Բացել գլխավոր ցանկը
CSIRO ScienceImage 588 Sheep Eating.jpg
Hay bales more outside stack showing stack size near Yass Australia photo taken November 2015 04.JPG

Կեր, խարեր, բուսական և կենդանական, ինչպես նաև հանքային ծագումով արտադրանքներ, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական կենդանիների կերակրման համար։ Առավել տարածված են բուսական կերերը (կանաչ, կոպիտ, սիլոսային կերեր, արմատապտուղներ, հացահատիկային մնացորդներ և այլն)։ Ըստ քիմիական բաղադրության և կենդանի օրգանիզմի վրա ֆիզիոլոգիական ներգործության, կերերը լինում են ծավալային (1 կգ-ը պարունակում է 0,5 կգ-ից ոչ ավելի մարսելի սննդանյութեր կամ 0,65 կերային միավոր), խտացրած (1 կգ-ում սննդանյութերը 0,5 կգ-ից ավելի են) տիպերի։ Առաջիններից են ՝ կոպիտ և հյութալի կերերը, օսլայի, շաքարի ճակնդեղի ջրախառն արտադրական մնացորդները։

Կենդանական կերերԽմբագրել

Կենդանական կերեր են անարատ և զտած կաթը, ձկան, մսաոսկրային, արյան ալյուրները և այլն, պարունակում են մեծ քանակությամբ լիարժեք պրոտեին, հարուստ են հանքային նյութերով և վիտամիններով։ Օգտագործվում են բոլոր կենդանիների մատղաշների, ինչպես նաև սեռահասուն խոզերի, թռչունների և մորթատու գազանների կերակրման համար։ Հանքային կերերից առավել գործածական են կերակրի աղը, կիրը, ոսկրալյուրը, կերային ֆոսֆատները, կարբամիդը (միզանյութ), ազոտ պարունակող նյութերը և այլն։ Համակցված կերերը պատրաստում են տարբեր տեսակի կերերից։ Արտադրվում են նաև զանազան կերախառնուրդներ, կաթի փոխարինիչներ։ Խոզերի կերակրման համար կարելի է օգտագործել նաև խոհանոցային մնացորդները։

ՍննդարարությունԽմբագրել

Կերերի սննդարարությունը կախված է դրանց քիմիական բաղադրությունից, սննդանյութերի մարսելիության աստիճանից, հանքային նյութերի և վիտամինների առկայությունից։ Կերի որակի վրա ազդում են պրոտեինի քանակը, լիարժեքությունը և մարսելիությունը։ Պրոտեինով հարուստ են լոբազգիները, քուսպը, արոտավայրի մատղաշ խոտը, կենդանական ծագումով կերերը, իսկ աղքատ են ծղոտը, արմատապալարապտուղները, չոր ժոմը և այլն։ Կերի կազմը և սննդարարությունը կախված է խոտաբույսերի աճեցման պայմաններից, տեսակից և պահպանումից։ Կերի սննդարարությունը և որակը որոշվում են անալիզով, իսկ տնտեսություններում՝ արտաքին հատկանիշներով (գույն, հոտ, ձև և այլն)։ Կերի պահանջվող բաղադրությունը, սննդարարությունը և արտաքին հատկանիշները կարող են սահմանվել պետական ստանդարտներով։ Կերի պահպանման ժամկետները երկարացնելու և մատակարարումը մեքենայացնելու համար կիրառվում են կոնսերվացման, հատիկավորման և բրիկետավորման տարբեր ձևեր։ Գործնականում կերի օգտագործման համար ըստ կենդանու տեսակի մշակված են հատուկ աղյուսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 392