Փառանգիոն (նաև՝ Փառանդիոն, Փարանգիոն, Փարանզիոն, Փարգանոն), բերդ (ամրոց) և հանքավայր Մեծ Հայքի Տայք աշխարհի Արսյացփոր գավառում, Ճորոխի վտակներ Ուղթիսի և Թորթում գետերի միախառնման վայրում, Մեծ Հայքի առաջին բաժանման (387) սահմանի վրա[1][2][3]։

Փառանգիոն
Տեսակամրոց և հանքահոր
Վարչական միավորԱրսյաց փոր
Երկիր Բյուզանդական կայսրություն

Պատմություն խմբագրել

6-րդ դարի բյուզանդական պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին իր «Պարսկական պատերազմներ» երկում վկայում է, որ Փառանգիոնը գտնվում էր դժվարագնաց և գահավեժներով ընտհատված տեղում և ապստամբ հայերի կենտրոնն էր։ Ըստ Նիկողայոս Ադոնցի՝ Փառանգիոնի մոտ էր գտնվում Բողբերդը, որը սակայն գտնվում է Տայոց աշխարհի Բողխա գավառում[1]։

Մեծ Հայքի առաջին բաժանման ժամանակ Փառանգիոնը անցնում է Բյուզանդիային և մտնում նորակազմ Առաջին Հայք պրովինցիայի մեջ։ 536 թվականին, Հուստինիանոս Ա կայսեր նոր օրենսդրությամբ և սահամանային տարբերությամբ ստեղծվում է Առաջին Հայք պրովինցիան, որի կազմում էլ հայտնում է Փառանգիոնը։ 539 թվականին Առաջին Հայքի հայազգի կառավարիչ Ակակիոսի դեմ ապստամբություն է բռնկվում, որի ժամանակ էլ սպանվում է նա։ Նա առանց որևէ պատճառի հափշտակում էր մարդկանց ունեցվածքը և հայերի վրա նոր հարկեր էր սահմանել։ Ապստամբները կենտրոնանում են Ֆառանգիոնում։ Նրանց դեմ ուղարկվում է պատժիչ խումբ՝ Սիտտասի գլխավորությամբ, որը դեռևս 528 թվականին նշանակվել էր Հայաստանի զորքերի գլխավոր հրամանատար (magister militium per Armenian): Սիտտասը ապստամբ հայերին խոստանում է միջնորդ դառնալ կայսեր առաջ ծանր հարկի վերացման համար, բայց ապստամբները նրան չխաբնվեցին։ Սիտտասը այնուհետև փորձում է ապստամբների շարքերում պառակտում մտցնել, կաշառել մի քանիսին, բայց անհաջողության է մատնվում։ Սիտտասը որոշում է զենքի ուժով ճնշել ապստամբությունը, բայց դեռ գործի չանցած ապստամբության ղեկավարներից մեկի՝ Արտավան Արշակունու նիզակի զոհն է դառնում[2][3]։

Կայսրը ապստամբ հայերի դեմ է ուղարկում Բուզես զորավարին։ Նա նույնպես փորձում է խաղաղ ճանապարհով դադարեցնել հայերի ապստամբությունը, բայց ապարդյուն, հատկապես այն բանից հետո, երբ նա չարանենգորեն սպանում է բանակցությունների համար իր մոտ ժամանակ Հովհաննեսին, Արտավան Արշակունու հորը։ Դրանից հետո «հայերը հռոմեացիների հետ համաձայնության գալու բոլոր հույսերը կտրեցին․ ի վիճակի չլինելով պատերազմում պարտության մատնել կայսերական բանակը, գործունյա Վասակի գլխավորությամբ նրանք գնացին պարսից արքայի մոտ»[2][3]։

Փառանգիոնը, լինելով նաև ոսկու հարուստ հանքավայր և գտնվելով հռոմեա-պարսկական սահմանի վրա, հաճախ է ձեռքից ձեռք անցել։ Հուստինիանոս Ա կայսեր ժամանակ (527-565) հանքերը տնօրինող հայազգի Սիմեոնը այն հանձնում է բյուզանդացիներին[1]։

Տեղադրություն խմբագրել

Փառանգիոնը ենթադրաբար նույնացվում է հայկական աղբյուրներում հիշատակված Ոսկեհանքին, որն էլ տեղադրվում է հետագայի Քարավանք գյուղի մոտ։ Ղուկաս Ինճիճյանը այս անվան հունարենը կարդում է Փարգանոն և այն նույնացնում է Արղանայի հետ։ Անվան Փառանդիոն և Փառանզիոն տարբերակները ենթադրվում է, որ սխալ ընթերցումներ են[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 238 — 916 էջ։
  2. 2,0 2,1 2,2 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 249․
  3. 3,0 3,1 3,2 «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին Հ. 5։ Բյուզանդական աղբյուրներ, Հ. Ա։ Պրոկոպիոս Կեսարացի», Հատորի խմբ.՝ Գ. Խ. Սարգսյան։ ՀՍԱՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1967, էջ 40-41, 61-62, 80, 158, 271.