Օգուտ բժշկության, 15-րդ դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու հիմնական գործերից։ Նվիրված է բժշկության տեսական և գործնական հարցերին։ Ստեղծվել է 1466-1469 թվականներին, Ֆիլիպպոպոլսում (այժմ՝ Պլովդիվ, Բուլղարիա)։ Մեզ են հասել մեծ մասամբ 17-18-րդ դարեր գրչագրեր (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռնարկ № 414, 453, 5847, 6888, 7731, 7752, 8052)։ Սրանցից առաջինը՝ 17-րդ դարի նշանավոր հայ բժիշկ Բունիաթ Սեբաստացու խմբագրությամբ, հիմք է ծաոայել Ս․ Մալխասյանցի կազմած քննական բնագրի համար։ Աշխատությունը բաղկացած է առաջաբանից, հիմնական 2 մասից ու ցանկից։ Բժշկության տեսական հարցերն արծարծվել են գրքի առաջին մասում (Ա-ԺԵ գլուխ), որն Ամիրդովլաթ Ամասիացու «Ուսումն բժշկութեան» երկասիրության (1459) հեղինակային մշակումն է, ուր տրվում է բժշկական արվեստի ընդհանուր սահմանումը, չորս տարրերի ուսմունքի և հումորալ ախտաբանության դրույթների շարադրանքը, ինչպես նաև կազմախոսության, սաղմնաբանության, հիգիենայի, կանխորոշման, ախտորոշագիտության ու դեղագիտության հարցերի վերաբերյալ համառոտ ակնարկ։ Գրքի երկրորդ մասը՝ «Գիրք բժշկութեան տումարի» խորագրով (ԺԵ-ՄԻԳ գլուխ), նվիրված է հիվանդությունների կլինիկայի՝ մահճաբուժության հարցերին։ Այստեղ համակարգված ձևով ներկայացված են ուղեղի, նյարդերի, զգայարանների, սրտի, ստամոքսի, լյարդի, միզասեռական և այլ համակարգերի 200-ից ավելի հիվանդությունների, ինչպես նաև տենդերի, բարորակ ու չարորակ ուռուցքների, այրվածքների, մաշկային հիվանդությունների պատճառագիտությունը, ախտաբանությունը, կլինիկական պատկերն ու բուժման եղանակները։ Ակնաբուժության, հոգեբուժության, ուռուցքաբանության, վարակիչ հիվանդությունների (պալարախտ, դողէրոցք, ժանտախտ և այլն) բուժման ասպարեզում հեղինակը հիմնվել է իր հարուստ փորձի վրա։ Դիրքն ընդհանրացնում է միջնադարյան հայ բժիշկների նյութերը՝ սկսած «Գագիկ-Հեթումյան բժշկարանից» (11-13-րդ դարեր) և Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն»-ից։ Դրված է իր ժամանակի լավագույն բժշկական գործերի մակարդակով, անտիկ ու արաբական աղբյուրների վկայակոչմամբ։

Տեսողական նյարդերի պատկերը «Օգուտ բժշկության» գրքում:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 514