Արենի-1 գինու գործարան, 6100 տարեկան գինեգործարան, որը հայտնաբերվել է 2007 թվականին Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Արենի-1 քարանձավային համալիրում՝ հայ և իռլանդացի հնագետների թիմի կողմից[1]։ Պեղումները կատարել են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետ Բորիս Գասպարյանն ու Իռլանդիայի Քորքի ազգային համալսարանի հնագետ Ռոն Փինհասին։ Աշխատանքները հովանավորել է ԱՄՆ Gfoeller հիմնադրամը և Քորքի համալսարանի քոլեջը։ 2008 թվականին ծրագրին է միացել նաև Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը, և պեղումները հովանավորել են նաև Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանն ու Ազգային աշխարհագրական կազմակերպությունը։ Գինեգործարանի պեղումներն ավարտվել են 2010 թվականին։

Արենի-1 քարանձավային համալիրի մուտքը

Գինեգործարանն ունեցել է գինու խմորման գուռեր, մզարան, պահեստային սափորներ, խեցեգործարան և համարվում է Իսրայելի Հուդեա և Սամարիա մարզից 1963 թվականին հայտնաբերված գինեգործարանից ավելի քան հազար տարի մեծ[2][3][4]։

2008 թվականին նույն քարանձավում է հայտնաբերվել Արենի 1 կոշիկը։

Հայտնաբերում խմբագրել

Արենի-1-ի պեղումները սկսվել են 2007 թվականին և շարունակվել մինչև 2010 թվականի սեպտեմբեր, երբ հայ, ամերիկացի և իռլանդացի հնագետներն ամբողջությամբ հայտնաբերել են լայնածավալ, լավ պահպանված 2 ոտնաչափ խորությամբ (60 սանտիմետր) գուռ 3,5 ոտնաչափ (մեկ մետր) երկարությամբ մալվիդինով պատված կավե ամանի հետ[4]։ Բացի այդ, հայտնաբերվել են նաև խաղողի սերմեր, սեղմված խաղողի, սալորաչրերի, ընկույզի և չոր որթատունկերի մնացորդներ[5]։ Հարևանությամբ հին գերեզմանատան մոտ հայտաբերված խմելու բաժակներից կարելի է ենթադրել, որ այդ վայրն օգտագործվել է թաղման արարողությունների և ծիսակարգերի համար[6][7]։ Քարանձավը լքվել է, երբ տանիքում խոռոչ է առաջացել, իսկ օրգանական նյութը պահպանվել է ոչխարի գոմաղբի շնորհիվ, որը խոչընդոտել է սնկերին վնասելու մնացորդները[2]։

 
Արենի-1-ի համայնաատկերը Արփա գետի հովտում

Վերլուծություն խմբագրել

Մզարանի և գուռերի նստվածքների քիմիական անալիզի նախնական արդյունքները տպագրվել են 2011 թվականի հունվարին Journal of Archaeological Science-ում (Հնագիտության ամսագիր)[8]։

Իրվայնի կալիֆորնիական և Օքսֆորդի համալսարանների հետազոտողների կողմից իրականացված բուսաբանական հետազոտություններն ու ռադիոկարբոնային փորձարկումները բացահայտել են, որ Արենի-1 գինեգործարանը ստեղծվել է մ.թ.ա. 4100 կամ մ.թ.ա. 4000 կամ ուշ էնեոլիթ ժամանակաշրջանում[3]։ Ըստ Արեշյանի՝ գինեվաճառները կավե ամանների մեջ ոտքերով ճզմել են խաղողը, որի հյութն այնուհետև գնացել է գուռի մեջ և այնտեղ խմորվել մինչև տարրաների մեջ լցնելը[4]։ Տակառների տարողությունը եղել է մոտ 14-15 գալոն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գինեգործ. Արենիի գինեգործարանը բացառիկ հայտնագործություն է, բայց հայերը դա չեն գիտակցում». news.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  2. 2,0 2,1 Maugh II, Thomas H. "Ancient winery found in Armenia." Los Angeles Times. January 11, 2011. Retrieved January 14, 2011.
  3. 3,0 3,1 Santini, Jean-Louis. "Scientists find 'oldest ever' winery in Armenia." Agence France Press. January 11, 2011. Retrieved January 14, 2011.
  4. 4,0 4,1 4,2 Owen, James. "Earliest Known Winery Found in Armenian Cave." National Geographic Society|. January 10, 2011. Retrieved January 14, 2011.
  5. «Հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինեգործարանը - Media-inform.com». Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.(չաշխատող հղում)
  6. Belluck, Pam. "Cave Drops Hints to Earliest Glass of Red." New York Times. January 11, 2011. Retrieved January 16, 2011.
  7. Squires, Nick. "World's earliest known winery discovered in Armenia." The Telegraph. January 11, 2011. Retrieved January 14, 2011.
  8. Barnard, Hans et al. "Chemical evidence for wine production around 4000 BCE in the Late Chalcolithic Near Eastern highlands." Journal of Archaeological Science, (2010), doi:10.1016/j.jas.2010.11.012

Գրականություն խմբագրել

  • Areshian G, et al. "The Chalcolithic of the Near East and South-Eastern Europe: Discoveries and New Perspectives from the Cave Complex Areni-1, Armenia," Antiquity 86 (2012):115–130.