Ամալյա Հայկի Հարությունյան (1933, Սևքար, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1997, Գյումրի, Հայաստան), խորհրդահայ ջուլհակ, ջուլհակագործության առաջատար։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1981)[1]։ ՀԽՍՀ վաստակավոր վարպետ, երիտասարդության դաստիարակ։ ԽՍՀՄ 10-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Ամալյա Հարությունյան
Ծնվել է1933
ԾննդավայրՍևքար, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1997
Մահվան վայրԳյումրի, Հայաստան
ԳերեզմանԳյումրի
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ամալյա Հարությունյանը ծնվել է 1933 թվականին Հայկական ԽՍՀ Իջևանի շրջանի Սևքար գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։ Նա ընտանիքի չորս երեխաներից ամենամեծն է եղել[2]։ 1942 թվականին, երբ Ամալյան ինը տարեկան էր, հայրը զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատում՝ Կերչի համար մղվող մարտերում։ Ամալյայի մայրը, ով աշխատել է կոլտնտեսությունում, հիվանդացել և մահացել է, երբ Ամալյան տասներեք տարեկան է եղել։ Այդ ժամանակվանից ընտանիքի հոգսն ընկել է նրա ուսերին․ նա օգնել է պապիկին և տատիկին քույրերի և եղբոր դաստիարակության գործում[3]։ Մանկուց հրապուրված է եղել ջուլհակագործությամբ[4]։

1947 թվականին ավարտելով գյուղական յոթնամյա դպրոցը՝ Ամալյա Հարությունյանը որոշել է աշխատանքի անցնել Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ կոմբինատում, որը կոչվել է Մայիսյան ապստամբության անվան (այնուհետև՝ Հայկական ԽՍՀ Թեթև արդյունաբերության նախարարության Լենինականի Մայիսյան ապստամբության անվան բամբակագործական միավորում)։ Վեց ամիս Հարությունյանը սովորել է ֆաբրիկա-գործարանային ուսումնարանում (ՖԳՈՒ) դաստիարակներ Կարո Սարգսյանի և Երանակ Գրիգորյանի մոտ, որից հետո աշխատանքի է անցել կոմբինատում՝ որպես ջուլհակ[4][5]։

Իր աշխատանքային գործունեության առաջին ամսում Ամալյա Հարությունյանը գերակատարել է ամսական աշխատանքային պլանը. Հարությունյանը պլանով սահմանված 3,5 վայրկյանի փոխարեն հանգույցի կապելու վրա ծախսել է 2,4 վայրկյան, իսկ կտրվածքի վերացումը կատարել է նորմայից երկու անգամ ավելի արագ[6][7]։ Հարությունյանը երեք ամսվա ընթացքում հասել է ֆաբրիկայի միջին մակարդակին՝ սկսել է սպասարկել 6-8 ջուլհակահաստոց։ Շուտով նա անցել է 16 հաստոցների սպասարկման, որից հետո աշխատել է 18 հաստոցների վրա[6]։ Այդ ընթացքում Ամալյա Հարությունյանը միաձայն ընտրվել է նախ մանածագործական արտադրամասի, որից հետո՝ Լենինականի տեքստիլ կոմբինատի կոմերիտական կոմիտեի քարտուղար[8]։ Ավելի ուշ, երկար տարիների փորձ ձեռք բերելուց հետո, Հարությունյանը սկսել է սպասարկել 23 մանածագործական հաստոց և հինգ տարվա ընթացքում կատարել ութուկես տարվա նորման։ Այդ ժամանակից ամեն տարի գրանցել է սոցիալիստական պարտավորությունների զգալի գերակատարում։ Տասներորդ հնգամյա պլանի ընթացքում՝ 1980 թվականին Հարությունյանն ընդլայնել է սպասարկման տարածքը մինչև 26 հաստոց (պլանով նախատեսված 20 հաստոցների փոխարեն)՝ թողարկելով գերազանց որակի արտադրանք։ Իսկ 1981 թվականի մարտին, տասնմեկերորդ հնգամյա պլանի ընթացքում, անցել է 29 մանածագործական հաստոցների սպասարկման՝ տարվա ընթացքում թողարկելով 30,6 հազար մետր անմշակ գործվածքներ[9]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1981 թվականի մարտի 17-ի հրամանագրով արտադրական ակնառու ձեռքբերումների, տասներորդ հնգամյա պլանի առաջադրանքների և սոցիալիստական պարտավորությունների վաղաժամկետ կատարման և ցուցաբերած աշխատանքային արիության համար Հարությունյանն արժանացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ[10]։

Ամալյա Հարությունյանը մեծ ուշադրություն է դարձրել Լենինականի տեքստիլ կոմբինատի նոր կադրերի պատրաստմանն ու կրթությանը։ Նրա սաներից շատերը եղել են գործարանի թիվ 17 արհեստագործական ուսումնարանի շրջանավարտներ, որոնք հետագայում բարձր արդյունքներ են գրանցել, գերազանցել են սահմանված պլանները և արժանացել պետական պարգևների։ Նրանց թվում են եղել Լենինի շքանշանակիր Է․ Կարապետյանը, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Ա. Գևորգյանը[8]։ Ջուլհակագործների կրթության գործում ունեցած վաստակի համար Ամալյա Հարությունյանին շնորհվել է ՀԽՍՀ երիտասարդության վաստակավոր վարպետ-դաստիարակի պատվավոր կոչում։

Ամալյա Հայկի Հարությունյանը ակտիվորեն զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։ Լինելով անկուսակցական[11]՝ ընտրվել է ԽՍՀՄ 10-րդ գումարման Գերագույն խորհրդի միությունների խորհրդի պատգամավոր[12]։ Եղել է ՀԽՍՀ արհմիությունների խորհրդի անդամ[13]։ Ամալյա Հարությունյանը ակտիվորեն պայքարել է աշխատանքային կարգապահության հաստատման համար, նրա առաջարկով Լենինականի տեքստիլ կոմբինատի բաժիններում ստեղծվել են աշխատանքային կարգապահության և սոցիալիստական ունեցվածքի անվտանգության հանձնաժողովներ, որոնք հետևել են գործարանում կարգապահության ամրապնդմանը[11]։ Որպես ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր՝ Հարությունյանն ամեն կերպ օգնել է Լենինականի բնակիչներին բնակարանային և կոմունալ հարցերով[13]։

Ամալյա Հայկի Հարությունյանը մահացել է 1997 թվականին Գյումրի քաղաքում։ Թաղվել է Գյումրու գերեզմանատանը[14]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 667. — 688 с.
  2. Карапетян, 1984, էջ 69
  3. Данюшевский, 1984, էջ 246
  4. 4,0 4,1 Данюшевский, 1984, էջ 247
  5. Карапетян, 1984, էջ 70—71
  6. 6,0 6,1 Данюшевский, 1984, էջ 249
  7. Карапетян, 1984, էջ 72
  8. 8,0 8,1 Карапетян, 1984, էջ 73
  9. Данюшевский, 1984, էջ 244
  10. 10,0 10,1 10,2 10,3  Ամալյա Հարությունյան «Երկրի հերոսներ» կայքում
  11. 11,0 11,1 Данюшевский, 1984, էջ 245
  12. «Депутаты Верховного Совета СССР X-го созыва». Справочник по истории Коммунистической партии и Советского Союза. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  13. 13,0 13,1 Данюшевский, 1984, էջ 253
  14. «Амалия Гайковна Арутюнян». hush.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  15. Карапетян, 1984, էջ 74

Գրականություն խմբագրել

  • Карапетян Т. Е. Жизни нить // Слово о ленинаканских текстильщиках: о труде, передовом опыте и немного истории. — Ер.: Айастан, 1984. — С. 69—74. — 164 с.
  • Данюшевский Б. Главная нить. Арутюнян Амалия Гайковна // Герои одиннадцатой пятилетки: летопись трудовой славы. — М.: Экономика, 1984. — Т. 3. — С. 243—253. — 256 с.

Արտաքին հղումներ խմբագրել