Տառագրոս (Տարագրոս Ստեփանի Տեր-Վարդանյան, փետրվարի 28, 1878(1878-02-28), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 30, 1953(1953-03-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մանրանկարիչ, բեմանկարիչ։

Տարագրոս
Ծնվել էփետրվարի 28 (մարտի 11)․ 1878
ԾննդավայրԵրևան
Վախճանվել էմարտի 30, 1953
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1915)
Մասնագիտություննկարիչ, մանրանկարիչ և բեմանկարիչ
Տարագրոս Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Տարագրոսը ծնվել է 1878 թվականին, Երևանում, արհեստավորի ընտանիքում։ Փոքր հասակում կորցրել է հորը, անցել նյութական զրկանքների միջով։ Սովորել և ավարտել է Երևանի թեմական դպրոցը։ Բարերարների օգնությամբ մեկնել է Մոսկվա և Լենինգրադ, մասնագիտական կրթություն ստացել Գեղարվեստի և հնագիտական ինստիտուտներում և Լազարյան ճեմարանում։ 1908 թվականին ավարտել է Մոսկվայի Ստրոգանովի անվան արվեստի ուսումնարանը, 1915 թվականին՝ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի օֆորտի բաժինը՝ Վ․ Մատեի արվեստանոցը։ 1907 թվականից Մոսկվայի Կայսերական հնագիտական ընկերության հանձնարարությամբ աշխատանքի և հրավիրվել իբրև Հայաստանի և Վրաստանի հնագիտական հուշարձանները չափագրող-գծագրող ճարտարապետ և ուսումնասիրել է հայկական մշակույթի՝ Կովկասում պահպանված ճարտարապետական հուշարձանները (նաև չափագրել է․ «Նյութեր Կովկասի հնագիտության», պր․ 13, 1916), մագաղաթյա ձեռագրերը, զարդաքանդակները, կիրառական արվեստը (ավելի քան 2000 նմուշ)։ Դրանցից էստամպաժ տեխնիկայով կրկնօրինակել է 4,00 գործ։ 1916 թվականին այդ ընկերության կողմից արժանացել է պրոֆեսորի կոչման։ Աշխատել է Թորոս Թորամանյանի, Նիկողայոս Մառի (1914-1916), Վարդգես Սուրենյանցի (1917-1920) հետ։

1930 թվականին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած «Սև թևի տակ» ֆիլմի բեմադրող-նկարիչը[1]։ Մահացել է Երևանում[2]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Տարագրոսի ստեղծագործական աշխատանքը լայն թափ և ծավալ է ստացել Խորհրդային իխանության տարիներին։ 1921 թվականին Յալթայից հրավիրվել է Խորհրդային Հայաստան և զբաղեցրել մի շարք պաշտոններ, եղել Էջմիածնի թանգարանի վարիչի տեղակալ, Պատմության և գրականության ինստիտուտի գիտաշխատող, նկարչության և փորագրության դասատու մի շարք մասնագիտական տեխնիկումներում։ Ուսումնասիրել է Մատենադարանի մանրանկարչություն պարունակող հազարավոր հայկական ձեռագրերը, կարողացել թափանցել հայկական մանրանկարչության բնորոշ առանձնահատկությունների մեջ, մեծ հաջողությամբ դրանք օգտագործել իր ձևավորած գրքերում և ալբոմներում։ 1921 թվականին Թիֆլիսում ցուցադրել է իր մանրանկարչական աշխատանքները[3]։

Մեծ է Տարագրոսի վաստակը փորագրության ասպարեզում։ Զարդաքանդակել է ՀԽՍՀ Կառավարությանը տունը, Փոստը, Գյուղատնտեսական բանկը, Ակնաբուժարանը և տասնյակ այլ շենքեր։ Կարծր քարից պատրաստել է մի շարք սկահակներ։

Գործերից են՝ «Ֆահլաբազար․ (Շուկա)», 1930, «Գորգանկար», 1939, «ԺԲ դարի խաչքար» (բոլորը՝ Հայաստանի պետական պատկերասրահում[4])։ Դասավանդել է Երևանի շինարարական և այլ ուսումնարաններում (1921-35)։ Տպագրել է բազմաթիվ հոդվածներ, կազմել հայկական կերպարվեստում օգտագործված աշխատաձևերի, կատարողական հնարքների, ինչպես նաև մագաղաթի, բուսական ներկերի պատրաստման նկարագրությունը։

Աշխատություններ խմբագրել

  • Հայկական արվեստի տեխնոլոգիան հնագույն շրջանից մինչև մեր օրերը
  • Հայկական կիրառական արվեստը
  • Փորագրությունը Հայաստանում հնագույն շրջանից մինչև 17-րդ դար

Գրականություն խմբագրել

  • Խմբագրական, (1953) Տարագրոս Ստեփանի Տեր-Վարդանյան. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, Ժ (4). pp. 61–62:

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 605