Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հնձան (այլ կիրառումներ)

Հնձան (նաև՝ մզարան, առագաստ), խաղող ճզմելու և հյութը զատելու կառույց։ Մեծ մասամբ նկուղում, երբեմն՝ այգում քար ու կրով կամ ցեմենտով պատրաստված թեք հատակով ավազան, ուր բոբիկ ոտքերով տրորվում է խաղողը, անջատված քաղցուն խողովակով հոսում է հնձանին կից տակառաձև հորի (տաքար, գուբ) մեջ։ Երբեմն հնձանն ունենում է 2 տաքար, որոնցից առաջինի հատակը փոսորակով է՝ դիրտը հավաքելու համար։ Այնուհետև զատված քաղցուն խողովակով անցնում է երկրորդ տաքարի մեջ։ Փոքրածավալ հնձանի տաքարին փոխարինում է քարե գուռը։ Մեծ հնձաններին զուգահեռ օգտագործվում են նաև քարե և փայտե շարժական հնձաններ (խաղողի տաշտ, նով)։ Հաճախ հնձանը ծառայում է նաև որպես գինու մառան։

16-րդ դարի հնձան։

Հայաստանում հնձանն առաջին անգամ հիշատակում է Ագաթանգեղոսը՝ 3-րդ դարի վերջի և 4-րդ դարի դեպքերի առնչությամբ։ 1958-ին Գառնիի պալատական շենքերի պեղումների ժամանակ հայտնաբերված հնձանը եղել է ստորին հարկում։ Հնձաններ են գտնվել նաև Զվարթնոցում (VII դ.), Աղթամարում (X դ.), Հաղպատում (13-րդ դ.), Դադիվանքում (13-րդ դ.), Մրենում (13-14-րդ դդ.) և այլուր։ Մանրանկարչությունից հայտնի է, որ դեռևս միջնադարում գոյություն են ունեցել տակառաձև, շարժական հնձաններ։ 2011 թ-ին Հայաստանում հայտնաբերվեց աշխարհի հնագույն՝ մոտ 6.000 տարվա հնձան։ Հնձանը կիրառություն ունի և մեր օրերում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնձան» հոդվածին։


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 493