Ուրծի լեռներ

Արարատի մարզի լեռնաշղթա

Ուրծի լեռներ, լեռնաշղթա Հայաստանի Արարատի մարզի հարավում։ Եզրավորում է Արարատյան հարթավայրը հարավարևելքից։ Ծագմամբ ծալքաբեկորային է։ Ջրբաժան է Վեդիի Շաղափ վտակի, Արածոյի ու Արաքսի միջև։ Հյուսիս–արևելքից ձգվում է հարավ–արևելք, այնուհետև՝ արևելք։ Երկարությունը մոտ 25 կմ է[1], լայնությունը՝ մինչև 11 կմ։

Ուրծի լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԱրարատի մարզ
ՏեղադրությունԽոսրովի անտառ արգելոց
Բարձրություն (ԲԾՄ)2425 մետր
Երկարություն25 կմ
Մեծագույն գագաթՈւրծ
Քարտեզ
Քարտեզ

Հյուսիսային լանջերը երկար են, մեղմաթեք, հարավայինները՝ կարճ, զառիթափ։ Բոլոր լանջերը կտրտված են ձորակներով։ Կատարային գոտին հիմնականում նեղ է։ Ամենաբարձրը արևելյան հատվածում գտնվող Ուրծ լեռնագագաթն է՝ 2445,9 մ, որի կոորդինատներն են հս. լ.39°49'04", արլ. ե. 44°54'51"։ Հիմնական լեռնաշարին զուգահեռ կան նաև մանր լեռնաշարեր։

Լանդշաֆտը ստորոտում կիսաանապատային է, միջին բարձրություններում՝ չոր տափաստանային, կատարային մասում՝ լեռնատափաստանային։ Տեղումները լանջերին 200-450 մմ են։ Հյուսիսային լանջերի մի մասը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Լեռնաշղթայի արևելյան եզրում է գտնվում Ուրծասարի լեռնանցքը (1910 մ), որն իրար է կապում Շաղափի և Արածոյի հովիտները. այստեղով է անցնում հանրապետական նշանակության H10 (H8-Ոսկետափ-Վեդի-Լանջառ-M2 44,4 կմ) ճանապարհը։ Լեռների ստոռոտներին կա հանքային ջրերի 30 աղբյուր[2]։

Հյուսիսային լանջերի կենտրոնական հատվածում՝ մոտ 1850 մ բարձրության վրա գտնվում է 12-ից 13-րդ դարերին կառուցված Հովհաննես-Կարապետ վանքը, որի մոտ տանող ճանապարհ կա Լանջառ գյուղից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 126 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 212 — 916 էջ։