Ամպիր (ֆր.՝ empire - կայսրություն), 19-րդ դարի առաջին երեք տասնամյակների եվրոպական ճարտարապետության և կերպարվեստի (հիմնականում՝ դեկորատիվ-կիրառական) ոճ, որով ավարտվեց կլասիցիզմի զարգացումը։ Տիպարներ փոխառնելով անտիկ արվեստից՝ ամպիրը օգտվեց նաև արխաիկայի շրջանի Հունաստանի ու կայսերական Հռոմի գեղարվեստական ժառանգությունից՝ վերցնելով ռազմական հզորություն ու փառք մարմնավորող մոտիվներ՝ վիթխարի մույթերի (առավելապես դորիական և տոսկանական օրդերների) մոնումենտալ ձևեր, զինանշաններ (լիկտորական ժապավեններ, զենք ու զրահ, դափնեպսակներ, արծիվներ և այլն)։

Մադլեն եկեղեցին, Փարիզ

Պատմություն

խմբագրել

Ամպիր ներառվել է նաև հին եգիպտական ճարտարապետության և քանդակագործության առանձին մոտիվներ (պատերի և մույթերի խոշոր, չմասնատված հարթություններ, երկրաչափական հոծ ծավալներ, զարդանախշ, սֆինքսներ և այլն)։

Ամպիրը կազմավորվելով կլասիցիզմի ընդերքում՝ նրա ձևերի և հարդարանքի նրբագեղությունն ու պարզությունը հետզհետե փոխարինեց առավելագույն խստությամբ և մոնումենտալ արտահայտչականությամբ։ Դրա ծայրահեղ արտահայտությունը եղավ Կ. Լեդուի և ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանի մի շարք այլ ճարտարապետների նախագծերում տեղ գտած քաղաքացիական պաթոսով տոգորված գեղարվեստական գաղափարները դարձան համաեվրոպական Ամպիրի զարգացման հիմք՝ տարբեր երկրներում ստանալով տեղական բնութագծեր։

Նապոլեոն 1-ինի կայսրության շրջան

խմբագրել

Նապոլեոն 1-ինի կայսրության շրջանում պետության փառաբանմանը ծառայեց մեմորիալ ճարտարապետությունը (հաղթակամարներ, հուշասյուներ)՝ երբեմն կրկնելով հին հռոմեական օրինակները, ինչպես Փարիզի Կարուզել հրապարակի հաղթակամարը (1806 թվականին, ճարտապետներ Շ. Պերսիե և Պ. Ֆոնտեն), որը Հռոմի Մեպտիմիոս Սևերոսի կամարի կրկնությունն էր։

Ոճերի առանձնահատկություններ

խմբագրել

Պերսիեի ու Ֆոնտենի վերակառուցած պալատների (Մալմեզոն, Ֆոնտենբլո, Բոգառնե և այլն) հանդիսավոր ինտերիերի հարդարանքում՝ եգիպտական հարթաքանդակների, էտրուսկյան սկահակների, պոմպեյան որմնանկարների, հունական և հռոմեական դեկորի, վերածննդի շրջանի ֆրեսկոների և զարդանախշերի մոտիվները համահնչյուն են Ֆ. Ժակոբի ամպիրյան կահույքին և Պ. Թոմիրի բրոնզյա իրերին, որոնք ոճավորված են հին հռոմեական հարուստ բնակելի տան կահավորանքի ոգով։

Կազմավորվելով Ֆրանսիայում՝ Ամպիր ազգային ինքնատիպ գծեր ձեռք բերեց Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Իտալիայում, Ռուսաստանում և Գերմանիայում՝ դառնալով այդ երկրների պետական անկախության գաղափարների արտահայտությունը։

Գրականություն

խմբագրել
  • Александр Спельц. Орнаменты Ампира. — 1924. Иллюстрации Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
  • Bourgeois E. Le style Empire, ses origines et ses caractères. P- ., 1930.
  • Некрасов А. И. Русский ампир. — М., 1935.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամպիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 330