Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

թանգարան Երևանում

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 1963 թվականին՝ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի նոյեմբերի 21-ի N 491 որոշմամբ, Նալբանդյան 23 (այժմ՝ 21) հասցեում, այն տանը, որտեղ Ալեքսանդր Սպենդիարյանն ապրել է կյանքի վերջին տարիներին՝ 1926-1928 թվականներին։

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՆալբանդյան 21, Երևան, Հայաստան
Հիմնադրվել է1963
ՏնօրենՄարինե Օթարյան
Կայքspendiaryanmuseum.am(հայ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1959 թվականին Մարինա և Տատյանա Սպենդիարովաները, այցելելով Հայաստան և տեսնելով հայ ժողովրդի ջերմ սերը կոմպոզիտորի ստեղծագործությունների նկատմամբ, ցանկություն են հայտնում հոր երևանյան բնակարանը վերածել տուն-թանգարանի։ 1962 թվականին Մարինան խնդրագրով դիմում է ՀԽՍՀ նախարարների խորհրդին։ Հիմնադրվում է տուն-թանգարանը, ստեղծվում թանգարանի աշխատանքային կոլեկտիվը՝ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի ղեկավարությամբ։

Տուն-թանգարանը բացվում է 1967 թվականին։ Հայաստանում առաջին երաժշտական հուշային թանգարանն է։

Ցուցադրություն խմբագրել

 
«Սպենդիարոֆոն» երաժշտական գործիքը

Տուն-թանգարանի հավաքածուն սկզբում կազմում էր 400 միավոր, որը ոչ միայն Մարինա Սպենդիարովայի նվիրատվությունն էր, այլև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող կոմպոզիտորի արխիվի զգալի մասը։ Հետագայում ֆոնդերը համալրվեցին և ներկայումս ֆոնդային հավաքածուն կազմում է 1345 թանգարանային առարկա։ Դրանք Սպենդիարյանի անձնական իրերն են, ձեռագիր ու տպագիր նոտաներ, նամակներ, փաստաթղթեր, լուսանկարներ, մամուլ ու գրքեր։

Տուն-թանգարանի մշտական ցուցադրության մեջ տեղ են գտել թանգարանային այնպիսի յուրօրինակ առարկաներ, ինչպիսիք են կոմպոզիտորի մտահաղացմամբ պատրաստված «Սպենդիարոֆոն» երաժշտական գործիքը և «Ալմաստ» օպերայի երևանյան առաջին բեմադրության (1933 թ.) ազդագիրը։ Հուշասենյակը վերականգնված է այնպես, ինչպես կոմպոզիտորի կենդանության օրոք։ Այն աչքի է ընկնում համեստ կահավորմամբ։

2011 թվականին պետական աջակցությամբ վերանորոգված տուն-թանգարանը 2012 թվականի դեկտեմբերի 3-ին նոր ցուցադրությամբ իր դռները բացեց արվեստասեր հասարակության առաջ[1]։

 

Թանգարանի տնօրեններ խմբագրել

Տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի տնօրինության տարիներին (1966-1972 թթ.) թանգարանը դարձավ մայրաքաղաքի սիրված մշակութային օջախներից մեկը։ Հիշարժան են թանգարանի պուրակում կազմակերպվող բացօթյա համերգները, որոնց մասնակցում էին անվանի արվեստագետներ, երաժիշտներ ու գրողներ՝ Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Սիլվա Կապուտիկյան, Գևորգ Էմին, Հովհաննես Չեքիջյան և այլք։ Ինքնատիպ էր Վլադիլեն Բալյանի նախագծած թանգարանի սպենդիարյանական շնչով հագեցած ցուցադրությունը, որն արժանացավ բազմաթիվ այցելուների բարձր գնահատանքին։ Նրա ծավալած գործունեությունն ամփոփվեց Սպենդիարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի օրերին, երբ կայացան բազմաբնույթ միջոցառումներ ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Տուն-թանգարանի մշակութային կենսագրության մեջ իր մեծ ավանդը ունեցավ կոմպոզիտոր Ծովակ Համբարձումյանը, որի տնօրինության տարիներին (1972-1988 թթ.) թանգարանը դարձավ արվեստագետների սիրելի հավաքատեղի։ Նրա նախաձեռնությամբ ծավալված հավաքչական աշխատանքների արդյունքում ստեղծվեց ժողովրդական նվագարանների մի հրաշալի հավաքածու, որը 1990-ականներին տեղափոխվեց Հայաստանի ազգագրության թանգարան։ Սպենդիարյանի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը նվիրված բազմաթիվ ցուցահանդեսներ և համերգներ էին կազմակերպվում Հայաստանի տարբեր շրջաններում։

Խորհրդային Միության փլուզման, երկրաշարժի և պատերազմական ժամանակաշրջանում տուն-թանգարանի տնօրինությունը (1988-1996 թթ.) վստահվեց Հասմիկ Գևորգյանին՝ ով նախաձեռնեց թանգարանի վերանորոգման և նոր ցուցադրության կազմակերպման դժվարին աշխատանքները։ Այդ տարիներին շատ մշակութային օջախների նման տուն-թանգարանն էլ կրեց անցումային շրջանի ծանր հետևանքները։

1996 թվականից մինչ օրս տուն-թանգարանը ղեկավարում է կոմպոզիտոր Մարինե Օթարյանը։ Այսօր էլ տուն-թանգարանն ապրում է մշակութային ակտիվ կյանքով, հին ու բարի ավանդույթները ներդաշնակվում են նոր մտահղացումներով։

 

Միջոցառումներ խմբագրել

Ամեն տարի՝ կոմպոզիտորի ծննդյան օրը, նրա շիրիմի մոտ անցկացվող հիշատակի միջոցառումները իրենց շուրջն են համախմբում Սպենդիարյանի արվեստի սիրահարներին։ Ավանդական դարձած «Պատանի սպենդիարյանականների երդման արարողությունը» կոմպոզիտորի անունը հավերժացնող երկու մշակութային օջախների՝ տուն-թանգարանի և երաժշտական դպրոցի միջև համագործակցության հրաշալի օրինակ է։

 

Հասցե խմբագրել

Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Նալբանդյան 21 հասցեում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել