Անաստասիա Չեբոտարևսկայա

թարգմանիչ, գրական, գեղարվեստական քննադատ, պատմվածքների, պիեսների և լրագրողական հոդվածների հեղինակ

Անաստասիա Նիկոլաևնա Չեբոտարևսկայա (ռուս.՝ Анастаси́я Никола́евна Чеботаре́вская, դեկտեմբերի 26 1876 (հունվարի 7 1877)[1][2], Կուրսկ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 23, 1921(1921-09-23)[1][2], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան), ռուս բանաստեղծուհի, դրամատուրգ, թարգմանչուհի, Ռուսաստանում կանանց շարժման ակտիվիստ։ Ֆեոդոր Սոլոգուբի կինը՝ թարգմանչուհի և բանաստեղծուհի Ալեքսանդրա Չեբոտարևսկայայի կրտսեր քույրը։

Անաստասիա Չեբոտարևսկայա
Ծնվել էդեկտեմբերի 26 1876 (հունվարի 7 1877)[1][2]
ԾննդավայրԿուրսկ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 23, 1921(1921-09-23)[1][2] (44 տարեկան)
Վախճանի վայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանՍմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն
Գրական անունБродяга[1]
Մասնագիտությունգրող, թարգմանչուհի և դրամատուրգ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Խորհրդային Ռուսաստան
ԱմուսինՖեոդոր Սոլոգուբ

Կենսագրություն խմբագրել

Անաստասիա Նիկոլաևնա Չեբոտարևսկայան ծնվել է 1877 թվականի հունվարի 7-ին (նոր տոմարով), Կուրսկում[3]։ Հայրը՝ Նիկոլայ Նիկոլաևիչ Չեբոտարևսկին (մահացել է 1900 թվականին), եղել է փաստաբան[4]։ Մայրը՝ Անաստասիա Նիկոլաևնան (մոտ 1850 - մոտ 1879), ով «Ագի-Յաշվիլի» վրացի իշխանների տոհմից էր, ինքնասպան է եղել հոգեկան հիվանդության պատճառով, երբ նրա դուստրը (յոթ երեխաներից վեցերորդը) մոտ երեք տարեկան էր։ Նրա մահից կարճ ժամանակ առաջ ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։

Հայրը երկրորդ անգամ է ամուսնացել, նրա կինը Ալեքսանդրա Էդուարդովնան է (ծննդյամբ Վիվիեն) եղել և երկրորդ ամուսնությունից ունեցել է վեց երեխա։ Առաջին ամուսնությունից երեխաները մեծացել են Չեբոտարևսկայայի ավագ քրոջ՝ Ալեքսանդրայի խնամակալության ներքո։ Ըստ հուշերի՝ «Մանկության տպավորություններն ամենամռայլն են եղել մինչ գիմնազիա գնալը․

  մենք ամբողջությամբ գերմանուհի տնային դաստիարակչուհիների խնամքի տակ էինք, արտաքին տպավորությունները բացակայում էին և մշտապես կլանված էինք հսկայական թվով գրքերում (8 տարեկանում ես կարդացի «Ի՞նչ անել»-ը, Զախեր-Մազոխին, Թեքերեյին)։ Ապրում էինք բացառապես ֆանտազիայով՝ եղբորս և քույրերիս հետ խաղերը նմանավողական գրականության բնույթ էին կրում[5]  

:

Սովորել է Մոսկվայի մասնավոր գիմնազիայում Զ․ Դ. Պերեպելկինայի հետ միասին, վաղ տարիքում դրսևորվել է նրա հակումը գրականության և պատմության նկատմամբ, միջնակարգ դպրոցում գրել է բանաստեղծություններ, փորձել է թարգմանել Պ. Վերլենին և մյուսներին։ Ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի մանկավարժական դասընթացների «Կոլեկտիվ դասեր»-ի պատմաբանասիրական բաժինը։ Գումար վաստակելու համար երկու տարի դասավանդել է Տիլ գործարանի երեկոյան դասարաններում և աշխատել Վիճակագրական կոմիտեում։ Քրոջ՝ Ալեքսանդրայի հետ սովորել է Փարիզում (1903-1905), ստացել Ռուսաստանի հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի դիպլոմ։ Եղել է Մաքսիմ Կովալևսկու անձնական քարտուղարը։ Այդ տարիներին էլ հրապարակվել են նրա առաջին ստեղծագործությունները (պատմվածքներ, գրաքննադատական ​​ակնարկներ, գրախոսականներ) «Ամսագիր բոլորի համար», «Պրավդա» ամսագրերում (մի շարք հոդվածներ հրապարակվել են Թափառաշրջիկ կեղծանունով), «Հարավի ձայն» և «Бакинские известия» թերթերում։ 1905 թվականի աշնանը վերադառնալուց հետո նա հաստատվել է Սանկտ Պետերբուրգում՝ համագործակցելով «Ամսագիր բոլորի համար» ամսագրի (1905-1906) և «Ընկեր» թերթի հետ, որտեղ ստեղծվել է գրական խմբակ, որի մասնակիցների թվում են եղել Միխայիլ Արցիբաշևը, Վասիլի Բաշկինը, Լեոնիդ Անդրուսոնը։

Սոլոգուբի հետ ծանոթությունը տեղի է ունեցել 1907 թվականին, երբ նրանց միջև սկսվել է գործնական նամակագրություն, որն աշնանը վերածվել է միմյանց նկատմամբ փոխադարձ հետաքրքրության։ Նամակագրության խթան է հանդիսացել Չեբոտարևսկայայի դիմումը Սոլոգուբին՝ խնդրելով տալ իր կարճ կենսագրականը իր կողմից նախապատրաստվող «Ռուս գրողների համառոտ ինքնակենսագրական տվյալներ ռուս գրականության վերջին 25 տարիների համար» տեղեկատվական գրքի համար։

Այդ ժամանակ նա չի հրատարակել պլանավորված գիրքը, բայց ավելի ուշ՝ 1914 թվականին, նախապատրաստել է Սոլոգուբի մանրամասն կենսագրությունը պրոֆեսոր Սեմյոն Վենգերովի մատենագիտական-կենսագրական տեղեկատուի համար (դա իր տեսակի մեջ գրողի միակ «հեղինակային» կենսագրությունն է եղել)։

1908 թվականին Չեբոտարևսկայան ամուսնացել է Սոլոգուբի հետ (պաշտոնական հարսանիքը տեղի է ունեցել 1915 թվականի սեպտեմբերին)։ Սերտորեն ընդունելով ամուսնու ստեղծագործությունները՝ Չեբոտարևսկայան չի սահմանափակվել գրողի մասին հոդվածներով, այլ սկսել է խորանալ ամուսնու բոլոր գրական կապերի մեջ՝ փորձելով ամրապնդել դրանք և, կարելի է ասել, դարձել է նրա գրական գործակալը։ 1910 թվականին Սոլոգուբը և Չեբոտարևսկայան տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգի Ռազյեզժայա փողոցի 31 տուն, որտեղ Չեբոտարևսկայայի ջանքերով ստեղծվել է իսկական գրական սալոն, որտեղ ըստ Կոնստանտին Էրբերգի, «հավաքվում էին այն ժամանակվա Պետերբուրգի գեղարվեստական, ​​ գրական և թատերական շրջանակի ներկայացուցիչները»։ Ռազյեզժայայի սալոնում հատուկ երեկոներ են կազմակերպվել՝ նվիրված նոր հետաքրքիր բանաստեղծների, կազմակերպվել են նաև Աննա Ախմատովային, Սերգեյ Եսենինին, Իգոր Սևերյանինին նվիրված երեկոներ։

Չեբոտարևսկայան ցանկացել է, որ Ֆեոդոր Սոլոգուբը Ռուսաստանի մշակութային աշխարհում զբաղեցնի իր տաղանդին համապատասխան տեղ, իսկ նրա ստեղծագործությունները հասանելի լինեն բոլորին։ Լինելով հուզավառ, եռանդուն, անընդհատ ինչ-որ բան կազմակերպող, գաղափարներով լեցուն և ունենալով անհավասարակշիռ հոգեվիճակ, Չեբոտարևսկայան ներկայացրել է Սոլոգուբին որպես գրող նրան ոչ բնորոշ հատկանիշներով՝ ցանկացած առիթով ջանասիրաբար պաշտպանելով նրա իրավունքները։

Նա խանդավառությամբ է դիմավորել Փետրվարյան հեղափոխությունը և Սոլոգուբի հետ միասին մշակել է «Անկախության, ազատության և մարդու իրավունքների մեծ հռչակագիրը...», «1917 թվականի Սահմանադիր ժողովի մասին օրենքի նախագիծը և դրա գերակայության երաշխիքները» հռչակագրերը։ Ակտիվորեն մասնակցել է հասարակական կյանքին, կազմակերպել գրական երեկոներ և դասախոսություններ հեղափոխության, պատերազմի, արվեստի թեմաներով։ 1917 թվականի մայիսին կոչ է արել «Արվեստի գործիչներին»՝ աջակցելու ժամանակավոր կառավարության «Պատերազմ մինչև հաղթական ավարտ» կարգախոսին, մասնակցել է Սոլոգուբի (1917-1918) ղեկավարած Արվեստի գործիչների միության գրական խորհրդի, Թարգմանիչների և գրողների միության (1917 թվականին ընտրվել է խորհրդի կազմում), Գեղարվեստական գրականության գործիչների միության (1918) աշխատանքներին։ Հետագայում Չեբոտարևսկայան և Սոլոգուբը ստիպված են եղել «հեռանալ ամեն տեղից»։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա հրապարակել է մի շարք արդիական լրագրողական տեքստեր։ «Ովքե՞ր են նրանք»[6] հոդվածում նա բացահայտ մեղադրել է Վլադիմիր Լենինին և Լև Տրոցկուն «քաղաքական քմահաճության», իշխանության բռնի զավթման մեջ, նրանց անվանել հանցագործներ, «հոկտեմբերի արյունոտ օրերի դահիճներ». «Գնդակահարելով մեր սեփականը»[7] հոդվածում նա դառնորեն գրել է Հոկտեմբերյան հեղափոխության հետևանքով ռուս մտավորականության պառակտման մասին։ Անկախ մամուլի լուծարումից հետո բռնապետական ​​իշխանության դեմ բողոքն արտահայտվել է ծայրաստիճան շրջաբերական ակնարկների միջոցով, ինչպես, օրինակ, Ֆրանսիական Մեծ հեղափոխության արվեստի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և «Պատմությունը կրկնվում է» հոդվածում[8] Անատոլ Ֆրանսի «Աստվածների ծարավը» վեպի մասին։

Սոլոգուբը և Չեբոտարևսկայան բազմիցս դիմել են կառավարությանը (1918-1920)՝ իրենց առողջությունը բարելավելու և գրական գործեր կազմակերպելու համար արտասահման մեկնելու թույլտվություն տալու խնդրանքով, բայց մերժվել են։ Գումար վաստակելու համար նրանք թարգմանություններ և խմբագրումներ են կատարել «Համաշխարհային գրականություն» հրատարակչության համար, որտեղ էլ հրատարակել են Չեբոտարևսկայայի թարգմանած գրքերը՝ Գի դը Մոպասանի «Սիրելի ընկեր» վեպի երկրորդ հրատարակությունը (Սոլոգուբի խմբագրությամբ, 1919) և նրա «Պիշկա» (1920) պատմվածքը, Ալֆոնս Դոդեի «Նամակներ ջրաղացից» (1919) պատմվածքների շարքը, հետմահու՝ Կլայստի «Պենտեզիլեի» (1923) 2-րդ հրատարակությունը և «Կոտրված սափորը» (1923) կատակերգությունը։

Ամռան ամիսներին (1918-1921) ամուսինները մեկնել են Կոստրոմայի մոտ գտնվող Կնյաժինո կալվածք[9], որտեղ 1921 թվականի օգոստոսին տեղեկացել են Ալեքսանդր Բլոկի մահվան մասին, շուտով գնդակահարվել է Նիկոլայ Գումիլյովը․ այդ երկու իրադարձություններն էլ ավելի են սաստկացրել բոլշևիկյան տեռորից ճակատագրական հուսահատության գիտակցությունը։ Չեբոտարևսկայայի փխրուն հոգեկան առողջությունը[10], որը ցնցվել է վերջին տարիների դժվարություններից, ամբողջովին խարխլվել է։ Նա «որոշեց, որ «ճակատագիրը փրկագին զոհեր է պահանջում»՝ կանխատեսելով երեք ռուս մեծ բանաստեղծների մահը՝ երրորդը պետք է լիներ Սոլոգուբը։ Բայց նա դեռ կարող է փրկվել, եթե ինչ-որ մեկը իրեն զոհաբերեր նրա համար»։ Վերադառնալով Պետրոգրադ՝ արտասահման մեկնելուն նախապատրաստվելիս (բազմաթիվ ուշացումներից հետո նրանք թույլտվություն էին ստացել մեկնելու Էստոնիա), նա ինքնասպանություն է գործել (23 սեպտեմբերի, 1921)[3][11]՝ իրեն նետելով Ժդանովկա գետը՝ Տուչկովի կամրջի ամբարտակից[12]։

Չեբոտարևսկայայի մահը հուշագրություններում լայն արձագանք է ստացեկ։ Սոլոգուբը Չեբոտարևսկայային է նվիրել իր լավագույն քնարական շարքերից մեկը՝ «Անաստասիա»-ն (1921)։

Ստեղծագործական ուղի խմբագրել

 
Ֆեոդոր Սոլոգուբը և Չեբոտարևսկայան իրենց տանը: Լուսանկարը՝ Կ. Բուլլի: 1910-ական թթ․

Չեբոտարևսկայան մի շարք պիեսների և պատմվածքների հեղինակ է, «Մտքեր և երգեր» (1911), «Սերը 18-19-րդ դարերի նշանավոր մարդկանց նամակներում» (1913), «Պատերազմ ռուսական պոեզիայում» (1915), «Ռուսաստանը հայրենի երգերում» (1915) անթոլոգիաների կազմողը։ Նրա վերջին աշխատանքը «Կինը 1789 թվականի հեղափոխության նախօրեին» (1922) գիրքն է։

Թարգմանել է Ստենդալի, Օկտավ Միրբոյի, Գի դը Մոպասանի, Ռոմեն Ռոլանի, Գ. Կլեյստի, Մ. Մետերլինկի և շատ այլ հեղինակների ստեղծագործություններ։

1909-1914 թվականներին Չեբոտարևսկայան բազմաթիվ թարգմանչական պատվերների կատարման աշխատանքներում ներգրավել է նաև Սոլոգուբին։ Նրանք միասին թարգմանել են Էդվարդ Ստուկենի «Նավահանգիստ» պիեսը, Հայնրիխ ֆոն Կլեյստի «Պենտեզիլեա» և «Կոտրված սափորը» պիեսները, Ժ. Լորենի, Պ. Կլոդելի, Շատոբրիանի «Աստարտա (Պարոն դե Ֆոկաս)» դեկադենտական վեպը։

1911 թվականի ամռանը լույս է տեսել Չեբոտարևսկայայի կազմած «Ֆեոդոր Սոլոգուբի մասին։ Քննադատություն, հոդվածներ ևգրառումներ» գիրքը։

Չեբոտարևսկայայի ստեղծագործական համագործակցությունը Ֆեոդոր Սոլոգուբի հետ իր արտահայտությունն է գտել նրանց համատեղ գրած մի քանի պատմվածքներով, հոդվածներով և պիեսներով՝ «Հին տուն» և «Ճանապարհ դեպի Դամասկոս» պատմվածքները, «Սերը անդունդի վրա», «Հաղթական երազանքը» «Ջուրը նետված քարը» պիեսները։ «Սառը ճրագալույց» պատմվածքը հիմնականում պատկանում է միայն Չեբոտարևսկայայի գրչին, թեև այն հրատարակվել է Սոլոգուբ անունով։ Սոլոգուբի գրառումների և ակնարկների հիման վրա Չեբոտարևսկայան նրա համար պատրաստել և գրել է դասախոսություններ և կազմել հոդվածներ։ Երբեմն թերթերում նրա սեփական հոդվածները ստորագրվում էին Ֆյոդոր Սոլոգուբի անունով, այդ կերպ դրանք ավելի պատրաստակամորեն էին տպագրվում։

Իր «կյանքի ստեղծագործության» մեջ նա ձգտել է իրականություն դարձնել երկու սիրահարների ազատ միության, նոր տեսակի ամուսնության գաղափարները, որոնք մնացել են այդ դարաշրջանի շատ կանանց երազանքը։ Հենց Չեբոտարևսկայան է նոր շունչ հաղորդել Սոլոգուբի ստեղծագործությանը 1910-ականներին և հենց նրա ողբերգական ինքնասպանությունն է, որ նա սգացել է իր հետագա պոեզիայում։ Իր կյանքի վերջին տարիներին Չեբոտարևսկայան աշխատել է «Կինը 1789 թվականի հեղափոխության նախօրեին» մշակութային-պատմական ուսումնասիրության վրա, որտեղ փորձել է որոշել 18-րդ դարի կնոջ տեսակը «մշակութային և կենցաղային» տեսանկյունից, նրա ազդեցությունը մշակույթի վրա, երբ նա «իշխում է» գրական, փիլիսոփայական և քաղաքական սրահներում, իսկ «տիկնանց» գնահատականները «նպաստեցին Ռուսոյի, Բոմարշեի, Մարիվոյի և այլոց հաջողություններին, և շատ նկարիչներ «իրենց համբավով պարտական ​​են իրենց հովանավորած կանանց»։ Գիրքը չի ավարտվել, հետմահու հրատարակվել է Սոլոգուբի կողմից՝ Չեբոտարևսկայային նվիրված կենսագրական ակնարկով (1922)[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Русские писатели 1800—1917: Биографический словарь (русский) (ռուս.) / под ред. Б. Ф. Егоров — 2019. — Т. 6:С—Ч. — 656 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 «Никольская Т. Л. // А. Н. Чеботаревская: краткая справка». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  4. Опубликовал «Вавилонский контракт 666 г. до Р.Х.» (1889), перевёл «Исследования по истории права» Р. Дареста (1894).
  5. Русские писатели, 2019, էջ 605
  6. «Петроградский голос», 5 декабря 1917 года.
  7. «Вечерний час», 29 января 1918 года.
  8. «Новый вечерний час», 27 апреля 1918 года.
  9. Арендовали с 1916 года. В 1918 году имение было экспроприировано под школу-интернат, с сохранением за ними двух комнат.
  10. Она страдала приступами маниакально-депрессивного психоза.
  11. «Биография Фёдора Сологуба». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  12. 12,0 12,1 Русские писатели, 2019, էջ 609

Գրականություն խմբագրել

  • Павлова М. М. ЧЕБОТАРЕ́ВСКАЯ Анастасия Николаевна // Русские писатели, 1800—1917 : Биографический словарь / гл. ред. Б. Ф. Егоров. — М. : Большая российская энциклопедия ; СПб. : Нестор-История, 2019. — Т. 6 : С—Ч. — С. 606—609. — 656 с. — (Сер. биогр. словарей: Русские писатели. 11—20 вв.). — 1000 экз. — ISBN 5-85270-011-8. — ISBN 978-5-4469-1616-0 (т. 6).

Արտաքին հղումներ խմբագրել