Լայնականջ ոզնի
Լայնականջ ոզնի
Լայնականջ ոզնի
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Eulipotyphla
Ընտանիք Ոզնիներ (Erinaceidae)
Ենթաընտանիք Erinaceinae
Ցեղ Hemiechinus
Տեսակ Լայնականջ ոզնի (H. auritus)
Միջազգային անվանում
Hemiechinus auritus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Լայնականջ կամ ականջեղ ոզնի (լատին․՝ Hemiechinus auritus), ոզնիների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանի։ Գրանցված է ՀՀ և ԱՀ կենդանիների կարմիր գրքերում։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Հարավարևելյան Եվրոպայում,Առաջավոր և Կենտրոնական Ասիայում, Հնդկաստանում, Ղազախստանում։ Հայաստանում հանդիպում է Սյունիքի և Արագածոտնի մարզերում։ Արցախի հարավում հանդիպում է Հադրութի շրջանի Թաղուտ գյուղի տարածքում, հյուսիսում՝ Վարնկաթաղ (Լյուլասազ) գյուղի տարածքում։

Կենսակերպ խմբագրել

Գերադասում է բնակվել չոր տափաստաններում, կիսաանապատներում։ Խույս է տալիս խիտ և բարձր բուսականությունից։ Հանդիպում է պտղատու այգիներում, բանջարանոցներում։ Կարող է բարձրանալ ծովի մակարդակից 1000-1300 մ։ Վարում է մթնշաղագիշերային կյանք։ Ցերեկները թաքնվում է իր պատրաստած բնում (խորությունը՝ 1-1,5 մ) կամ այլ կենդանիների լքված բներում։ Ունի լավ զարգացած հոտառություն։ Նոյեմբերից ապրիլ ամիսներին ձմեռային քուն է մտնում։ Զույգ է կազմում ձմեռային քնից արթնանալուց հետո։ Ամենակեր է, սակայն գերադասում է կենդանական ծագման կերերը։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 14-28 սմ է, պոչը՝ 1-2,5 սմ, ականջները՝ 3-5 սմ, կենդանի զանգվածը՝ 200-550 գ։ Փորի և կրծքի մորթին սպիտակավուն կամ բաց մոխրագույն է, հաճախ՝ միագույն, մռութը՝ գորշ սևից մինչև բաց շագանակագույն։ Փշերը կարճ են և տեղադրված մեջքի կողքերի հատվածում։ Ճակատն ունի մազաբաժիններ։

Սննդառություն խմբագրել

Սնվում է միջատներով, որդերով, խխունջներով, օձերով, պտուղներով, հատապտուղներով և այլն։ Սննդային մրցակիցներից են սովորական ոզնիները, միջատակեր և գիշատիչ թռչունները։

Բազմացում և զարգացում խմբագրել

Բազմանում է ապրիլից մինչև ամռան կեսը։ Հղիությունը տևում է 7 շաբաթ։ Ունենում է մինչև 8 ձագ։ Թվաքանակը սահմանափակող գործոններից են բնակատեղերի յուրացումը, խամ ու խոպան հողերի հերկումը, կերահանդակներում անասունների ոչ ռացիոնալ արածեցումը, թունաքիմիկատների և պեստիցիդների օգտագործումը։

Թշնամիները խմբագրել

Թշնամիներից են գիշատիչ թռչունները, աղվեսները, թափառող շները, շնագայլերը, կզաքիսները։

Հիվանդությունները խմբագրել

Վարակվում է էկտո և էնդոմակաբույծներով։

Նշանակություն խմբագրել

Կարևոր նշանակություն ունի կենսոցենոզներում՝ որպես սննդային շղթայի օղակ և կարելի է օգտագործել որպես մկնանման կրծողների դեմ պայքարի կենսաբանական միջոց. ոչնչացնում է նաև վնասատու միջատներին[1][2][3][4]։

Պահպանություն խմբագրել

Հազվադեպ հանդիպող տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 182։
  2. Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
  3. Красная книга Армянской ССР, Животные, Ер., 1987.
  4. Соколов В. Е., Систематика млекопитающих, Москва, Высшая школа, 1973.
  5. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնականջ ոզնի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնականջ ոզնի» հոդվածին։