Խոջիվանքի գերեզմանատուն

(Վերահղված է Խոջիվանքից)

Խոջիվանքի գերեզմանատուն (վրաց.՝ ხოჯივანქის სასაფლაოზე), հայկական գերեզմանատուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբար թաղամասում։ Հանդիսացել է Թբիլիսիի ամենահին և ընդարձակ գերեզմանատունը։ Ներկայումս ամբողջությամբ ոչնչացված է։ Գերեզմանատան տարածքում 1995 նոյեմբերի 23-ին սկսվել և 2002 թվականին ավարտվել է Վրաց ուղղափառ եկեղեցու գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Երրորդության մայր տաճարի կառուցումը[1][2][3][4]։

Խոջիվանքի գերեզմանատուն
վրաց.՝ ხოჯივანქის სასაფლაო
վրաց.՝ ხოჯივანქი
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունԹբիլիսի
Երկիր Վրաստան
Հիմնման տարի1655

Պատմություն

խմբագրել

Խոջիվանքի գերեզմանատան տարածքը հին ժամանակներից պատկանել է Բեհբության հայկական իշխանական տան ներկայացուցիչներին և հանդիսացել վերջիններիս տոհմական գերեզմանոցը։ Քարթլիի թագավոր Ռոստոմը (1638-1658) իր գանձապետ հայազգի Աշխարհբեկ Բեհբությանի նվիրվածությունը և ազնիվ ծառայությունը բարձր է գնահատել ու նրան կոչել Խոջա Բեհբութ, այսինքն Մեծ Բեհբութ։ 1654 թվականին թագավորը բավարարել էր հայ արքունականի խնդրանքը՝ գերեզմանոցի տարածքը մեծացնել, եկեղեցի կառուցել, դրանից վեր այգի տնկել և Մախաթ լեռան լանջով ջրանցք կառուցել[1][2][5] 1655 թվականին Խոջա-Բեհբուդը կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որին ժողովուրդը տվել է Խոջի վանք, այսինքն՝ խոջա Բեհբութի շինած վանք անունը։ Ժողովրդի կողմից գործածվող Խոջի վանք անվանումից էլ հետագայում ամբողջ գերեզմանատունը կոչվել է Խոջիվանք[1][2][6]։

Բավական ընդարձակված գերեզմանատան տարածքը հստակ ու մաքուր պահելու նպատակով 1899 թվականին կառուցվել է ամուր շրջապարիսպ[2][7]։

Գերեզմանատան ոչնչացում

խմբագրել

Ոչնչացման 1-ին փուլ. 1920-1940 թվականներ

խմբագրել
 
Խոջիվանքի գերեզմանատան տեղահան արված տապանաքարերը

Վրաստանում խորհրդային կարգերի հաստատման սկզբնական շրջանում Խոջիվանքի գերեզմանատունը, Թբիլիսիի հայկական առաքելական բազմաթիվ եկեղեցիների ու գերեզմանատների հետ միասին փակվեց։ 1920-ական թվականների վերջերից գերեզմանատանը գրեթե դադարեցին թաղումները, իսկ 1936-1938 թվականներին քաղաքային իշխանությունների որոշմամբ և Լավրենտին Բերիայի անմիջական նախաձեռնությամբ սկսվեց ինչպես ամբողջ գերեզմանատան, այնտեղ գտնվող հազարավոր շիրմաքարերի, այնպես էլ նրա կենտրոնում կանգնած Սուրբ Աստվածածին եկեղեցու և մյուս բոլոր մատուռների ու դամբարանների ոչնչացումը[2][3][8]։

Ոչնչացման 2-րդ փուլ. 1940-1991 թվականներ

խմբագրել
 
Սուրբ Երրորդության մայր տաճարի շինհրապարակը, փոսում երևում են Խոջիվանքի քանդված գերեզմանները

Գերեզմանատան, այնտեղ գտնվող եկեղեցու, մատուռների և դամբարանների քանդումից հետո սկսվեց նույն տեղում «Բարեկամություն» անվանումով զբոսայգու կառուցումը[2][8]։

Ոչնչացման 3-րդ փուլ. 1991 թվականից մինչ օրս

խմբագրել

1994 թվականին քանդեցին գերեզմանատան տապանաքարերից կառուցված «Բարեկամություն» զբոսայգու շրջապարիսպը, այն փոխարինելով նոր՝ բետոնե պատով։ Քանդված հին պարսպից դուրս թափված տապանաքարերն արագորեն անհայտացրին[2][9]։

Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն

խմբագրել

1962 թվականի մարտի 17-ից նախկին ընդարձակ Խոջիվանքի հայկական գերեզմանատան տարածքից հավաքված շուրջ 32 շիրմաքար իրար մոտ հավաքելով՝ հիմնվեց այսպես կոչված «Հայ մշակույթի գործիչների պանթեոնը»։ Իրականում պանթեոնի տապանաքարերի մեծ մասը տեղադրված են առանց հողի տակ գտնվող աճյունների[2][8]։

Տապանաքարերի ճակատագիր

խմբագրել

Խոջիվանքի գերեզմանատան դամբարանները, առանձին տեղադրված շիրմաքարերը հիմնականում պատրաստված էին սև և սպիտակ մարմարից, մշակված բազալտից։ Այդ իսկ պատճառով 1930-ական թվականներից սկսված գերեզմանատան ոչնչացումից հետո տապանաքարերի մի մասը տեղափոխվել են Թբիլիսիի տարբեր շինհրապարակներ և օգտագործվել շենքերի, հուշահամալիրների, փողոցների սալահատակման նպատակով։ Այնուամենայնիվ մեծ մասը փշրված կամ ամբողջական տեղափոխվել են տարբեր աղբավայրեր, այդ թվում՝ Թբիլիսիում գտնվող Կրիայի լճի մոտ գտնվող Մխաթա լեռան ստորոտի աղբավայրեր։

Հայկական գերեզմանոցի տապանաքարերից մի զգալի մաս հայտնվեցին Թբիլիսիում կառուցվող նոր շենքերի և շինությունների հիմքերում, պատերի մեջ՝ ներքին և արտաքին երեսպատման տեսքով։ Հայտնի է, որ Լավրենտի Բերիան իր տներից մեկը կառուցելիս (Մաչաբելի փող., թիվ 11) օգտագործեց զինվորական բժիշկ Ա.Բեգիջանյանի նախնիների տոհմական գերեզմանոցի սև մարմարյա քարերը՝ զուգարանի երեսպատման համար։ Ռուսթավելու պողոտա 8 հասցեում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքի (նախկինում՝ Մարքսիզմ-լենինիզմի հաստատության) պատերի շարվածքում նույնպես օգտագործվել են հիմնականում Խոջիվանքից բերված շիրմաքարերը։ Կուր գետի աջափնյակում գտնվող «Դեդաենա» (մայրենի լեզու) հուշահամալիր տանող աստիճանների եզրաքարերի վրա այսօր էլ կարդացվում են հայկական շիրմաքարերի մակագրությունները»[10]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.) Արխիվացված 2012-05-18 Wayback Machine
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1999), Դիվան վավերագրերին և լուսանկարների Արխիվացված 2017-01-01 Wayback Machine, կազմող Սամվել Կարապետյան. ISBN 5-8080-0144-7 ԳՄԴ 85.113 (2Հ)
  3. 3,0 3,1 Սամվել Կարապետյան, «Բանբեր», N 64 (77), 1-5 դեկտեմբեր, 1995։
  4. «Խոջիվանքի մոռացված ստվերները» հոդված armenian-community.ge կայքում Արխիվացված 2022-01-19 Wayback Machine։
  5. დოკუმენტები თბილისის ისტორიისათვის (XVI-XIX სს.), წიგნი პირველი, შეადგინეს: ნიკო ბერძენიშვილმა და მამისა ბერძენიშვილმა, თბილისი, 1962, էջ 17։
  6. Мурадян П. М., Армянская эпиграфика Грузии, Երևան, 1988, էջ 96։
  7. Հայաստանի Հանրապետության Պատմության պետական կենտրոնական արխիվ, ֆ 53, ց. 1. գ. 3384, թ. 1, 35:
  8. 8,0 8,1 8,2 Թեյմուրազ Բերիձե, … Եւ հայտնվեց Թբիլիսին (վրացերեն), Թբիլիսի, 1977, էջ 128-129։
  9. Սամվել Կարապետյան, Հայոց մասունքների տեղում վրաց եկեղեցի՞, «Բանբեր», 1995, N 64, էջ 3։
  10. Սարգիս Դարչինյան, «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՁԱՅՆ», դեկտեմբեր 16-22, 1993։

Գրականություն

խմբագրել