիսկոյի «Mount Davidson» Խաչը ձեռք բերելու գործում, որի գնումից հետո այն նվիրել է 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ Արիս սրբազանը նախագահել է Հյուսիսային Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան կազմակերպությունների խորհուրդը, որը հայկական ոչ շահութաբեր 24 գործակալություններ է ներկայացնում։ Ժողովի ժամանակ սրբազանին հաջողվել է Սան Ֆրանցիսկոյի քաղաքացիների քվեարկության միջոցով ձեռք բերել այն հողատարածքը, որտեղ պետք է կառուցվեր խաչը[4]։ Արևմտյան թեմում երկու անգամ գտնվելու ընթացքում էլ Արիս սրբազանը եղել է թեմական խորհրդի և թեմական մի քանի հանձնաժողովների (ամառային ճամբար և այլ հանձնաժողովներ) անդամ և նախագահ։

1979-1980 թթ. Վազգեն Ա կաթողիկոսի կողմից որպես Հայրապետական Պատվիրակ ծառայության է ուղարկվել Հնդկաստան, որտեղ եղել է Կալկաթայի հայկական վարժարանի տեսուչ։ Այնուհետև որպես այցելու հովիվ ծառայել է Շվեդիայի և Գերմանիայի հայ հավատացյալներին։

Երուսաղեմի Հայոց պատրիարքություն խմբագրել

Երուսաղեմի պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով Արիս սրբազանը վերադարձել է Երուսաղեմ, ուր 1998-1999 թթ. պաշտոնավարել է իբրև Ժառանգավորաց վարժարանի տեսուչ։ 2006 թվականին Արիս եպիսկոպոսը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական կոնդակով ստացել է արքության պատիվ։ Երուսաղեմի Հայոց պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրենն է։ Արիս սրբազանը Պատրիարքության պաշտոնական մամլո խոսնակն է։ Աստվածաբանություն է դասավանդում Սրբոց Ժառանգավորաց վարժարանում[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել