Աննա Հեդվիգ Բյուլ (Anna Hedwig Bühl), փետրվարի 4, 1887(1887-02-04), Հաապսալու, Էսթլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 3, 1981(1981-10-03), Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), էստոնացի միսիոներուհի, ով առաքելություն է իրականացրել Կիլիկիայում և իր ողջ կյանքը նվիրել հայությանը։

Աննա Հեդվիգ Բյուլ
Anna Hedwig Bühl
Դիմանկար
Ծնվել է1887, հունվարի 23 (փետրվարի 4)
ԾննդավայրՀաապսալու, Էստոնիա
Մահացել է1981, հոկտեմբերի 3
Մահվան վայրՀայդելբերգ, Գերմանիա
Քաղաքացիություն Էստոնիա
ԱզգությունԷստոնացի
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունմիսիոներուհի
Ծնողներհայր՝ Ernst Gottlieb Theodor Büll?
 Hedwig Büll Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աննա Բյուլը ծնվել է լյութերական ընտանիքում, հայրը ցեխաբուժության հանգստավայրի սեփականատեր է եղել։ Նա ընտանիքի ութ երեխաներից վեցերորդն էր։ Մինչև 15 տարեկան հաճախել է Էստոնիայի կառավարական դպրոց, այնուհետև սովորել է Սանկտ Պետերբուրգում բարձրագույն մանկավարժական ինստիտուտում, իսկ Գերմանիայում ստացել է միսիոներական կրթություն՝ ոգեշնչվելով էվանգելիստ Յոհան Կարգելի դասախոսություններով։

Տիրապետել է էստոներենին, ռուսերենին, ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, իսկ Կիլիկիայում միսիոներական առաքելությունն իրականացնելու ընթացքում սովորել է թուրքերեն և հայերեն[1]։

Միսիոներական առաքելություն խմբագրել

1909 թվականին, եվրոպական մամուլից տեղեկանալով Ադանայում հայկական կոտորածների սարսափազդու լուրերին, որոշում է մեկնել հեռավոր երկիր՝ կոտորածների հետևանքով որբացած քրիստոնյա երեխաների փրկության գործին մասնակցելու համար։ 1911 թվականին ժամանում է Կիլիկիա և անցնում աշխատանքի Մարաշի ծնողազուրկ հայ երեխաների համար գերմանացի ավետարանական քարոզիչների կողմից բացված «Բեյթել» որբանոցում՝ որպես ուսուցչուհի։ Այստեղ չորս տարի պաշտոնավարելուց հետո՝ 1915 թվականին Աննա Բյուլն ականատես է լինում երիտթուրք իշխանությունների կողմից իրականացվող հայկական կոտորածներին։ 1916-1919 թթ. Հեդվիգ Բյուլն աշխատել է նույն միսիոներական առաքելությանը պատկանող Հարունիե գյուղի (Մարաշից հարավ) գերմանական որբանոցում։ 1918 թվականին երիտասարդ միսիոներուհին իր գործադրած գերմարդկային ջանքերի շնորհիվ կարողանում է թուրքական աքսորից փրկել որբանոցի սաներին և նրանց ազատել վերահաս վտանգից։ 1919 թվականին հաշվի առնելով Կիլիկիայում ստեղծված քաղաքական իրավիճակը՝ Բյուլը հարկադրված մեկնում է Էստոնիա։

1922 թվականին Բյուլն անդամագրվում է Ստրասբուրգ քաղաքում հիմնադրված «Քրիստոնեական առաքելություն Արևելքի մեջ» ավետարանական մարդասիրական կազմակերպությանը և մեկնում Հալեպ։ Այդ ժամանակ Սիրիայում կար ավելի քան 160 000 գաղթական, որոնք հիմնականում ապաստան էին գտել Հալեպի Սուլեյմանիե և Ռամատանիե արվարձաններում կառուցված հյուղակներում («Հայկական քեմփ») և ապրում էին ծայրահեղ աղքատության ու թշվառության մեջ։ Կենցաղային տարրական պայմաններից զուրկ հայ գաղթականության շրջանում խիստ տարածված էին վարակիչ զանազան հիվանդություններ, որոնք օրական հարյուրավոր մարդկային կյանքեր էին խլում։ Անհրաժեշտ էր շտապ կերպով կազմակերպել հիվանդների փրկության գործը։ Հալեպում Բյուլի նախաձեռնությամբ բացվում է հիվանդանոց, որտեղ աշխատում են Սիրիայի նշանավոր հայ բժիշկները (Ավետիս Ճեպեճյան, Ֆիլիպ Հովնանյան և այլն)։ «Հայկական քեմփ»-ում ապրող հայ գաղթականների վիճակը թեթևացնելու ուղղությամբ կարևոր քայլերից մեկն է լինում աշխատատեղերի ստեղծումը։ Բյուլն իր մարաշցի ծանոթների օգնությամբ հիմնում է ջուլհականոց և ձեռագործի արհեստանոց։ Այստեղ աշխատանք են գտնում շուրջ 500 հայ կանայք և աղջիկներ, որոնց ստեղծած կարպետներն ու ձեռագործները վաճառվում էին եվրոպական երկրներում, իսկ ստացված հասույթը տրվում էր հայ կանանց՝ իրբև աշխատավարձ։

Հեդվիգ Բյուլի նախաձեռնությամբ Հալեպի տարբեր դպրոցներում սովորող ավելի քան 250 հայ երեխաների համար սահմանվում են կրթաթոշակներ։ Նա մշակում է նաև երեխաների որդեգրման մի յուրօրինակ ձև, որի համաձայն եվրոպական բարերար ընտանիքները պետք է որդեգրեին Հալեպում հաստատված հայ գաղթական ընտանիքի երեխաներից մեկին և ամսական մեկ ոսկի ուղարկեին որդեգրվածի հարազատներին։ Իր կատարած բազմաթիվ հայանպաստ աշխատանքների համար Բյուլն անչափ սիրված էր Հալեպի հայ համայնքի կողմից, որի համար արժանացել է «Բյուլ Մայրիկ» պատվավոր կոչմանը։

1947 թվականին աշխարհասփյուռ հայության համար Խորհրդային Հայաստան ներգաղթելու առիթ է ընձեռնվում։ Բազմաթիվ սիրիահայեր, այդ թվում նաև Բյուլին հարազատ դարձած մարդիկ, հաստատվում են Մայր հայրենիքում։ Հայասեր էստոնուհու նվիրական երազանքն էր իր սիրիահայ բարեկամների հետ բնակություն հաստատել Հայաստանում, սակայն ներգաղթի կոմիտեն մերժում է նրա խնդրագիրը։

40 տարի կյանքն անմնացորդ նվիրելով հայ ժողովրդին՝ Բյուլը 1951 թվականին 64 տարեկան հասակում հեռանում է Հալեպից՝ այդպես էլ չունենալով սեփական ընտանիքը։ Սակայն նա չի կարողանում վերադառնալ հայրենի Էստոնիա, քանի որ այն Խորհրդային Միության կազմում էր, հետևաբար մուտքի թույլտվություն ստանալն՝ անհնար։ Բյուլը հաստատվում է Եվրոպայում։ Այստեղ նա շարունակում է նամակագրական կապը իր նախկին սաների հետ, որոնք ցրվելով աշխարհով մեկ՝ չէին մոռանում սիրելի Բյուլ Մայրիկին։ Նրանցից մեկին ուղղված նամակում Հեդվիգ Բյուլը գրել էր. «…իմ սիրտը հայ է…»։

1965 թվականին Բյուլը ժամանում է Սիրիա, ապա Լիբանան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին Հալեպում և Բեյրութում։ Կյանքի վերջին տարիները Բյուլն անցկացրել է գերմանական ծերանոցներից մեկում։ 90-անց զառամյալ կինը՝ մահվան մահճում պառկած, մոռացել էր այն վեց լեզուները, որոնց նա ազատորեն տիրապետում էր և Բյուլ Մայրիկը ծերանոցի աշխատակիցների հետ հաղորդակցվում էր միայն իրեն հարազատ դարձած հայերենով[2]։

Հիշատակի հավերժացում խմբագրել

 
Աննա Հեդվիգ Բյուլի անվան հուշատախտակը Հաապսալուի նրա տան պատին
  • 1989 թվականի ապրիլի 29-ին Հաապսալուի Կուլի փողոց 5 հասցեում, որտեղ ապրել է Բյուլը, հայ-էստոնական մշակութային հանրության կողմից փակցվեց հուշատախտակ։
  • 2003 թվականին Աննա Հեդվիգ Բյուլի գերեզմանից բերված հողը ամփոփվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի Հուշապատի մեջ[3]։
  • 2014 թվականի սեպտեմբերի 22-ին Էստոնիայի Հաապսալու քաղաքում Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի և ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայ որբերին փրկած էստոնուհի միսսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը[4]։
  • Յակոբսենի ու ևս չորս եվրոպացի հումանիստ կանանց կյանքի ու գործունեության մասին է պատմում 2015 թ. նկարահանված «Փրկության քարտեզ» ֆիլմը։
  • 2016 թվականին նկարահանված է «Վերջին Աղոթքը» վավերագրական ֆիլմը https://www.youtube.com/watch?v=FwezKMRT8I0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աննա Հեդվիգ Բյուլ. ծննդյան 125-ամյակի առիթով «Իմ սիրտը հայ է»
  2. «Իմ սիրտը հայ է». Հեդվիգ Բյուլի՝ «Բյուլ մայրիկի», ծննդյան 125-ամյակի առիթով
  3. ««Հիշատակի պատը»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  4. Էստոնիայում ԿԳ նախարարը ներկա է գտնվել Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողությանը(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

Վարդան Գրիգորյան, Հայությանը նվիրված կյանք, Երևան, 1996 թ., 87 էջ։

Արտաքին հղումներ խմբագրել