Քնարերգություն, գեղարվեստական գրականության երեք սեռերից մեկը։ Իրականության գեղարվեստական արտացոլման և գնահատման բազմազան ձևերն ու եղանակները վերջին հաշվով արտահայտվում են էպիկական (պատմողական), դրամատիկական (թատերգական) և քնարական երկերի մեջ։ Այդ հիման վրա էլ, դեռ անտիկ աշխարհից սկսած, գրականություն բաժանվել է երեք սեռի, որոնք ունեն իրենց վառ արտահայտված յուրահատկությունը, ինչպես արտացոլվող բովանդակության, այնպես էլ նրա բացահայտման սկզբունքների առումով։ Եթե էպիկական և դրամատիկական երկերում գրողն ստեղծում է արտաքին աշխարհի պատկերներ, դեպքերի որոշակի շղթայի (սյուժեի) մեջ հանդես եկող օբյեկտիվ մարդկային կերպարներ, ապա քնարերգությունն ունի գերազանցապես սուբյեկտիվ բնույթ։ Այստեղ կյանքի, մարդուն շրջապատող հանգամանքների արտացոլումը տեղի է ունենում ոչ այնքան ուղղակի պատկերման, որքան դրանց նկատմամբ վերաբերմունքի բացահայտման ճանապարհով։ Առաջին պլան են մղվում ոչ թե արտաքին աշխարհի երևույթները, դեպքերը, այլ անհատի հոգում դրանց հարուցած տրամադրությունը, զգացմունքն ու ապրումները։ Դա էլ հենց դառնում է իրականության ըմբռնման ու գաղափարական գնահատման ելակետ։ Քնարական ստեղծագործությունը, որը սովորաբար փոքր ծավալի չափածո երկ է, հիմնվում է որևէ ապրում-պատկերի վրա։ Վերջինիս հուզարտահայտման և ծավալման եղանակով էլ պայմանավորված է քնարական ստեղծագործության կառուցվածքն ու զարգացման ընթացքը։ Սակայն իր արտահայտման եղանակով լինելով սուբյեկտիվ, քնարերգությունն կարող է ներկայացնել օբյեկտիվ իրականության լայն պատկերը՝ բեկված անհատական վերաբերմունքի և ապրումների մեջ։ Քնարական ստեղծագործության հասարակական ու գեղարվեստական արժեքի հիմնական չափանիշն այն է, թե բանաստեղծի անհատական հուզաշխարհի միջոցով ինչպես են արտահայտվում ժողովրդի հոգեկան նկարագրի ու ժամանակի էական գծերը։

Յոհան Վոլֆգանգ Գյոթե
Մեծ պոետը, խոսելով իր մասին, իր եսի մասին՝ խոսում է ընդհանուրի, մարդկության մասին, որովհետև նրա խառնվածքի մեջ կա այն ամենը, ինչով ապրում է մարդկությունը։

Քնարերգության մեջ ևս հանդես է գալիս որոշակի գեղարվեստական բնավորություն, որը, սակայն, ամբողջանում է ոչ թե դեպքերի ու կենսական հարաբերությունների, այլ ապրումների և վերաբերմունքի բացահայտման ճանապարհով։ Այդ պատճառով էլ այդ կերպարը կոչվում է քնարական հերոս։ Դա մեծ մասամբ իր՝ բանաստեղծի, աշխարհազգացողության և նույնիսկ կենսագրական գծերի ուղղակի կրողն է, բայց ազատված պատահական ու երկրորդական կողմերից, հասցված տիպականացման, ճանաչողական ու դաստիարակիչ նշանակության որոշակի աստիճանի (օրինակ՝ Պետրոս Դուրյանի, Վահան Տերյանի, Միսաք Մեծարենցի պոեզիայի մեջ հանդես եկող քնարական բնավորությունը)։ Սակայն առանձին դեպքերում սեփական հուզաշխարհի ինքնաբացահայտմամբ, այսինքն՝ իբրև քնարական հերոս, կարող են հանդես գալ նաև այնպիսի դեմքեր, որոնք չեն կարող նույնացվել հեղինակի հետ (օրինակ, Հովհաննես Թումանյանի «Գութանի երգը», Ավետիք Իսահակյանի «Մաճկալ ես, բեզարած ես․․․» բանաստեղծությունները)։

Քնարական սեռի մեջ մտնում են մի շարք տարատեսակներ (ժանրեր)։ Դեռ անտիկ աշխարհում, ելնելով քնարական ստեղծագործության արտահայտած տրամադրության բնույթից, տարբերել են այնպիսի ժանրեր, ինչպիսիք են ներբողը, հիմնը, դիֆիրամբը, եղերերգը, տապանագիրը, հովվերգությունը և այլն։ Նոր ժամանակներում, հատկապես XX դարում, ավելի բնորոշ է դառնում քնարերգության թեմատիկ բաժանումը։ Ըստ այդ բաժանման՝ տարբերում են քաղաքացիական և անձնական, խոհափիլիսոփայական և բնանկարային, սիրային և այլ բնույթի բանաստեղծություններ։ Այս տարբերակումը, սակայն, խիստ պայմանական է, քանի որ քնայան մի տեսակի տարրերը կարոդ են ազատորեն հանդես գալ մյուսի մեջ։ Դրա լավագույն ապացույցը կարող են համարվել Վլադիմիր Մայակովսկու, Եղիշե Չարենցի և հեղափոխական դարաշրջանի մյուս մեծ բանաստեղծների գործերը, որոնցում, ըստ էության, վերանում է քաղաքացիական և անձնական մոտիվների հակադրությունը։

Քնարերգությունը՝ իբրև բովանդակության և կառուցվածքի յուրահատկությամբ օժտված ինքնուրույն գրական սեռ, պետք է տարբերել քնարականությունից (լիրիզմից), որը որպես որոշակի տարր կարող է հանդես գալ նաև էպիկական ու դրամատիկական երկերի մեջ՝ հաղորդելով նրանց զգացմունքային վարակիչ անմիջականություն։ Այդ հիման վրա երբեմն պայմանականորեն խոսվում է քնարական վեպի, պատմվածքի կամ նույնիսկ դրամայի մասին։ Քնարական և պատմողական տարրերի սերտ միաձուլումով XVIII-XIX դարերում գրականության մեջ առաջացան հատուկ, այսպես կոչված, քնարավիպերգական ժանրեր, ինչպիսիք են ժամանակակից պոեմը, բալլադը, չափածո առակը։ Ունենալով ուժեղ քնարական տարերք, այս ժանրերը հենվում են որոշակի սյուժեի և կերպարների վրա, տալիս են արտաքին աշխարհի օբյեկտիվ առարկայական նկարագրությունը, որը բնորոշ չէ «մաքուր քնարերգությանը»։

Քնարական պոեզիան ստեղծվում է զգացմունքայնությամբ, քնարական հուզականությամբ փոխանցելով հեղինակի տրամադրությունը՝ առաջացնելով յուրօրինակ զգացումներ։ Ըստ Աժեգովայի բառարանի քնարերգությունը դա զգացմունքայնություն է, տրամադրություն և նրբություն, իսկ ըստ Եֆրեմովի բառարանի այն բնավորության հուզականությունն է, բանաստեղծական զգացմունքը և հոգեվիճակը։ Ըստ Կրիսինայի բառարանի քնարական պոեզիան արտահայտում է հեղինակի տառապանքներն ու զգացմունքները։ Քնարերգության մեջ մտնում են բանաստեղծությունները, երգերը, ռոմանսները, նամակները,էլեգիաները և այլն։

Քնարերգության հիմքը կազմում են բառերը, որոնց միջոցով հստակորեն փոխանցվում է հեղինակի տրամադրությունը։ Քնարերգության պահպանված և մեզ հասած երգերը հիմնականում Դավիթ արքայի երգերն են և Երգ երգոցները։ Քրիստոնեական քնարերգության հիմք կազմող սաղմոսները ի հայտ են եկել մի փոքր ուշ և թարգմանվել եվրոպական բոլոր լեզուներով։ Երգ երգոցները մեծ մասամբ վերագրվում են Սողոմոնին, որոնք կարելի է անվանել քնարա-դրամատիկական պոեմներ, որոնք էլ առաջ բերեցին շատ տարբեր մեկնաբանություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բելինսկի Վ․ Գ․, Փիլիսոփայական ընտիր երկեր, հ․ 1, 1954, էջ 317։

Գրականություն խմբագրել

  • Ջրբաշյան Է․ Գրականության տեսություն, 5-րդ հրատ․, Եերևան, 1980։
  • Гегель Г․ В․ Փ․, Эстетика, т․ 3, М․, 1971․
  • Гинзбург Л․, О лирике, 2 изд․, М․–Л․, 1974․
  • Жирмунский В․, Композиция лирических стихотворений (в его книге «Теория стиха», Л․, 1975, с․ 433–536)․
  • Сквозников В․, Реализм лирической поэзии, М․, 1975․
  • Поспелов Г․, Лирика среди литературных родов, М․, 1976․
  • Тимофеев Л․, Основы теории литературы, 5 изд․, М․, 1976․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։