Վլադիմիր Բարխուդարյան
Վլադիմիր Բախշիի Բարխուդարյան (սեպտեմբերի 22, 1927[1], Աղքյորփի, Մառնեուլի շրջան, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1] - մարտի 23, 2017[3], Երևան, Հայաստան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1973), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994, թղթակից անդամ՝ 1986 թվականից), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2003)[5][6][7]։
Վլադիմիր Բարխուդարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1927[1] Աղքյորփի, Մառնեուլի շրջան, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][1] |
Մահացել է | մարտի 23, 2017[3] (89 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Հայաստանի Պատմության Թանգարան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[2] և Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | Միջնադարյան Հայաստան[2] և Նոր Նախիջևան[2] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1950)[2] |
Կոչում | պրոֆեսոր[2][1] և թղթակից անդամ[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[2][1] (1968) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ֆրանսերեն[4] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Երեխա(ներ) | Լեւոն Բարհուդարյան |
Կենսագրություն
խմբագրել1945 թ. իր ծննդավայրի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և 1950 թվականին ավարտել։ Նույն տարում ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ Ասպիրանտական ուսումնառության տարիներին ակադեմիկոս Ս. Տ. Երեմյանի ղեկավարությամբ մասնագիտացել է Հայաստանի միջնադարյան պատմության հարցերում։ Թեկնածուական ատենախոսության թեմա է ընտրվել «Հայաստանի 9–11-րդ դարերի ավատատիրական հողատիրությունը», որը հաջողությամբ պաշտպանել է 1954 թվականին։ 1955 թվականին Վ. Բ. Բարխուդարյանն աշխատանքի է անցել այն ժամանակ Գիտությունների ակադեմիայի կազմում գործող Հայաստանի պատմության պետական թանգարանում՝ որպես կրտսեր գիտական աշխատող։ 1958-1990 թվականներին աշխատել Է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, որտեղ եղել է կրտսեր (1958–1959) գիտաշխատող, գիտքարտուղար (1959–1963), ավագ գիտաշխատող (1963–1967), 1967-1990 թվականներին` փոխտնօրեն, 1980-1987 թվականներին՝ հայ գաղթավայրերի պատմության բաժնի վարիչ։ 1990-2000 թվականներին եղել է ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, 2000-2006 թվականներին ՝ փոխնախագահ, 2005-2006 թվականներից՝ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադ.-քարտուղար, 2006-2011 թվականներից՝ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար, 2011-2017 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահի օգնական։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2003)։
Վլադիմիր Բարխուդարյանը երկար տարիներ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է եղել։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը։
Աշխատություններ
խմբագրելԱշխատությունները վերաբերում են Հայաստանում ֆեոդալական (ավատատիրական) հողատիրությանը, հայկական գաղթավայրերի պատմությանը, հայ խորհրդային պատմագրությանը, հայ-ռուսական հարաբերություններին, 1905-1907 թվականներին հեղափոխական շարժումներին։ «Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն» (հ. 1-2, 1967-1985) մենագրության մեջ աղբյուրագիտական հարուստ հենքով լուսաբանել է հայկական գաղութի տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային պատմությունը, Նոր Նախիջևանի դերը Հարավային Ռուսաստանի տնտեսական կյանքում և հայ-ռուսական առնչություններում։
Վլադիմիր Բարխուդարյանի նախաձեռնությամբ ու խմբագրությամբ ստեղծվեցին հայ գաղթավայրերի պատմությանը նվիրված մի շարք հոդվածների ժողովածուներ. «Հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի պատմությունից», «Հայ ազատագրական շարժումները և հայկական գաղթավայրերը 16–18-րդ դարերում» (1985), «Էջեր հայ գաղթավայրերի պատմության» (1996)։
Վլադիմիր Բարխուդարյանը տպագրել է «Խորհրդահայ պատմագրության գնահատության հարցի շուրջը» (ՊԲՀ, 1990,No 4) հոդվածը, ուր լուսաբանել է խորհրդահայ պատմագիտության թերացումներն ու սխալները։ Նա միաժամանակ անդրադարձել է սկզբնաղբյուրների հրատարակման և պատմագիտական շատ հարցերի գիտական հետազոտման ուղղությամբ կատարված վիթխարի ձեռքբերումներին։
2003 թվականին Երևանում անցկացվող Հայագիտական առաջին միջազգային համաժողովում Վ. Բարխուդարյանը հանդես է եկել «Հայագիտության արդի վիճակը Հայաստանում և զարգացման հեռանկարները» զեկուցումով։
Մասնակցել է հայ ժողովրդի պատմության ակադեմիական բազմահատորյակի ստեղծմանը։ Հեղինակել և խմբագրել է դպրոցական դասագրքեր։ Բարխուդարյանը Համազգային հայ կրթական և մշակութային միության հայագիտական բարձրագույն հիմնարկի տնօրեն Երվանդ Փամբուկյանի հետ սփյուռքահայ դպրոցների համար դասական ուղղագրությամբ հրատարակել է «Հայոց պատմություն» դպրոցական դասագրքի առաջին գիրքը (Բեյրութ, 1998), որն ընդգրկում էր Հին Հայաստանի պատմության ժամանակաշրջանը։
1985 թվականին ստացել է Հունգարիայի ԳԱ մեդալ։ 1998 թվականից բնության և հասարակության մասին գիտնականների միջազգային ակադեմիայի անդամ է։
2005 թվականին Բարխուդարյանի խմբագրությամբ հրատարակվել է «Աստվածաշնչական Հայաստան» գիտաժողովի նյութերի մեծարժեք հատորը[8]։
Աղբյուրներ
խմբագրել- Աշոտ Մելքոնյան, Պավել Չոբանյան «Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյան» (Ծննդյան 80-ամյակի առթիվ), Պատմաբանասիրական հանդես № 1, 2007, էջ 260-268։
Երկեր
խմբագրել- Հայ-ռուսական պատմական կապերը և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին (համահեղինակ), Երևան, 1978 ;
- Հայկական գաղթավայրերը, Երևան, 1992[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Մահացել է ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը». Վերցված է 2017 Մարտ 24-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Վլադիմիր Բարխուդարյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 3-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Բարխուդարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 320)։ |