Էյլին Քերոլ Վուորնոս (անգլ.՝ Aileen Carol Wuornos, փետրվարի 29, 1956(1956-02-29)[1][2], Ռոչեստեր, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ - հոկտեմբերի 9, 2002(2002-10-09)[1][2], Ֆլորիդայի նահանգային բանտ, Բրեդֆորդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան, 1989-1990 թվականներին Ֆլորիդայի մայրուղիներում փողոցային մարմնավաճառությամբ զբաղվելիս սպանել և թալանել է յոթ տղամարդու։ Վուորնոսը պնդել է, որ կա՛մ բռնաբարել են իրեն, կա՛մ փորձել են դա անել, հետևաբար իր գործողությունները վերագրել է որպես ինքնապաշտպանություն։ Դարձել է Միացյալ Նահանգների երկրորդ կին մոլագարը Լավինիա Ֆիշերից հետո (1793-1820)։

Էյլին Վուորնոս
Պատկեր
Ծննդյան ամսաթիվփետրվարի 29, 1956(1956-02-29)[1][2]
ԾննդավայրՌոչեստեր, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն Ճամայկա
 ԱՄՆ
Մահվան ամսաթիվհոկտեմբերի 9, 2002(2002-10-09)[1][2] (46 տարեկան)
Մահվան վայրՖլորիդայի նահանգային բանտ, Բրեդֆորդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Մահվան պատճառՄահաբեր ներարկում
Պատիժմահապատիժ
Սպանություն

Դատապարտվել է մահապատժի, ինչը իրականացվել է 2002 թվականի հոկտեմբերի 9-ին՝ մահացու ներարկումով։

Կենսագրությույն խմբագրել

Էյլին Քերոլ Փիթմանը ծնվել է 1956 թվականի փետրվարի 29-ին ԱՄՆ Միչիգան ​​նահանգի Ռոչեսթեր քաղաքում[3]։ Նրա մայրը՝ ֆինն-ամերիկուհի Դիանա Քեթլին Վուորնոսը (ծնված 1939 թվականի օգոստոսի 12-ին), եղել է 14 տարեկան, երբ ամուսնացել է Էյլինի հոր՝ Լեո Դեյլ Փիթմանի հետ (մարտի 26, 1936 - հունվարի 30, 1969), ամուսնությունը տեղի է ունեցել 1954 թվականի հունիսի 3-ին։ Էյլինի ավագ եղբայրը՝ Քիթը, ծնվել է 1955 թվականի մարտի 14-ին (մահացել է 1976 թվականի հուլիսի 17-ին)[4]։ Նրանց ամուսնությունից մոտ երկու տարի անց և Էյլինի ծնվելուց երկու ամիս առաջ Դիանան ամուսնալուծության հայց է ներկայացրել[3]։ Էյլինը երբեք չի տեսել իր հորը, ծնվելու պահին նրան բանտ են ուղարկել և դատապարտել 8-ամյա տղայի նկատմամբ ոտնձգությունների և սպանության փորձի համար[5]։ Ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա։ 1969 թվականի հունվարի 30-ին Լեոն կախվել է իր խցում[6][7]։ 1960 թվականի հունվարին, երբ Էյլինը եղել է գրեթե 4 տարեկան, մայրը լքել է նրան և եղբորը, երեխաներին մեծացրել է նրա ծնողները՝ Լարի Ջեյքոբը (հունվարի 28, 1911 - մարտ 1976) և Էյլին Բրիտան (փետրվարի 1, 1917 - հուլիսի 7, 1971)։ 1960 թվականի մարտի 18-ին Լարին և Էյլինը օրինականացրել են իրենց թոռների խնամակալությունը[7]։

Տասնմեկ տարեկանում Վուորնոսը սկսել է սեքսով զբաղվել դպրոցում՝ ծխախոտի, թմրանյութերի և սննդի դիմաց[8]։ Սեռական հարաբերություն է ունեցել նաև եղբոր հետ[5]։ Վուորնոսը պնդել է, որ իր հարբեցող պապը բռնաբարել և ծեծել է իրեն և ստիպել մերկանալ իր աչքի առաջ[5]։ Հետագայում հոգեբույժները կասկածի տակ են դրել այս փաստը[9]։ 1970 թվականին 14 տարեկանում հղիացել է պապի հանցակիցի կողմից բռնաբարության ենթարկվելուց հետո[5]։ 1971 թվականի մարտի 23-ին ծնված Վուորնոսի երեխան հայտնվել է մանկատանը, որից հետո տղան որդեգրվել է[7]։ Երեխայի ծնվելուց մի քանի ամիս անց նա թողել է դպրոցը[5]։ Այդ ժամանակ նրա տատիկը մահացել է լյարդի անբավարարությունից։ Երբ Էյլինը եղել 15 տարեկան, նրա պապը դուրս է հանել տնից, և ստիպված է եղել զբաղվել մարմնավաճառությամբ՝ հաց վաստակելու համար։ Ապրել է իր հին տան մոտ գտնվող անտառում[7]։

1974 թվականի մայիսի 27-ին, 18 տարեկանում, Վուորնոսը ձերբակալվել է Կոլորադոյի Ջեֆերսոն կոմսությունում՝ հարբած վիճակում մեքենա վարելու, հակասոցիալական վարքագծի և 22 տրամաչափի ատրճանակով ընթացող մեքենայից կրակելու համար։ Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել դատարան չներկայանալու համար[10]։

1976 թվականին Վուորնոսը ավտոստոպով մեկնել է Ֆլորիդա, որտեղ հանդիպել է 69-ամյա զբոսանավերի ակումբի նախագահ Լյուիս Գրաց Ֆելին։ Նույն տարում նրանք ամուսնացել են, նրանց հարսանիքը հայտարարվել է տեղական թերթում։ Վուորնոսը անընդհատ կոնֆլիկտների մեջ է մտել տեղի բարում և ի վերջո հայնվել բանտում հարձակման համար։ Նաև ծեծի է ենթարկել Ֆելին իր սեփական ձեռնափայտով, ինչի արդյունքում նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել։ Վուորնոսը վերադարձել է Միչիգան, որտեղ 1976 թվականի հուլիսի 14-ին ձերբակալվել է Անտրիմում և մեղադրվել է հարձակման և անկարգությունների մեջ՝ բիլիարդի գնդակը բարմենի գլխին նետելու համար[11][12][13]։

Հուլիսի 17-ին նրա եղբայրը՝ Քիթը, մահացել է կերակրափողի քաղցկեղից, իսկ Վուորնոսը 10,000 դոլարի վճար է ստացել իր ապահովագրությունից։ Հուլիսի 21-ին Վուորնոսի և Ֆելի ամուսնությունը չեղյալ է հայտարարվել, արդյունքում նրանց ամուսնությունը տևել է ընդամենը ինը շաբաթ[14]։ Ամուսնալուծության գործընթացի ժամանակ նախկին ամուսինը պնդել է, որ Վուորնոսը ծախսել է իր գումարը և ծեծել իրեն։ 1976 թվականի օգոստոսին Վուորնոսը ստիպված վճարել է 105 դոլար տուգանք ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Նախորդ ամիս իր հանգուցյալ եղբորից՝ Քիթից ժառանգած գումարն օգտագործել է տուգանք վճարելու համար, իսկ մնացածը՝ շքեղ իրեր, այդ թվում՝ նոր մեքենա գնելու համար, որով շուտով վթարի է ենթարկվել[15]։

1978 թվականին ինքնասպանության փորձ է արել՝ կրակելով իր որովայնին։

1981 թվականի մայիսի 20-ին Վուորնոսը Էջուոթերում (Վոլուշա շրջան, Ֆլորիդա) ձերբակալվել է՝ խանութից զինված կողոպուտի համար։ Նրա ավարը կազմում էր 35 դոլար և երկու տուփ ծխախոտ։ Դատապարտվել է բանտարկության 1982 թվականի մայիսի 4-ին և ազատ է արձակվել 1983 թվականի հունիսի 30-ին[16]։ 1984 թվականի մայիսի 1-ին Վուորնոսը ձերբակալվել է Ֆլորիդայի Քի Ուեսթ քաղաքի բանկում կեղծ չեկերի խարդախության համար։ 1985 թվականի նոյեմբերի 30-ին դարձել է Ֆլորիդայի Պասկո քաղաքում ատրճանակի և զինամթերքի գողության մեջ կասկածվողներից մեկը[16]։ Նրան ձերբակալել են զենք գողանալու կասկածանքով, սակայն ոստիկանությունում Էյլինը իրեն անվանել է իր Միչիգանի մորաքրոջ անունով՝ Լորի Գրոդայ, և նրան ազատ են արձակել։

1986 թվականի հունվարի 4-ին Վուորնոսը ձերբակալվել է Մայամիում և մեղադրվել մեքենայի գողության, ձերբակալության դեմ դիմադրելու համար և արդարադատությանը խոչընդոտելու մեջ, նաև, որ ներկայացել էր որպես իր մորաքույր։ Մայամիի ոստիկանության աշխատակիցները գողացված մեքենայում հայտնաբերել են՝ 38 տրամաչափի ատրճանակ և մի տուփ զինամթերք[17]։ 1986 թվականի հունիսի 2-ին Վալուշա շրջանի շերիֆի տեղակալները նրան հարցաքննության են տարել այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը նրան մեղադրել է իր մեքենայի մեջ նրան ատրճանակով սպառնալու և նրանից 200 դոլար պահանջելու մեջ։ Նրա նստատեղի տակ ոստիկանները հայտնաբերել են լրացուցիչ զինամթերք և 22 տրամաչափի ատրճանակ[18]։

Այնուհետ բերման է ենթարկվել կտրոն կեղծելու կասկածանքով, իրեն նոր անուն է տվել՝ Սյուզան Բլահովեց, և կրկին ազատ է արձակվել։

Մոտ 1986 թվականին Վուորնոսը հանդիպել է սպասուհի Թիրիա Մուրին Ֆլորիդայի Դեյտոնա Բիչ քաղաքի գեյ-բարում։ Նրանք սկսել են միասին ճանապարհորդել՝ ապրելով այն գումարով, որը Վուորնոսը ձեռք է բերել մարմնավաճառությամբ[19][20][21]։ 1987 թվականի հուլիսի 4-ին Դեյտոնա Բիչի ոստիկանությունը կալանավորել է Վուորնոսին և Մուրին բարում, որպեսզի հարցաքննեն մի միջադեպի վերաբերյալ, որում նրանք երկուսն էլ մեղադրվում էին։ 1988 թվականի մարտի 2-ին Վուորնոսը Դեյտոնա լողափում ավտոբուսի վարորդին մեղադրել է հարձակման մեջ։ Հայտնել է, որ վիճաբանությունից հետո իրեն դուրս է հանել ավտոբուսից։ Մուրն ականատես է եղել միջադեպին[22]։ Մահապատժից առաջ Վուորնոսն ասել է, որ դեռ սիրում է Մուրին[23]։

Հանցագործություններ խմբագրել

  1. 1989 թվականի նոյեմբերի 29-ին Էյլինին «վերցրել է» մայրուղու մոտակայքում 51-ամյա Ռիչարդ Մելլորին, որը Ֆլորիդայի Քլիրուոթեր քաղաքում գտնվող էլեկտրոնիկայի խանութի սեփականատերն էր։ Երկու օր անց Վոլուշա շրջանի շերիֆի տեղակալը Օրմոնդ Բիչի տարածքում գտել է Մելորիի լքված Cadillac մեքենան։ Դեկտեմբերի 13-ին Մելորիի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ մեքենայից մի քանի մղոն հեռավորության վրա՝ մի քանի գնդակից ստացած վնասվածքներով։ Մահվան պատճառը եղել է ձախ թոքի հյուսվածքում գտնվող երկու գնդակը։ Վուորնոսն ի սկզբանե դատապարտվել է այս սպանության համար[6]։
  2. 1990 թվականի հունիսի 1-ին 43-ամյա Դեյվիդ Սփիրսը, որը շինարարական բանվոր էր Ֆլորիդայի Վինթեր Գարդեն քաղաքում, մերկ վիճակում հայտնաբերվել է Ֆլորիդայի Սիտրաս շրջանի 19 մայրուղու մոտ։ Նրա սպանվել էր հրացանի վեց կրակոցից[6]։
  3. 1990 թվականի հունիսի 6-ին 40-ամյա Չարլզ Քարսկադոյի մարմինը հայտնաբերվել է Ֆլորիդայի Պասկո շրջանում։ Նրա վրա կրակել էին փոքր տրամաչափի զենքից ինը անգամ[6]։
  4. Փիթեր Սիմս, 65-ամյա թոշակի անցած առևտրական ծովագնաց, որը իրեն նվիրել էր քրիստոնեություն քարոզելուն։ 1990 թվականի հունիսին Ֆլորիդայի Փալմ Բիչ շրջանի Յուպիտեր քաղաքից մեկնել է Արկանզաս՝ հարազատներին այցելելու։ 1990 թվականի հուլիսի 4-ին նրա մեքենան (մոխրագույն Պոնտիակ) հայտնաբերվել է Ֆլորիդայի Օրանջ Սփրինգս համայնքում։ Մուրին և Վուորնոսին տեսել են իր մեքենայից դուրս գալիս։ Մուրի մատնահետքերը հայտնաբերվել են դռան ներսի բռնակի վրա։ Սիմսի մարմինն այդպես էլ չի հայտնաբերվել[6]։ 1990 թվականի հուլիսի 4-ին Ֆլորիդայում Օրանջ Սփրինգսի մոտ տեղի բնակչուհի Ռոնդա Բեյլին տեսել է, որ մոխրագույն Պոնտիակը դուրս է գալիս մայրուղուց և մխրճվում ճամփեզրի թփի մեջ, որից հետո երկու կին՝ շիկահեր և կարմրահեր, դուրս են եկել մեքենայից։ Կանայք կտրականապես հրաժարվել են առաջարկվող օգնությունից (շիկահերի ուսը պատռվել է արյունահոսության աստիճանի) և ճանապարհով շարժվել մեքենայից հեռու՝ դեպի քաղաք։
  5. Թրոյ Բերես, երշիկեղենի առաքման բեռնատարի 50-ամյա վարորդ Ֆլորիդայի Օկալա քաղաքից։ 1990 թվականի օգոստոսի 4-ին նրա մարմինը հայտնաբերվել է Ֆլորիդայի Մարիոն շրջանում գտնվող անտառում։ Նրա վրա կրակել են երկու անգամ[6]։ Նրա մարմինը՝ երկու հրազենային վնասվածքներով, 5 օր անց հայտնաբերել է մի ընտանիք, որը եկել էր Օկալա ազգային պարկ՝ խնջույքի։
  6. Չարլզ «Դիկ» Համֆրիս, 56-ամյա ԱՄՆ բանակի թոշակի անցած մայոր՝ «Երեխաների դեմ ուղղված հանցագործությունների» հետաքննիչ և նախկին ոստիկանապետ։ 1990 թվականի սեպտեմբերի 12-ին նրա մարմինը հայտնաբերվել է Մարիոն նահանգում։ Եղել է ամբողջովին հագնված։ Նրա վրա կրակել են վեց անգամ՝ գլխին և մարմնին։ Նրա մեքենան հայտնաբերվել է Ֆլորիդայի Սուոնի շրջանում[6]։
  7. Վալտեր Ջենո Անտոնիո, 62 տարեկան, բեռնատարի սեփականատեր, անվտանգության աշխատակից, ոստիկանության պահեստազորի աշխատակից։ 1990 թվականի նոյեմբերի 19-ին նրա մերկ մարմինը հայտնաբերվել է Ֆլորիդայի Դիքսի շրջանի հեռավոր անտառահատման գոտում։ Նրա վրա կրակել են չորս անգամ։ Հինգ օր անց նրա մեքենան հայտնաբերվել է Բրևարդում[6]։

Բոլոր զոհերը միայնակ տղամարդ և միջին տարիքի մեքենաների (առանց ուղևորների) վարորդներ են եղել (վերջին զոհը եղել է տարեց), ովքեր համաձայնել են Էյլինին վերցնել որպես ուղևոր։ Տուժածների մեքենաները մնացել են անտառում։ Սպանության զենքը եղել է 22 տրամաչափի ատրճանակ, որն օգտագործվել է տուժողի ուղղությամբ առնվազն երկու կրակոց արձակելու համար։ Որոշ դեպքերում մարդասպանը փորձել է թաքցնել ապացույցները։

Ձերբակալություն և դատավարություն խմբագրել

1990 թվականի հուլիսի 4-ին Վուորնոսն ու Մուրը ստիպված լքել են Փիթեր Սիմսի մեքենան այն բանից հետո, երբ վթարի են ենթարկվել։ Ականատեսները ոստիկանությանը ներկայացրել են մահացածի մեքենայում նստած կանանց անուններն ու բնութագիրը։ Սկսվել է մեդիա արշավ, որն օգնել է գտնել հանցագործներին։ Ոստիկանները գրավատներում հայտնաբերել են նաև զոհերին պատկանող որոշ իրեր։ Տուժածների մեքենաներից մատնահետքեր են վերցվել։ Քանի որ Վուորնոսն արդեն քրեական հետապնդման էր ենթարկվել Ֆլորիդայում, նրա մատնահետքերը եղել են թղթապանակում։

 
«The Last Resort» բարը Վոլուշայում, որտեղ ձերբակալվել է Վուորնոսը։

Վուորնոսը ձերբակալվել է 1991 թվականի հունվարի 9-ին Վոլուշա շրջանի «Վերջին հանգստավայր» բարում։ Հաջորդ օրը ոստիկանները հայտնաբերել են Վուորնոսի նախկին սիրեցյալ Թիրիա Մուրին Փենսիլվանիայի Սկրանտոն քաղաքում։ Նա համաձայնել է խոստովանություն կորզել Վուորնոսից՝ քրեական հետապնդումից ազատվելու դիմաց։ Մուրը ոստիկանների հետ վերադարձել է Ֆլորիդա, որտեղ մնացել է մոթելում։ Ոստիկանության ցուցումով բազմիցս հեռախոսով զանգահարել է Վուորնոսին՝ նրանից խնդրելով օգնություն՝ իր անունը մաքրելու համար։ Երեք օր անց՝ 1991 թվականի հունվարի 16-ին, Վուորնոսը խոստովանել է սպանությունները։ Հայտարարել է, որ մի տղամարդ փորձել է բռնաբարել իրեն, և նա սպանել է իրեն՝ ինքնապաշտպանության նպատակով։

Մեկ տարի անց՝ 1992 թվականի հունվարի 14-ին, Վուորնոսը դատարանի առաջ է կանգնել Ռիչարդ Մելլորիի սպանության համար։ Թեև նախկին դատավճիռները, ընդհանուր առմամբ, անընդունելի են քրեական դատավարություններում, Ֆլորիդայի Ուիլյամսի կանոնի համաձայն մեղադրող կողմին թույլատրվել է ներկայացնել ապացույցներ՝ կապված նրա այլ հանցագործությունների հետ՝ ցույց տալու համար նրա հանցավոր գործունեության օրինաչափությունը։ 1992 թվականի հունվարի 27-ին Վուորնոսը Մուրի ցուցմունքների օգնությամբ դատապարտվել է Մելորիի սպանության համար։ Պաշտպանական հոգեբույժների եզրակացության համաձայն՝ Վուորնոսը եղել հոգեկան անկայուն վիճակում և ուներ սահմանային և դիսոցիալական անհատականության խանգարումներ։ Չորս օր անց Վուորնոսը դատապարտվել է մահապատժի։

1992 թվականի մարտի 31-ին Վուորնոսը ընդունել է Դիկ Համֆրիսի, Թրոյ Բարրեսի և Դեյվիդ Սփիրսի սպանությունները՝ ասելով, որ ցանկանում է «Աստծո հետ լինել»։ Խոսելով դատարանի հետ՝ նա ասել է. «Ես ուզում էի ձեզ խոստովանել, որ Ռիչարդ Մելլորին ցանկանում էր բռնաբարել ինձ, ինչպես արդեն ասել եմ ձեզ, բայց մյուսները չեն փորձել դա անել։ [Նրանք] միայն սկսել էին»։ 1992 թվականի մայիսի 15-ին Վուորնոսը ստացել է ևս երեք մահապատիժ։

1992 թվականի հունիսին Վուորնոսը խոստովանել է 1992 թվականի նոյեմբերին Չարլզ Կարսկադոնի սպանությունը և ստացել իր հինգերորդ մահապատիժը։ Պաշտպանական կողմը փորձել է ապացույցներ ներկայացնել, որ Մելլորին դատվել է Մերիլենդում բռնաբարության փորձի համար և ուղարկվել է Մերիլենդի առավելագույն անվտանգության ուղղիչ հաստատություն՝ սեռական հանցագործների համար։ Հաստատության գրառումները ցույց են տալիս, որ բռնաբարության դիտավորությամբ հանցավոր հարձակման մեջ մեղադրվելու համար 1958-1962 թվականներին Մելլորին բուժում և հսկողություն անցնելուց հետո ստացել է ութ տարվա ազատազրկում։ 1961 թվականին «նկատվել է , որ Պարոն Մելլորին դրսևորում է կայուն ​​սոցիոպաթիկ հակումներ»։ Դատավորը հրաժարվլ է այս տեղեկությունը ներկայացնել որպես ապացույց դատարանում և մերժել է Վուորնոսի՝ վերաքննության պահանջը։

1993 թվականի փետրվարին Վուորնոսը խոստովանել է Վալտեր Ջինո Անտոնիոյի սպանությունը և կրկին դատապարտվել մահապատժի։ Փիթեր Սիմսի սպանության մեջ նրա դեմ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ նրա մարմինը այդպես էլ չի գտնվել։ Ընդհանուր առմամբ, Վուորնոսը վեց անգամ դատապարտվել է մահապատժի։

Վուորնոսը մի քանի հակասական պատմություններ է պատմել իր հանցագործությունների մասին։ Սկզբում հայտարարել է, որ իր բոլոր յոթ զոհերը բռնաբարել են իրեն մարմնավաճառությամբ զբաղվելու ժամանակ։ Ավելի ուշ հրաժարվել է իր ինքնապաշտպանական ցուցմունքներից՝ որպես շարժառիթ նշելով կողոպուտը և վկաներ թողնելու դժկամությունը։

Հոգեախտաբանական մոդել խմբագրել

Վուորնոսի հանցագործությունները համապատասխանում են կին մարդասպանի հոգեախտաբանական մոդելին։ Դիտվում է որպես հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող անձնավորություն։ Համաձայն «Psychopathy Rating Sheet»-ի՝ Վուորնոսը հոգեպատ է, որի PCL-R գնահատականը 32 է։ Հարցաթերթիկը գնահատում է մարդկանց հակասոցիալական և միջանձնային վարքագծի 20 կետից բաղկացած ցանկում, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 0, 1 կամ 2, առավելագույնը 40 միավորով։ Միացյալ Նահանգներում 30-ից բարձր միավորը համարվում է հոգեպատիա։ Վուորնոսը նաև համապատասխանել է սահմանային անհատականության խանգարման և դիսոցիալական անհատականության խանգարման չափանիշներին։

Մահապատիժ խմբագրել

Վուորնոսին որոշել են մահապատժի ենթարկել Բրովարդի ուղղիչ հաստատությունում, որը ղեկավարվում էր Ֆլորիդայի պատիժների կատարման դեպարտամենտի կողմից։ Այնուհետև նրան տեղափոխել են Ֆլորիդայի նահանգային քրեակատարողական հիմնարկ՝ մահապատժի ենթարկելու համար։ ԱՄՆ Գերագույն դատարան ուղղած նրա բողոքը մերժվել է 1996 թվականին։ 2001 թվականին Ֆլորիդայի Գերագույն դատարանին ուղղված իր բողոքում նա ցանկություն է հայտնել հրաժարվել իրավաբանական խորհրդատվությունից և արգելափակել բոլոր առկախ բողոքները։

  Ես սպանեցի այս մարդկանց, թալանեցի նրանց սառցե սառնասրտությամբ։ Եվ ես նորից կանեի դա։ Կարիք չկա փրկել իմ կյանքը կամ որևէ այլ բան, քանի որ ես նորից կսպանեի։ Ես ատում եմ այս համակարգի միջով սողալը... Զզվում եմ, երբ լսում եմ. «Նա խելագար է»։ Ես բազմիցս հետազոտվել եմ։ Ես կոմպետենտ եմ, ողջամիտ եմ և փորձում եմ ճշմարտությունն ասել։ Ես նրանցից եմ, ով լրջորեն ատում է մարդկային կյանքը և նորից կսպանեմ։  

Մինչ նրա փաստաբանները պնդում էին, որ դա խելամիտ չէ նման խնդրանքով դիմելու համար, Վուորնոսը պնդել է, որ գիտի, թե ինչ է անում։ Դատարանի կողմից նշանակված հոգեբույժների խորհուրդը համաձայնել է նրա դիրքորոշման հետ. Վուորնոսը կրկին թեստավորվել է երեք հոգեբույժների կողմից, և նրանք համոզված են եղել, որ նա ողջախոհ է և հասկացել է, որ նա կմահանա։

Իր մահապատժին նախորդող շաբաթների ընթացքում Վուորնոսը մի շարք հարցազրույցներ է տվել Բրումֆիլդին։ Ասել է որ իրեն «[սպասում են] տանել՝ հանդիպելու Աստծուն և Հիսուսին, հրեշտակներին և այն, ինչ կա դրանից հետո»։ Վերջին հարցազրույցում կրկին մեղադրանք է առաջադրել, որ իր միտքը «խոշտանգել է» BCI-ն, իսկ գլուխը ջարդել է «ուլտրաձայնը»։ Վուորնոսն ասել է, որ սննդային թունավորումը և այլ չարաշահումները վատացրել են իր վիճակը, որոնց նպատակն է իրեն խելագար տեսք տալ կամ խելագարեցնել։ Նաև հարձակվել է իր զրուցակցի վրա ասելով՝ «Դու ինձ սաբոտաժ արեցիր ինչպես նաև՝ հասարակությունը և ոստիկանները և [ամբողջ] համակարգը։ Բռնաբարված կնոջը պատրաստվում է մահապատժի ենթարկել, և այս [սյուժեն] օգտագործվում է գրքերում, ֆիլմերում և [այլ] հիմարություններում»։ Տեսախցիկին ուղղված նրա վերջին խոսքերն էին. «Շնորհակալ եմ հասարակությանը հետույքիս վրայով անցնելու համար»։ Վուորնոսի ավագ դպրոցական ընկերուհի Դոն Բոտկինսը ավելի ուշ ասաց Բրումֆիլդին, որ ինքը քննադատում է հասարակությանը և լրատվամիջոցներին ընդհանրապես, ոչ թե անձամբ իրեն։

Վուորնոսը մահապատժի է ենթարկվել 2002 թվականի հոկտեմբերի 9-ին մահացու ներարկումով (ի սկզբանե նախատեսվում էր մահապատժի ենթարկել էլեկտրական աթոռով)։ Մահը տեղի է ունեցել ժամը 9.47-ին։ Հրաժարվել է վերջին կերակուրից և նախընտրել է մի բաժակ սուրճ խմել։ Նրա վերջին խոսքերն եղել են՝ «Այո։ Ես ուզում եմ ասել, որ ես ցատկում եմ ժայռից և կվերադառնամ անկախության օրը՝ Հիսուսի հետ։ Հունիսի 6-ը նման է ֆիլմի»։ Դարձել է ԱՄՆ-ում տասներորդ կինը, որը մահապատժի է ենթարկվել 1976 թվականին մահապատիժը վերականգնելուց հետո, և երկրորդ կինը, որը երբևէ մահապատժի է ենթարկվել Ֆլորիդայում՝ 1976 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո, որը վերականգնել է մահապատիժը[24]։

Մահվանից հետո խմբագրել

Վուորնոսի մարմինը դիակիզվել է։ Մոխիրը վերցրել է նրա մանկության ընկերուհի Դոն Բոտկինսը, որը դրանք ցրել է ծառի տակ Վուորնոսի հայրենի Միչիգան ​​նահանգում։ Վուորնոսի խնդրանքով երգչուհի Նատալի Մերչանտի «Carnival» երգը իր Tigerlily ալբոմից, որը Էյլինը ժամերով լսում էր մահապատժի ժամանակ, հնչել է նրա հուղարկավորության ժամանակ։ Երբ Մեչատն իմացել է այս մասին, նա թույլ է տվել, որ երգն օգտագործվի «Էյլին։ Սերիական մարդասպանի կյանքն ու մահը» վավերագրական ֆիլմի վերջում։

  Երբ ռեժիսոր Նիք Բրումֆիլդն ինձ ուղարկեց ֆիլմի հատվածը, ես այնքան հուզված էի, որ նույնիսկ չկարողացա դիտել այն։ Էյլին Վուորնոսը տանջալի կյանք էր վարում, որն ավելի վատ էր, քան իմ ամենավատ մղձավանջները։ Այսինքն, երբ ես իմացա, որ Վուորնոսը մահապատժի ժամանակ ժամերով լսել է իմ Tigerlily ալբոմը և խնդրել, որ «Carnival»-ը հնչի իր հուղարկավորության ժամանակ, ուստի ես թույլտվություն տվեցի, որ երգն օգտագործվի։ Շատ տարօրինակ է մտածել, թե որտեղ կարող է հայտնվել իմ երաժշտությունը, երբ այն արդեն թողարկվել է։ Եթե ​​դա նրան որևէ մխիթարություն է տվել, ես պետք է շնորհակալ լինեմ։  

Այնուհետև Բրումֆիլդը ենթադրություն է արել Վուորնոսի դրդապատճառների և հոգեվիճակի մասին.

  «Կարծում եմ՝ զայրույթը զարգացավ նրա ներսում երբ նա մարմնավաճառությամբ էր զբաղվում, ճանապարհին բազմաթիվ զզվելի հանդիպումներ էր ունենում։ Եվ ես կարծում եմ, որ զայրույթը պարզապես թափվեց նրա միջից։ Սա ի վերջո հանգեցրեց պայթյունի։ Սա դարձավ նրա գոյատևման ճանապարհը։ Կարծում եմ, Էյլինն իրականում հավատում էր, որ սպանել է ինքնապաշտպանության համար։ Չեմ կարծում, որ հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեցող որևէ մեկը կկարողանա ճշգրիտ բացատրել կյանքին սպառնացող և մի բանի միջև եղած տարբերությունը, որի հետ նա համաձայն չէր։ Ահա թե ինչի մասին էր նա բղավում։ Կարծում եմ՝ հենց դրա համար էլ տեղի ունեցան այս բոլոր իրադարձությունները։ Եվ միևնույն ժամանակ, երբ նա այս ծայրահեղ պայմաններում չէր, նա աներևակայելի մարդ էր»։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jenkins J. P. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Macleod, Marlee (1956 թ․ փետրվարի 29). «Aileen Wuornos: Killer Who Preyed on Truck Drivers — A Poor Beginning — Crime Library on». Trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
  4. Shipley, Stacey L.; Arrigo, Bruce A. The Female Homicide Offender: Serial Murder and the Case of Aileen Wuornos. — Pearson, 2004. — С. 98. — ISBN 978-0-13-114161-2
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Silvio, Heather; McCloskey, Kathy; Ramos-Grenier, Julia Theoretical consideration of female sexual predator serial killers in the United States(անգլ.) : journal. — Т. 34. — № 3. — С. 251—259. — doi:10.1016/j.jcrimjus.2006.03.006
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «Aileen Carol Wuornos». The Clark County Prosecuting Attorney. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Howard, Amanda; Smith, Martin River of Blood: Serial Killers and Their Victims. — 2004. — С. 332. — ISBN 978-1-58112-518-4
  8. Howard, Peter Female Serial Killers: How and Why Women Become Monsters. — Penguin, 2007. — С. 142—143. — ISBN 0-425-21390-0
  9. Macleod, Marlee (1956 թ․ փետրվարի 29). «Aileen Wuornos: Killer Who Preyed on Truck Drivers — A Poor Beginning — Crime Library on». Trutv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
  10. Reynolds, 2003, էջ 116
  11. Russell, Sue Lethal Intent. — 2002. — С. 97. — ISBN 0-7860-1518-7
  12. Griffin, Ayanna M.; Arrigo, Dr. Bruce. «The Phenomenon of Serial Murders and Women». McNair Dispatch: An Online Research Journal. University of North Carolina at Charlotte. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. Reynolds, 2003, էջեր 116–117
  14. «Notorious Crime Profiles Aileen Wuornos». Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 27-ին.
  15. «Aileen Wuornos». Crime and Investigation. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.
  16. 16,0 16,1 Reynolds, 2003, էջ 117
  17. Reynolds, 2003, էջեր 117–118
  18. Reynolds, 2003, էջ 118
  19. Ventura, Varla The Book of the Bizarre: Freaky Facts and Strange Stories. — 2008. — С. 132. — ISBN 978-1-57863-437-8
  20. «Серийный убийца – женщина. Как это повлияло на следствие и суд?». Право.ру. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  21. «Серийный убийца – женщина. Как это повлияло на следствие и суд?». Marie Claire. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  22. Reynolds, 2003, էջ 119
  23. «8 Surprising Facts About Notorious Serial Killer Aileen Wuornos That Will Haunt Your Dreams». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  24. Список казнённых во Флориде с 1976 года Արխիվացված 2016-05-31 Wayback Machine (копия Արխիվացված 2018-10-13 Wayback Machine на webcitation.org)(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյլին Վուորնոս» հոդվածին։