Եղանակի քերականական կարգ
Բայի եղանակի քերականական կարգով արտահայտվում է խոսողի, խոսակցի կամ մի երրորդ անձի վերաբերմունքը գործողության կատարման եղանակի (ձևի) նկատմամբ, ինչպես նաև գործողության ու իրականության փոխհարաբերության նկատմամբ[1]։
Բայի եղանակի կարգի տրամաբանական հիմքն այն է, որ նույն գործողությունը կարող է ներկայացվել որպես իրական, ցանկալի, ենթադրելի, պայմանական, անհրաժեշտական և այլն. նույն գործողության տարբեր երանգավորումները գնահատվում են խոսողի տեսանկյունից[2]։
Ժամանակակից հայերենում բայն ունի հինգ եղանակ.
- Սահմանական եղանակը ցույց է տալիս հաղորդողի (խոսողի) կողմից հավաստի համարվող գործողություն կամ եղելություն (գրում եմ, գրելու եմ, գրել եմ, գրեցի)։ - Անկոթ կացինը ձեռքին ինքը կանգնել էր գոմաղբի հին, սև կույտի վրա ու ոտքով խաղում էր դդումի հետ, հայրը նստել էր փեթակների մեջ ու ականջ էր դնում: (Հրանտ Մաթևոսյան)
- Հրամայական եղանակը ցույց է տալիս հաղորդողի կողմից ընդունողին (խոսակցին) պարտադրվող գործողություն (գրի՛ր, գրեցե՛ք)։
- Ըղձական եղանակը ցույց է տալիս հաղորդողի կողմից ցանկալի, հնարավոր համարվող գործողություն (գրեմ, գրեի)։
- Հարկադրական եղանակը ցույց է տալիս անհրաժեշտ համարվող գործողություն (պիտի գրեմ, պիտի գրեի)։ - Բայց չի կարելի ասել, թե քարատակ եկողն անպայման պիտի հարեր խմբերից մեկն ու մեկին: (Ակսել Բակունց)
- Պայմանական եղանակը ցույց է տալիս հաղորդողի կողմից հաստատորեն որոշակիորեն ենթադրվող գործողություն (կգրեմ, կգրեի)։ Սիմոնը տնքալով թիկնեց մութաքաներին և խուլ ու հոգնած ասաց.– Արմենակը գա` մի բան կմտածենք: (Հրանտ Մաթևոսյան)
Եղանակներից յուրաքանչյուրի արտահայտած իմաստը որոշակի հասկանալի է հատկապես համատեքստից դուրս կամ այն նախադասություններում, որոնցում չկան տվյալ եղանակի իմաստին հակադրվող բառային-խոսքային միջավայր, քերականական-հնչերանգային այլաբնույթ իրակություններ[3]։
Ասորերենում բայական եղանակներից մեկն անվանվում է ածանցական եղանակ, որն ըստ Աճառյանի՝ «նույնն է, ինչ սաստկական եղանակը, այն տարբերությամբ, որ իրենից հետո պահանջում է առարկայական եղանակի գործածություն»[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գ. Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994։
- ↑ Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։
- ↑ Սերգեյ Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 161։
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 6։
Գրականություն
խմբագրել- Է. Աղայան, Լեզվաբանության հիմունքներ, Երևան, 1987։
- Հրաչյա Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հատոր 4, գիրք Ա, Երևան, 1959։
- Ա. Աբրահամյան, Բայը ժամանակակից հայերենում, գիրք առաջին, Երևան, 1962։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 499)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղանակի քերականական կարգ» հոդվածին։ |