Ալեքսանդրա Գրիպենբերգ

ֆինն քաղաքական և հասարակական գործիչ, բանաստեղծուհի

Ալեքսանդրա Գրիպենբերգ (ֆիններեն՝ Aleksandra Gripenberg, ծննդյամբ` Alexandra Gripenberg, օգոստոսի 30, 1857(1857-08-30)[1], Kurkijoki, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 24, 1913(1913-12-24), Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա), ֆինն քաղաքական և հասարակական գործիչ, բանաստեղծուհի (բազմաթիվ պատմվածքների և ճանապարհորդական նոթերի, ավելի ուշ հրապարակախոսական ստեղծագործությունների հեղինակ), տարբեր պարբերականների խմբագիր։ Գրիպենբերգը շվեդական ծագմամբ Գրիպենբերգների ազնվական ընտանիքի ներկայացուցիչներից էր, որոնք հայտնի էին դեռևս 17-րդ դարից։ Իր ժամանակի ամենահայտնի ֆինն ֆեմինիստներից է[4], որի համբավը տարածվել էր Ֆինլանդիայի սահմաններից դուրս։ Երկար տարիներ ղեկավարել է Ֆինն կանանց ասոցիացիան (1889–1904 և 1909–1913)։ Մասնակցել է Ֆինլանդիայում առաջին ընդհանուր խորհրդարանական ընտրություններին, եղել Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ (1907-1909)։

Ալեքսանդրա Գրիպենբերգ
շվեդ.՝ Aleksandra Gripenberg
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 30, 1857(1857-08-30)[1]
ԾննդավայրKurkijoki, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 24, 1913(1913-12-24) (56 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմանատուն[2]
ՔաղաքացիությունՖինլանդիայի մեծ իշխանություն
Մայրենի լեզուշվեդերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հասարակական գործիչ, գրող և խմբագիր
Ծնողներհայր՝ Johan Ulrik Sebastian Gripenberg?
Զբաղեցրած պաշտոններՖինլանդիայի խորհրդարանի պատգամավոր
ԿուսակցությունՖիննական կուսակցություն[3]
ԱնդամությունSuomen Naisyhdistys?
 Alexandra Gripenberg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Ալեքսանդրա Գրիպենբերգը ծնվել է 1857 թվականի օգոստոսի 30-ին, Ֆինլանդիայի Մեծ իշխանության` Կուրկիյոկի համայնքի Հյուսիսային Մերձլադոգա բնակավայրում[4] (այժմ՝ Ռուսաստանի կազմում գտնվող Կարելիայի Հանրապետության Լախդենպոխսկի շրջանի Կուրկիյոկ գյուղական բնակավայր)։ Նրա հայրը կալվածատեր և սենատոր բարոն Յուհան Ուլրիկ Սեբաստիան Գրիպենբերգն էր (1795-1869), որը երկու ամուսնություններից ուներ 17 երեխա։ Ալեքսանդրա Գրիպենբերգի մայրը՝ Մարիա Լովիսա Օրնբերգը (1817-1880), 1842 թվականից եղել է բարոնի երկրորդ կինը, ով ամուսնությունից առաջ աշխատել էր որպես սպասուհի։ Ալեքսանդրան ընտանիքի 16-րդ երեխան էր և միակն էր բոլոր երեխաներից, ով ստացավ բացառապես տնային կրթություն։ Նրա մանկության և պատանեկության տարիները համընկան հոգեբանորեն ծանր ժամանակահատվածի՝ հոր, մայրական կողմի տատի, որոշ ժամանակ անց մոր ծանր հիվանդությանն ու կյանքի վերջին տարիներին։ Նրա անզիջում կրոնասիրությունը, որը նա կրել էր իր ողջ կյանքի ընթացքում, մեծ մասամբ կարելի է բացատրել այդ փակ շրջանով, որը լցված էր հիվանդ ու ծեր մարդկանցով, որտեղ ապրել էր այդքան տարի։ Ինչպես նա գրել է ավելի ուշ, զարմանալի չէ, որ նման «հոգևոր անապատի» պայմաններում իր մելամաղձոտությունը, որը, բնականից, բավականաչափ ուժեղ էր, գերակշռում էր մնացած բոլոր զգացմունքներին։ Սակայն նրան հաջողվեց ելք գտնել իր միայնությունից, զբաղվելով գրական ստեղծագործությամբ[4]։

 
Ալեքսանդրա Գրիպենբերգը պատանի տարիքում

14 տարեկանում Ալեքսանդրան գրեց իր առաջին պատմվածքը, որը կարդացել էր գրող Սակարիաս Տոպելիուսը և հավանություն տվել գրականությամբ զբաղվելուն, իսկ վեց տարի անց՝ 1878 թվականին, նա (կեղծանվամբ) հրատարակեց «Berättelser» (Կարճ պատմվածքներ) ժողովածուն։ 1880-ականներին Գրիպենբերգը սկսեց ինքնուրույն ապրել, շարունակեց գրել գրական տեքստեր։ Երկու տարի նա ապրեց Զաքարիաս Տոպելիուսի տանը՝ աշխատելով որպես նրա քարտուղար։ Այդ տարիներին նա հրատարակեց (կեղծանունով) երկու ստեղծագործություն` Strån («Խոտիկ», «Ծեղիկ», 1884), և I tätnande led։ Այդ աշխատություններում զգացվում է Թոփելիուսի ուժեղ ազդեցությունը - Գրիպենբերգը գրել էր կանանց մասին ՝ կողմնորոշվելով բարոյականության և ալկոհոլից ձեռնպահ մնալու իդեալների վրա, ինչպես նաև բարձրացնելով ֆիննական ազգային ինքնագիտակցության զարգացման հարցերը[4]։ 1880-ականների կեսերից սկսվեց Գրիպենբերգի խմբագրական գործունեությունը, որով նա շարունակեց զբաղվել մինչև իր կյանքի վերջը, 1885–1889 թվականներին նա Nya Trollsländan–ի («Նոր ճպուռ») շվեդական մանկական ամսագրի խմբագիրն էր, միաժամանակ, 1887-1888 թվականներին նա եղել է ֆիններեն լեզվով Sirkka («Ծղրիդ») մանկական հանդեսի խմբագիրը[5]։

1887 թվականին Գրիպենբերգը մեկնում է Անգլիա` պլանավորելով հիմնականում զբաղվել գրական գործունեությամբ, բայց այդ ուղևորությունը արմատապես փոխեց նրա ապագայի ծրագրերը։ Անգլիայից նա մեկնեց ԱՄՆ, որտեղ 1888 թվականի սկզբին տեղի էր ունենում Կանանց միջազգային խորհրդի հիմնադիր ժողովը։ Այստեղ նա հանդիպեց կանանց շարժման բազմաթիվ ներկայացուցիչների և որոշեց իր կյանքը նվիրել ֆինլանդացի կանանց զարթոնքին և լուսավորությանը, հրաժարվելով իր գրական երազանքներից[4]։

Հասարակական և քաղաքական գործունեություն խմբագրել

1889 թվականից նա սկսեց ղեկավարել Ֆինն կանանց ասոցիացիա ոչ առևտրային կազմակերպությունը, որը պայքարում էր, որ կանանց տրամադրվեն նույն իրավունքները, ինչ տղամարդանց, կրթության և սոցիալական ապահովության բնագավառում։ Նույն 1889 թվականին ստեղծվեց այդ կազմակերպության Koti ja Yhteiskunta («Տուն և հասարակություն») ամսագիրը, Գրիպենբերգը դարձավ նրա անփոփոխ խմբագիրը մինչև 1911 թվականը[5]։ Ինչ վերաբերում է քաղաքականության ոլորտում կանանց իրավունքներին, ապա Ասոցիացիան երկակի դիրքորոշում ուներ, մի կողմից առաջարկվում էր կանանց իրավունք տալ ընտրելու և ընտրվելու, բայց միևնույն ժամանակ դեմ էր համընդհանուր ընտրական իրավունքին՝ պնդելով, որ ցածր դասի կանայք անկիրթ են և հակված են սխալների, հետևաբար, նրանք չպետք է գործեն ինքնուրույն, նրանց պետք է բարոյապես առաջնորդեն «բարձր խավի քույրերը»։ Ընտրական իրավունքի հետ կապված Ասոցիացիայի քաղաքականությունը հանգում էր նրան, որ միայն այն անձինք պետք է ունենան ընտրական իրավունք, որոնք բավարարում են որոշակի գույքային պահանջների, բայց այդ պահանջները պետք է լինեն նույնը թե տղամարդկանց և թե կանանց համար[6]։

 
Ալեքսանդրա Գրիպենբերգը (առաջին շարքում ձախից չորրորդը), ինչպես նաև այլ կին պատգամավորներ, առաջին ընդհանուր խորհրդարանական ընտրություններից հետո (1907)

Նա Ասոցիացիան գլխավորեց մինչև 1904 թվականը, որից հետո հրաժարվեց պաշտոնից, որպեսզի կենտրոնանա քաղաքական գործունեության վրա[4]։ 1906 թվականին ֆիննական Սեյմը որոշեց վերացնել Ֆինլանդիայում դասային ներկայացվածությունը և ներդնել համընդհանուր և հավասար ընտրական իրավունք։ Գրիպենբերգը թերահավատորեն արձագանքեց այն լուրերին, որ կանայք իրավունք ունեն առաջադրվել խորհրդարանական ընտրություններին, նա ասաց, որ այդ իրավունքի տրամադրումը ժամանակավրեպ է, որ «մենք [կանայք] պատրաստ չենք դրան»։ Այն, թե ինչպես իրենց կդրսևորեն ֆիննական խորհրդարանում կանայք, էապես կարող է ազդել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում կանանց ձայնի իրավունք տալու ժամկետների վրա, և նրանք սա համարում էին ևս մեկ փաստարկ բոլոր կանանց պատգամավորության թեկնածու դառնալու իրավունքի դեմ[4]։ Չնայած նման հայտարարություններին, նա ինքը մասնակցեց առաջին ընդհանուր ընտրություններին և ընտրվեց Էդուսկոնտի պատգամավոր Աբո-Բյորնեբորգի նահանգի հարավային ընտրատարածքից[7] (այժմ՝ Վարսինայս-Սուոմի ընտրատարածք)։ Ընդհանուր առմամբ, 200-տեղանոց խորհրդարանում ընտրվել էին 19 կին ներկայացուցիչ, ընդ որում կին պատգամավորների թվում հավաքած ձայների թվով Գրիպենբերգը երկրորդ տեղում էր, Ֆինլանդիայի Սոցիալ-դեմոկրատական կանանց միության նախագահ Հիլլի Պյարսսինենից հետո։ Գրիպենբերգը դժգոհ էր ընտրությունների արդյունքներից, նա հրապարակավ դժգոհում էր, որ ընտրված կին պատգամավորների մեջ կան շատ սպասուհիներ, դերձակներ և բանվորուհիներ, որոնց ընտրությունը նա անվանեց «սարսափելի անհարմարություն»[6]։

 
Ալեքսանդրա Գրիպենբերգը հանդես է գալիս Ֆինլանդիայի խորհրդարանի նիստում (մոտ. 1907)

Խորհրդարան ընտրվելու պահից նա ֆիննական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ էր[7] և մեծ հարգանք էր վայելում՝ լինելով կուսակցության հանձնաժողովի անդամ և կուսակցության կանանց հանձնաժողովի նախագահ[4]։ 1908 թվականին անցկացվող երկրորդ ընդհանուր ընտրություններում նա նույն ընտրատարածքից կրկին ընտրվեց էդուսկունտի պատգամավոր։ Ընդհանուր առմամբ, նա խորհրդարանի պատգամավոր է եղել երկու տարի, 1907 թվականի մայիսի 22-ից մինչև 1909 թվականի մայիսի 31-ը [7]։

Նա բավականին արագ հարմարվեց խորհրդարանական աշխատատանքին, ֆիննական կուսակցության կանայք, նրա ղեկավարությամբ, աշխատում էին որպես մեկ միասնական թիմ, պատրաստում էին օրինագծեր` կանանց և երեխաների դրության և ալկոհոլային խմիչքների արգելքի վերաբերյալ, խորհրդարանում ելույթներ էին ունենում տարբեր հրատապ թեմաների վերաբերյալ, բայց խորհրդարանական աշխատանքը ճնշող ազդեցություն էր թողնում Գրիպենբերգի վրա։ Նրան դուր չէր գալիս, որ տղամարդ պատգամավորները վերևից էին նայում կին պատգամավորների վրա, իսկ ծաղրանկարիչները պարբերաբար թերթերում հրատարակում էին իր պատկերով վիրավորական ծաղրանկարներ, նրան վրդովեցնում էին շվեդ ֆիննախոս պատգամավորների կատակները, ովքեր աղավաղում էին ֆիններենը։ Ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, բոլոր աշխատանքները խորհրդարանում կատարվում էին բավականին «նահապետական» ձևով, որի հետ կապված մի անգամ նա կրկնելով Սաղմոսագրքի խոսքերը ասաց, որ խորհրդարանում իրեն զգում է «միայնակ ինչպես հավալուսնը անապատում»[4]։

1909 թվականին առողջական նկատառումներից ելնելով՝ նա չմասնակցեց խորհրդարանական ընտրություններին և շարունակեց ղեկավարել Ֆինլանդիայի կանանց ասոցիացիան[4]։ Բացի այդ, երբ ստեղծվեց Ֆինլանդիայի կանանց ազգային միությունը (որպես Կանանց միջազգային խորհրդի մասնաճյուղ) 1911 թվականին, միավորելով կանանց տարբեր ֆիննական կազմակերպություններ Ալեքսանդրա Գրիպենբերգը ընտրվեց դրա նախագահ[5]։ Մինչև իր կյանքի վերջին օրերը նա զբաղվում էր հասարակական աշխատանքներով[4]։ Նա մահացել է Հելսինկիում 1913 թվականի դեկտեմբերի 24-ին 56 տարեկան հասակում[5]։

Ընտանիք խմբագրել

Ալեքսանդրա Գրիպենբերգը երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել։ Նրա եղբայրներից և քույրերից ոմանք դարձան շատ հայտնի մարդիկ, քույրը՝ Մարիա Ֆուրուհելմը (1846-1916), ժողովրդական կրթության գործիչ էր և գրող[8], եղբայրը` Օդերտ Սեբաստիան Գրիպենբերգը (1850-1925), ճարտարապետ էր, սենատոր և բանկիր։ Նրա դուստրը` (Ալեքսանդրա Գրիպենբերգի ազգականուհին) Մարիա Մարգարիտա (Մեգգի) Գրիպենբերգը (1881-1976), բալետի պարուհի էր, նկարիչ և կինոդերասանուհի[9]։

Մատենագիտություն խմբագրել

  • Berättelser (1878, Ringa կեղծանունով)
  • Strån. Skizzer (1884, Aarne կեղծանունով)
  • I tätnande led (1886, Aarne կեղծանունով)
  • Till Aavasaksa (1886, -io կեղծանունով)
  • Från läktaren. Profiler från lantdagen 1885 (1887, X.G. կեղծանունով) — կենսագրական նշումներ
  • Ett halfår i Nya Verlden. Strödda resebilder från Förenta Staterna (1889) [1891]
  • Om kvinnofrågan (1890)
  • Orjien vapauttaminen Pohjois-Amerikassa (1892)
  • Reformarbetet till förbättrande af kvinnans ställning (1893—1903, в трёх томах)
  • Det röda folket. Berättelser om Indianerna. För ungdomen och folket (1894)
  • England (1900)
  • Skottland (1902)
  • Irland (1903)
  • Vaaliaikana. Yksinäytöksinen ilveily (1906)
  • Slöjdförhållanden i utlandet. Redogörelse utarbetad på uppdrag af statens slöjdkommitté (1908)
  • Makars äganderättsliga förhållanden i olika länder. Kort öfversikt (1909)

Գրականություն խմբագրել

  • Jallinoja, Riita. "The Women's Liberation Movement in Finland," Journal of Scandinavian History 5 (1980)։ 36-49.
  • Korppi-Tommola, Aura. "Fighting Together for Freedom:Nationalism, Socialism, Feminism, and Women's Suffrage in Finland 1906." Journal of Scandinavian History 15 (1990)։ 181-91.
  • Moring, Anna, ed. Politics of Gender: A Century of Women's Suffrage in Finland. Helsinki։ Otava, 2006.
  • Rappaport, Helen. "Alexandra van Gripenberg." In Encyclopedia of Women Social Reformers, edited by Helen Rappaport. Santa Barbara։ ABC-CLIO, 2001, 723-724.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Գրիպենբերգ» հոդվածին։