Աշխատանքի արտադրողականություն (գյուղատնտեսություն)

Աշխատանքի արտադրողականություն, գյուղատնտեսական արտադրանքի արտադրության աճ, որը կարելի է ապահովել ի՝ հաշիվ կիրառվող ռեսուրսների քանակի ավելացման կամ դրանց օգտագործման արդյունավետության բարձրացման։ Դրա համար շատ կարևոր է նաև աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, որոնց օգտագործման արդյունավետությունը բնութագրող հիմնական տնտեսական ցուցանիշը հանդիսանում է աշխատանքի արտադրողականությունը։

Եվրոպական երկրների աշխատանքի արտադրողականության և միավոր աշխատանքային ծախսերը 1998-2008 թվականներին

Աշխատանքի արտադրողականություն խմբագրել

Դա կոնկրետ աշխատանքի արդյունքայնությունն է որոշակի ժամանակաշրջանում, այսինքն՝ մարդու նպատակասլաց արտադրական գործունեության արդյունավետությունը։ Այն, արտադրված արտադրանքի քանակի և դրա արտադրության համար ծախսված ժամանակի հարաբերությունն է։ Այլ կերպ ասած, աշխատանքի արտադրողականությունն իրենից ներկայացնում է միավոր աշխատաժամանակում որոշակի քանակով սպառողական արժեքի ստեղծման՝ մարդու կոնկրետ աշխատանքի հնարավորությունը։

Միավոր ժամանակում որքան ավելի շատ արտադրանք է արտադրվում, այնքան քիչ է միավոր արտադրանքի արտադրության համար կատարված աշխատանքային ծախսերը և բարձր՝ դրա աշխատանքի արտադրողականությունը։

Աշխատանքի արտադրողականության բարձրացումը հանդիսանում է առավել հրատապ խնդիր, որից կախված են գյուղատնտեսության ընդլայնված վերարտադրության տեմպերը և իր արտադրանքով բնակչության պահանջմունքների լրիվ բավարարումը։ Աշխատանքի արտադրողականության բարձրացումը հանդիսանում է աշխատանքի գործընթացում ցանկացած փոփոխություն, որն ուղղված է արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատմանը։

Աշխատանքի արտադրողականության աճը հանդիսանում է համընդհանուր օրենք բոլոր հասարակական տնտեսական հասարակարգերին, և դրա անընդհատության օրենքն ընդհանուր է ժողտնտեսության բոլոր ճյուղերի համար։

Աշխատանքի արտադրողականության էություն խմբագրել

Արտադրանքի արտադրության ընթացքում ծախցվում են ինչպես կենդանի, այնպես էլ անցյալի այլ աշխատանքներ, որոնք փոխանցվում են ստեղծվող արտադրանքին։ Կենդանի աշխատանքը գործունեության մեջ է դնում անցյալում ստեղծված արտադրական միջոցները։ Այն հանդիսանում է նոր սպառողական արժեքի միակ ստեղծողը։ Աշխատանքը, որպես գործընթաց, միշտ հանդիսանում է կենդանի, սակայն, երբ աշխատանքի գործընթացը ավարտված է և աշխատանքի արդյունքը դուրս է եկել դրա սահմանները, արտադրանքում ամփոփված ողջ աշխատանքը հանդիսանում է նյութականացված (անցյալի) աշխատանք։ Նյութականացված աշխատանքն ներառում է արդյունաբերական աշխատողների աշխատանք, որն ամփոփված է մեքենաների, սարքավորումների, հանքային պարարտանյութերի մեջ, ինչպես նաև գյուղատնտեսության աշխատողների աշխատանքը, որը ծախսվել է արտադրության նախորդ փուլերում և ամփոփված է սերմերի, կերերի, գյուղատնտեսական ծագման այլ միջոցների և աշխատանքի առարկաների մեջ։

Արդյունաբերության նյութականացված աշխատանքի համեմատ գյուղատնտեսության նյութականացված աշխատանքն աչքի է ընկնում ավելի քիչ արդյունավետությամբ, քանի որ վերջինս կարևոր դեր է խաղում գյուղատնտեսության մեջ կատարված տեխնիկական միջոցների նորացման գործում։

Աշխատանքի արտադրողականության բարձրացման էություն խմբագրել

Սրա էությունն այն է, որ արտադրանքի արտադրության ժամանակ կենդանի աշխատանքի բաժինը կրճատվում է, իսկ առարկայացած աշխատանքի բաժինը՝ ավելանում, սակայն ավելանում է այնպես, որ արտադրանքի արտադրության համար պահանջվող աշխատաժամանակի ընդհանուր ծավալը պակասում է։ Այսինքն՝ կենդանի աշխատանքն ավելի շատ է կրճատվում, քան ավելանում է առարկայացած աշխատանքը։

Կենդանի և առարկայացած աշխատանքների միջև հարաբերությունը փոփոխվում է տեխնիկական վերազինման բարձրացմանը զուգահեռ։

Գյուղատնտեսական արտադրանքի արժեքի որոշման ժամանակ ամբողջական աշխատանքի ծախսերը, որպես ապրանքի արժեք, որոշվում է բացառապես նրանում ամփոփված աշխատանքի ժամանակով։

Աշխատանքի արտադրողականության բարձրացման և արտադրանքի արտադրության վրա ծախսված աշխատաժամանակի տնտեսման որոշման համար, անհրաժեշտ է աշխատաժամանակում ներառել աշխատանքային ծախսերի ամբողջությունը (կենդանի և առարկայացած)։

Աշխատանքի արտադրողականության որոշման մեթոդիկա խմբագրել

Գյուղատնտեսության մեջ աշխատանքի արտադրողականության մակարդակը և դինամիկան (շարժը) որոշելու համար օգտվում են բնեղեն կամ արժեքային ցուցանիշներից։

Քանի որ աշխատանքի արտադրողականության աճն իր կոնկրետ արտահայտությունը գտնում է ամենից առաջ կենդանի աշխատանքի ծախսերի բացարձակ իջեցման մեջ, ուստի ընդունված է ուսումնասիրել կենդանի աշխատանքի արտադրողականությունը և որոշել աշխատանքի արտադրողականության մակարդակը՝ ծախսված միավոր կենդանի աշխատանքի ծախսերի դիմաց ստացված համախառն արտադրանքի ելքով։

Բնեղեն արտահայտությամբ աշխատանքի արտադրողականության ցուցանիշը դա կենդանի աշխատանքով ստեղծված տվյալ տեսակի արտադրանքի (հացահատիկ, կարտոֆիլ, կաթ, միս և այլն) քանակի և դրա արտադրության վրա ծախսված աշխատաժամանակի հարաբերությունն է։

Գյուղատնտեսությունում աշխատանքի արտադրողականությունը բնութագրվում է լրիվ, ուղղակի, հակադարձ և անուղղակի ցուցանիշներով։

Աշխատանքի արտադրողականության ցուցանիշները գյուղատնտեսության մեջ
Աշխատանքի արտադրողականության ուղղակի ցուցանիշը՝ Աա=ՀԱ/Ած, որտեղ՝
  • ՀԱ-ն համախառն արտադրանքն է (բնամթերային կամ արժեքային արտահայտությամբ),
  • Ած-ն՝ արտադրանքի արտադրության համար կատարված աշխատանքային ծախցումները, մարդ-օր, մարդ-ժամ, միջին տարեկան աշխատողների թիվ։
Աշխատանքի արտադրողականության հակադարձ ցուցանիշը՝ աշխատարարությունը՝ Ատծ/ՀԱ։
Աշխատանքի արտադրողականության անուղղակի ցուցանիշները՝
  • միավոր ժամանակում կատարված գյուղատնտեսական աշխատանքի ծավալը, հա/ժամ, տ/ժամ,
  • 1 հա գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության համար կատարված աշխատանքային ծախսումները, մարդ-ժամ,
  • մեկ գլուխ անասունի սպասարկման համար աշխատանքային ծախսումներն անասնաբուծությունում, մարդ-ժամ,
  • մեկ աշխատողի ծանրաբեռնվածությունը (համապատասխան անասնագլխաքանակը մեկ աշխատողի հաշվով),
  • առանձին գործողությունների համար կատարված աշխատանքային ծախսումները (կերատեսակների բաշխում, կիթ, գոմաղբի հավաքում և այլն)։

Ած=ՀԱ/Ած, որտեղ՝

  • ՀԱ-ն՝ արտադրված արտադրանքի քանակն է բնեղեն կամ արժեքային արտահայտությամբ,
  • Ած-ն՝ արտադրանքի արտադրության վրա ծախսված աշխատաժամանակն է, մարդ-ժամերով կամ մարդ-օրերով կամ աշխատողների թիվը։

Սա, աշխատանքի արտադրողականության հիմնական (լրիվ) և գլխավոր ցուցանիշն է, որն առավել ամբողջությամբ է բնութագրում աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը գյուղատնտեսության մեջ։

Արտադրանքի աշխատարարություն (Ատ) խմբագրել

Սա աշխատանքի արտադրողականության հակադարձ մեծությունն է։ Որոշվում է արտադրանքի արտադրության համար կատարված աշխատանքային ծախսումների և արտադրված արտադրանքի քանակի հարաբերությամբ՝ Ատծ/ՀԱ։

Այս ցուցանիշն ավելի հաճախ օգտագործվում է տնտեսավարող սուբյեկտի տնտեսական գործունեության վերլուծության, ինչպես նաև, ըստ գոտիների և տնտեսական շրջանների, գյուղատնտեսական արտադրանքի առանձին տեսակների արտադրության արդյունավետության բնութագրման ժամանակ։

Աշխատանքի արտադրողականության լրիվ և հակադարձ ցուցանիշների կողքին օգտագործվում են նաև լրացուցիչ (ոչ լրիվ) ցուցանիշները։ Այդ ցուցանիշները ցույց են տալիս աշխատանքային ծախսումների արդյունավետության իրական բնութագիրը, սակայն անուղղակի ձևով բնութագրում են առանձին տեխնոլոգիական գործընթացների միջանկյալ գործողությունների աշխատանքի արտադրողականությունը։

Դրանց թվին են պատկանում՝

  • մեկ ժամում կամ օրում կատարված աշխատանքի ծավալը,
  • դաշտային աշխատանքներում մեկ աշխատողի կատարած աշխատանքը,
  • միավոր աշխատանքի ծավալի վրա ծախսած աշխատանքը,
  • գյուղատնտեսական մշակաբույսերի առանձին տեսակների ցանքերով կամ անասնաբուծությունում անասուններով մեկ աշխատողի ծանրաբեռնվածությունը, աշխատանքային ծախսումները մեկ հա ցանքի կամ մեկ գլուխ անասունի հաշվով։ Այդ դեպքում փաստացի ծախսումները համեմատում են նորմատիվային տվյալների հետ։ Օրինակ՝ մեկ հեկտար աշնանացան ցորենի մշակության վրա ըստ նորմատիվի պետք է ծախսվի 40 մարդ-ժամ, սակայն փաստացի ծախսվել է 31 մարդ-ծամ։

Արտադրվող արտադրանքի ծավալի որոշում խմբագրել

Ձեռնարկությունում կամ ճյուղում, երբ արտադրվում են միատեսակ արտադրանքներ, որոնք բնեղեն արտահայտությամբ հնարավոր չէ գումարել, դրա ծավալը որոշում են արժեքային արտահայտությամբ։ Դրա համար օգտագործում են ընթացիկ, գործող գնման և համադրելի գները։

Տարբեր մասնագիտացման տնտեսություններում, տարբեր բնակլիմայական գոտիներում աշխատանքի արտադրողականության համեմատության համար օգտվում են վերջին 3 տարիներից որևէ մեկի իրացման միջին գներից, որոնք համարվում են համադրելի։

Աշխատանքի արտադրողականությանը համախառն արտադրանքով որոշելու թերությունն այն է, որ այն չի ապահովում բավարար և աբյեկտիվ պատկերացում աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասին, քանի որ տվյալ ցուցանիշում առկա է կրկնակի հաշվարկ, ինչպես նաև արտադրանքի ոչ ապրանքային մասի իջեցված գնահատում։

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի կրկնակի հաշվարկման տարրերից են՝

  • կերակրատեսակներ,
  • սերմեր,
  • տնկանյութեր,
  • հորթի կերակրման համար կաթ և այլն, որոնց արտադրության համար աշխատանքային ծախսեր են կատարվել արտադրության նախորդ փուլերում։

Այս ամենից ելնելով, աշխատանքի արտադրողականության հաշվարկման համար նպատակահարմար է օգտագործել ոչ թե համախառն, այլ զուտ արտադրանքը (համախառն եկամուտ), որն արտացոլում է կենդանի աշխատանքով ստեղծված նոր արդյունքի արժեքը և չի պարունակում կրկնակի հաշվարկ ու նյութական ծախսեր։

Աշխատանքային ծախսումների որոշում խմբագրել

Աշխատանքի արտադրողականության հաշվարկման ժամանակ խիստ կարևոր է ճիշտ հաշվարկել գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար աշխատանքային ծախսումների քանակը։ Աշխատանքային ծախսումներն արտահայտվում են միավոր աշխատաժամանակով՝ օրերով, ժամերով։ Գյուղատնտեսության պրակտիկայում կիրառվում է մեկ աշխատողի հաշվով ծախսված աշխատաժամանակը՝ մարդ-ժամը։

Ներկայումս գյուղատնտեսության մեջ աշխատանքի արտադրողականությունը որոշվում է ինչպես աշխատանքի ուղղակի ծախսերով, այնպես էլ համախառն արտադրանքը հարաբերելով ձեռնարկության միջին տարեկան աշխատողների թվին։ Երկրորդ ցուցանիշն արտահայտում է ոչ միայն աշխատանքի արտադրողականության մակարդակը, այլ նաև տարվա ընթացքում աշխատուժի օգտագործման աստիճանը, որը ռեսուրսների արդյունավետության ամենագլխավոր ցուցանիշն է գյուղատնտեսության մեջ։

Աշխատողների միջին տարեկան թիվը որոշվում է տնտեսության աշխատողների աշխատած ժամերը հարաբերելով մեկ աշխատողի աշխատաժամանակի տարեկան ֆոնդին։ Գյուղատնտեսության արտադրանքի արտադրության գործընթացին անմիջականորեն մասնակցում են ինչպես բուն գյուղատնտեսության, այնպես էլ արդյունաբերության մի շարք ճյուղեր։

Աշխատանքի արտադրողականության բարձրացման գործոններ խմբագրել

Գյուղատնտեսության մեջ աշխատանքի արտադրողականության վրա ազդող գործոնների ուղղվածության և ներգործության աստիճանը միանման չէ։ Դրանցից մեկը նպաստում է աշխատանքային ծախսերի կրճատմանը, մյուսները՝ նպաստում գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ավելացմանը, երրորդները՝ միաժամանակ ներգործում աշխատանքի տնտեսման ու արտադրանքի արտադրության աճի վրա։

Աշխատանքի արտադրողականության բարձրացման գործոնները և ուղիները գյուղատնտեսությունում
Բնակլիմայական պայմաններ
Հողատեսքերի նպատակահարմար տեղաբաշխումը և արդյունավետ օգտագործումը
Արտադրության ինտենսիվացումը և նյութատեխնիկական բազայի կատարելագործումը
Գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների ներդրումը
Արտադրական գործընթացների համալիր մեքենայացումը և ավտոմատացումը
Աշխատանքի ինտենսիվությունը
Կադրերի որակավորման բարձրացումը
Աշխատանքի արդյունավետ կազմակերպումը

Աշխատանքի արտադրողականության բարձրացման ուղիներ խմբագրել

Դրանք են՝

  • տնտեսության ֆոնդաապահովվածության և ֆոնդազինվածության աճը,
  • հիմնական ֆոնդերի օգտագործման ինտենսիվության բարձրացումը,
  • մասնագիտացման խորացումը և գյուղատնտեսական արտադրության արդյունավետ համակենտրոնացումը,
  • բուսաբուծությունում և անասնապահությունում ռեսուրսախնայողական ու առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը,
  • աշխատանքի կազմակերպման բարելավումը և ինտենսիվության բարձրացումը,
  • ագրոարդյունաբերական համալիրի կադրերի որակավորման բարձրացումը,
  • աշխատանքի նյութական խրախուսման ուժեղացումը։

Աշխատանքի արտադրողականության չափման ցուցանիշները խմբագրել

Աշխատանքի արտադրողականության վրանյութատարության ազդեցությունը չեզոքացնելու նպատակով կիրառվում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են պայմանական զուտ արտադրանքը, զուտ արտադրանքը և նորմատիվային զուտ արտադրանքը։

Պայմանական զուտ արտադրանքի ցուցանիշը որոշվում է համախառն արտադրանքի արժեքից հանելով ուղղակի նյութական ծախսերը։ Մնում է աշխատավարձը, հիմնական ֆոնդերի ամորտիզացիան և շահույթը։

Զուտ արտադրանքի ցուցանիշը հաշվարկվում է համախառն արտադրանքի ցուցանիշից հանելով բոլոր նյութական ծախսերը և ամորտիզացիան։ Այս դեպքում ցուցանիշի մեծությունը պայմանավորված է շահույթի մեծությամբ, որի փոփոխությունները կարող են ազդել ցուցանիշի մեծության վրա։

Նորմատիվային զուտ արտադրանքի ցուցանիշն ի տարբերություն նախորդի, ներառում է աշխատավարձը և միջին ճյուղային շահույթը, որի շնորհիվ չեզոքանում է տարբեր տեսակի արտադրանքներից ստացվող շահույթների մակարդակների ազդեցությունը ցուցանիշի վրա։

Աղբյուրներ խմբագրել

  • Հակոբյան Լևչենկո Լևոնի, Ճեպեճյան Շաքե Անդրանիկի - «Գյուղատնտեսության էկոնոմիկա», Երևան 2012