Անդրադարձ դերանուն[1], դերանուն, որով սուբյեկտը՝ գործողություն կատարողը, գործողությունը վերագրում, հատկացնում է իրեն։ Այսպիսին են, օրինակ, հայերենի «իւր» (յուր), ռուսերենի «себя», գերմաներենի «sich» դերանունները։ Ինչպես հայերենում, այնպես էլ աշխարհի շատ լեզուներով դերանվանական նման գաղափար արտահայտվում է տարբեր եղանակներով (հայերենում՝ ես ինքս, դու ինքդ, ես ու ես, ինքզինքս և այլն)[2]։

Ծագում խմբագրել

Հնդեվրոպական լեզուներում՝ անդրադարձ դերանունը ծագել է հնդեվրոպական նախալեզվից։ Որոշ լեզուներում օբյեկտի և անդրադարձ դերանվան միջև տարբերությունն առկա է միայն երրորդ դեմքում։ Հնդեվրոպական լեզուն ունեցել է միայն մեկ անդրադարձ դերանուն, որը գործածվում էր բոլոր թվերի և դեմքերի համար։ Բունն էր sew, sw, s-, որ ձևով ճիշտ համապատասխան է եզակի երկրորդ դեմքի դերանվանը։

Այլ լեզուներում խմբագրել

Բոլոր լեզուներում չէ, որ կան անձնական դերանուններ։ Այսպես, օրինակ, աֆրիկյան բանտու ընտանիքի կագուրու լեզվով անդրադարձ դերանվան համար դնում են munda «փոր» կամ mtima և moyo «սիրտ» բառերը, օրինակ՝ namanya munda yangu` «ես ինքս ինձ ճանաչում եմ»։ Նույն ընտանիքի կամբա լեզվում գործածվում է n'go «սիրտ» բառը։

Մելանեզյան մոտա լեզվում բայի անդրադարձ ձևը կազմելու համար մասնիկի ձևով գործածվում է kel «ետևս, հետս» բառը։ Բանտու ընտանիքի տաիտա լեզվում՝ čongo «գլուխ» կամ ngolo «սիրտ» բառով։

Աֆրիկյան վակուֆի լեզվով անդրադարձը կազմվում է «սիրտ կամ մարմին» բառով։ Բերբերական կաբիլ լեզվով անդրադարձ կազմելու համար բայի հետ դնում են iman «հոգի, անձ»։ Մարոկկոյի բերբերների լեզվով անդրադարձ դերանունը կազմվում է «գլուխ» բառով։ Թուրքմեներեն լեզվով, ինչպես և ադրբեջաներենում անդրադարձ դերանունը կազմվում է öz «հյութ, հույզ» բառով, որն իր ստացական հոդով լինում է՝ özim «ես ինքս», özin «դու ինքդ» և այլն։

Եբրայերենը օգտագործում է «սիրտ, ներս, հոգի, դեմք, բառերը»։ Ասորերենում, որտեղ նույնպես բացակայում են անդրադարձ դերանունները անհարժեշտության դեպքում գործածվում են ramānu «անձ» և napištu «հոգի» բառերը։ Արաբերենում կազմվում է nafs «անձ» բառով։ Վոտյակերենն ունի անդրադարձ դերանունների մեծ պաշար, որոնք ենթադրաբար «հոգի» բառի ածանցյալ ձևերն են։

Աննամերենում գործածում են miny «մարմին» բառը։ Յակուտերենում կազմվում է beye «ինքը» ձևով։ Օրինակ՝ beyem «ինքս», beyete «ինքը» և այլն։

Չինարենում գործածվում է «սիրտ» և «մարմին» բառերը, բասկերեն լեզվում՝ buru «գլուխ» բառով։ Վրացերենում անդրադարձ դերնվան համար նույնպես օգտագործվում է թավի՝ «գլուխ» բառը՝ առանձին կամ ստացական ածականով միացած։ Վրացերենի ցեղակից լազերենում անդրադարձ դերանունը կազմում են թի «գլուխ» բառով։

Եթովպական ահմարերեն լեզուն առանձին անդրադարձ դերանուններ չունի, այն արտահայտելու համար դնում են «գլուխ, ձեռք, բերան» բառերը՝ ստացական ածականի հետ։ Հնդկական տիրահի լեզվով անդրադարձ ստացական դերանուն է tānu «սեփակկան» բառը։ Այլ լեզուներում անդրադարձ դերանվան համար կա առանձին բառ, օրինակ՝ թուրքերենում kendi «ինքը» բառը։

Կազմության այլ ձևը անձնական դերանվան կրկնությունն է, որը հատուկ է նաև հայերենին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գործածության մեջ է դրել Խաչատուր Աբովյանը։
  2. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 12։
  3. «Հ. Աճառյան. Լիակատար Քերականություն Հայոց լեզվի, Հ. II». serials.flib.sci.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.