Օսվալդե Լյուատ (ֆր՝. Osvalde Lewat սեպտեմբերի 17, 1976(1976-09-17)[1], Գարուա, Կամերուն), կամերունցի կինոռեժիսոր, ժուռնալիստ, լուսանկարիչ, որին ճանաչում են բերել հատկապես հասարակական-քաղաքական թեմաներով իր նկարահանած փաստավավերագրական կինոնկարները։

Օսվալդե Լյուատ
Ծնվել էսեպտեմբերի 17, 1976(1976-09-17)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԳարուա, Կամերուն
Մասնագիտությունկինոռեժիսոր, լուսանկարիչ, լրագրող և գրող
Քաղաքացիություն Կամերուն[2] և  Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Ուշագրավ աշխատանքներQ2870208? և Une Affaire de nègres?
Կայքosvaldelewat.com
 Osvalde Lewat Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օսվալդե Լյուատը ծնվել է 1977 թվականին Կամերունի Գարուա (ըստ որոշ աղբյուրների՝ Յաունդե) քաղաքում)[3]։ Հայրը ֆրանսիական խոշոր ձեռնարկատիրական ընկերությունների Pechiney խմբի՝ ալյումինի արդյունահանությամբ զբաղվող մասնաճյուղերից մեկի տնօրենն էր։ Օսվալդեն հասակ է առել Կամերունի մայրաքաղաք Յաունդեում, ուր տեղափոխվել էր նրանց ընտանիքը։ Աղջիկը դեռ վաղ հասակից հետաքրքրություն է դրսևորել լուսանկարչության նկատմամբ, Polaroid-ով լուսանկարել ընտանիքի անդամներին ամենաբազմազան դիրքերով ու տեսքով։ Պատանեկան կրքով տարվել է նաև ընթերցանությամբ ու կինոդիտումով։

Դպրոցն ավարտելուց հետո ուսումնասիրել է լրագրային գործ, որոշ ժամանակ աշխատել Cameroon Tribune թերթի խմբագրությունում[3] , բայց շարքային լրագրողի մասնագիտության սահմանափակումները, խմբագրի հաճախ անհարկի պահանջները հիասթափեցրել են նրան, և նա նախընտրել է փաստավավերագրական ֆիլմեր նկարահանողի ու լուսանկարչի ազատությունը[4]։ Մասնագիտական դասընթացներ է անցել Փարիզում՝ գիտության և գրականության գիտահետազոտական համալսարանի մասնաճյուղը համարվող Femis-ում, այնուհետև՝ Մոնրեալի National Institute of Image and Sound (INIS) ինստիտուտում։ Դեռ ուսանելու ընթացքում՝ 2000 թվականին կանադական Տորոնտո քաղաքում նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ The Calumet of Hope-ը, որտեղ ցավով ներկայացնում է, թե ինչպես են մարգինալացվում, հասարակությունից խորթացվում Ամերիկայի բնիկները՝ հնդկացիները։ Այս կինոնկարը Մոնրեալի 2003 թվականի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Մարդու իրավունքներ» անվանակարգում[5]։

Հաջորդը Beyond the trouble («Տառապանքից այն կողմ» կամ «Մոռացված մարդը») կինոնկարն էր (2003 թ.)՝ կամերունցի մի մարդու մասին, ում ոչ ծանր մի հանցանքի համար դատապարտել էին չորս տարվա ազատազրկման, բայց ժամկետը լրանալուց հետո «մոռացել» էին ազատ արձակել, և նա բանտում անց էր կացրել ամբողջ երեսուներեք տարի[5]։

2005 թվականին նկարահանված Un Amour Pendant La Guerre («Սեր՝ պատերազմի ժամանակ») ֆիլմում Կոնգոյի առաջին պատերազմի (1996 թ.) նյութի հիման վրա հրապարակախոսական սրությամբ արծարծված են պատերազմի ընթացքում տեղի ունեցող կանանց զանգվածային բռնաբարությունների, այդ հարցում իշխանությունների դրսևորած հանցավոր անտարբերության, բռնության ենթարկված, զոհ դարձած կանանց հոգեկան ծանր ապրումների հիմնախնդիրները։ Այս կինոնկարը նույնպես արժանացել է Մոնրեալի կինոփառատոնի մրցանակին[6]։

2008 թվականին Լյուատը նկարահանել է իր առաջին լիամետրաժ փատավավերագրական կինոնկարը՝ Une affaire de nègres («Սև գործ») խորագրով։ Ֆիլմը պատմում է կամերունյան ոստիկանության ռազմականացված հատուկ միավորման մասին, որը Դուալայում մոլեգնող ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում, հանցագործների հետ մեկտեղ, հազարից ավելի անմեղ մարդիկ է անպատիժ կերպով սպանել, և իշխանությունների ու հասարակության մի մասի կողմից դա ձևակերպվել է իբրև «կողմնակիորեն պատճառված վնաս, որից հնարավոր չէր խուսափել»[3] Այս ֆիլմը ցուցադրվել է Մոնրեալի և Կաննի կինոփառատոներում, ներկայացվել Muhr AsiaAfrica մրցանակի[3]::

Լյուատի լավագույն աշխատանքներից է համարվում 2012 թվականին BBC-ի պատվերով Հուգո Բերկլիի հետ համատեղ նկարահանած Land Rush («Հողի մոլուցք») կինոնկարը, որտեղ հետազոտվում են Սաուդյան Արաբիայի և Չինաստանի խոշոր գործարարների կողմից Մալիում մեծ հողատարածքների գնումներն ու հսկա ագրոֆիրմաների ստեղծումը, արծարծվում են մասնավոր հողատիրությանը, իմպերիալիզմին, մեր օրերում որոշ տարածաշրջաններում տիրապետող աղքատությանը, բնակչության սնունդապահովվածությանը առնչվող սուր հիմնախնդիրներ։ Այս ֆիլմը 2012 թվականին արժանացել է Peabody մրցանակի[7][8]։

Օսվալդե Լյուատի՝ որպես տաղանդավոր կինոգործչի համբավին գումարվել է վարպետ լուսանկարչի համբավը. նրա լուսանկարչական աշխատանքներից շատերը նույնպես ներկայացվել են միջազգային ցուցահանդեսներում (Փարիզում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում), մրցանակների, պարգևների արժանացել։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2001 թ. The Calumet of Hope - Մոնրեալի կինոփառատոնի մրցանակ
  • 2002 թ. Մոռացված մարդը - Մոնրեալի Vues d'Afrique կինոփառատոնի մրցանակ
  • 2005 թ. Սեր՝ պատերազմի ժամանակ - Vues d’Afrique-ի և FESPACO 2005-ի ժյուրիի հատուկ մրցանակ
  • 2008 թ. Սև գործ - ներկայացվել է Muhr AsiaAfrica մրցանակի (2008)
  • 2011 թ. Sderot, Last Exit - բազմալեզու ֆիլմ՝ արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, եբրայերեն
  • 2012 թ. Հողի մոլուցք - Peabody մրցանակ

Ցուցահանդեսներ խմբագրել

  • Night Color, 2015 թ. հոկտեմբեր, Gallery Marie-Laure of Ecotais (Փարիզ)[9]
  • Sky is Not the Limit, 2015 թ. օգոստոս, New York City (ԱՄՆ)[9]
  • Katangese Poetry, February 2015, Dialogues Gallery, French Institute, Lubumbashi Zoo (DR Congo)[9]
  • ''Marges, 2014 թ. հունիս, Gombe Hall and Place du 30 Juin (Կինշասա, Կոնգո)[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. https://africanfilmny.org/directors/osvalde-lewat/
  3. 3,0 3,1 3,2 3,3 Gabara, Rachel (2014). «Black Business by Osvalde Lewat. Review». African Studies Review. 57 (1): 238–240.
  4. «Osvalde Lewat-Hallade». African Film Festival (AFF). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
  5. 5,0 5,1 Chouaki, Yasmine. «The guest: Filmmaker Osvalde Lewat». Radio France International. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
  6. «A Love during the War: Osvalde Lewat-Hallade». Barnard College. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  7. «Why Poverty (Global Broadcast)». Peabody Awards. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  8. «Land Rush (2012)». IMDB. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Osvalde Lewat Photography». Osvalde Lewat.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսվալդե Լյուատ» հոդվածին։