Վիքիպեդիստներ
Վիքիպեդիստներ (անգլ.՝ Wikipedians) կամ Վիքիհամայնք (անգլ.՝ Wikipedia community), մարդիկ, որոնք իրենց ներդրումն ունեն Վիքիպեդիա ինտերնետ-հանրագիտարանի զարգացման գործում։ «Վիքիպեդիստ» (Wikipedian) բառը 2012 թվականի օգոստոսին ավելացվել է Օքսֆորդի համալսարանի կողմից հրատարակվող անգլերենի բառարանում[1]։ Գրեթե բոլոր վիքիպեդիստները կամավորներ են, որոնք աշխատում են անվարձահատույց, բայց կան նաև վիքի-բնակիչներ, որոնց համար Վիքիպեդիայում խմբագրելն ու այն համալրելը կազմակերպությունում (հիմնականում կրթական, գիտական կամ մշակութային) իրենց աշխատանքի մի մասն է, և ուսանողները, որոնց ուսումնական աշխատանքը կապված է Վիքիպեդիայի խմբագրման հետ։
Թվաքանակ
խմբագրելՎիքիպեդիստների թվաքանակի դինամիկայի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Վիքիպեդիայի զարգացման վաղ տարիներին այդ թվաքանակն աճել է էքսպոնենտի օրենքով։ 2008 թվականի ապրիլին գրող Քլեյ Շիրկին (անգլ.՝ Clay Shirky) և համակարգչային մասնագետ Մարտին Մ. Ուատենբերգը (անգլ.՝ Martin M. Wattenberg) հաշվարկել են, որ Վիքիպեդիան ստեղծելու վրա մասնակիցները ընդհանուր առմամբ ծախսել են շուրջ 100 միլիոն ժամ[2]։ 2011 թվականի նոյեմբերին Վիքիպեդիայի՝ տարբեր լեզուներով գոյություն ունեցող բոլոր բաժիններում կային մոտ 31,7 միլիոն գրանցված մասնակիցներ, որոնցից 270 000-ը ակտիվ էր (ամսվա ընթացքում կատարում էր առնվազն մեկ խմբագրում)[3]։
Մոտիվացիա
խմբագրելՈւսումնասիրություններ են անցկացվել Վիքիպեդիան անշահախնդրորեն խմբագրելու մոտիվների վերաբերյալ։ 2003 թվականին տնտեսագետ Անդրեա Ցիֆոլիլին (անգլ.՝ Andrea Ciffolilli), ով ուսումնասիրում էր Վիքիպեդիան՝ իբրև համայնք, պնդում էր, որ համագործակցության զարգացման խթան են ծառայել վիքի-շարժիչների օգտագործման հետ կապված ցածր ծախսերը և ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու հնարավորությունը[4]։
Այս շարժառիթների վերաբերյալ մեկ այլ ուսումնասիրություն էլ անցկացվել է 2005 թվականին Անդրեա Ֆորտեի (անգլ.՝ Andrea Forte) և Էմի Բրուկմանի (Amy Bruckman) կողմից և հրապարակվել «Ինչո՞ւ են մարդիկ գրում Վիքիպեդիայի համար։ Ազատ հրապարակումների ստեղծմանը մասնակցելու շարժառիթները» (անգլ.՝ Why Do People Write for Wikipedia? Incentives to Contribute to Open-Content Publishing) վերնագրով։ Այդ հետազոտության մեջ օգտագործվում է «վստահության ցիկլերի» հայեցակարգը, որը վերցված է Բրունո Լատուրի և Սթիվ Վուլգարի «Լաբորատորային կյանք» (անգլ.՝ Laboratory Life) գրքից։ Այնտեղ որպես Վիքիպեդիային մասնակցելու խթան նշվում է համայնքում ճանաչում ձեռք բերելու ձգտումը[5]։
2007 թվականին Օդեդ Նովը գրում է «Ինչն է առաջ մղում վիքիպիդիստներին» (անգլ.՝ What Motivates Wikipedians) աշխատությունը այդ նույն թեմայով[6]։ Նովը հարցումներ է անցկացրել` ուսումնասիրելով այն 6 հիմնական շարժառիթները, որոնք արդեն իսկ ուշադրության էին արժանացել ավելի վաղ կատարված աշխատանքներում[7].
- Արժեքներ (անգլ.՝ Values) – ալտրուիզմի արժեքներ և ուրիշներին օգնելու ցանկություն,
- Հասարակայնություն (Social) – երբ ուզում ես հավանություն ստանալ ընկերների կողմից, ովքեր մասնակցում են այդ գործունեությանը և արդեն արժանացել են այլ մարդկանց հավանությանը,
- Գիտակցում (Understanding) – գործունեության ընթացքում սեփական գիտելիքների զարգացում,
- Կարիերա (Career) — որոշակի հմտությունների և աշխատանքային փորձի ձեռքբերում,
- Պաշտպանություն (Protective) – սեփական կյանքի կամ գործունեության մեջ իմաստ կամ արդարացում գտնելու ձգտում (օրինակ՝ երբ ունեն մեղքի զգացում հասարակության մեջ իրենց ունեցած առավելությունների պատճառով),
- Աճ (Enhancement) – սեփական գիտելիքներն այլոց ցուցադրելու ձգտում։
Դրանց նա ավելացրեց ևս 2-ը՝
- Գաղափարախոսություն (Ideology) – Վիքիպեդիան խմբագրելու ոչ նյութական շարժառիթները, որոնք կապված են այս կամ այն գաղափարախոսությանը նվիրված լինելու հետ, օրինակ՝ այն համոզմունքը, որ գիտելիքները պիտի լինեն ազատ և հասանելի բոլորին,
- Հաճույք (Fun) – երբ Վիքիպեդիայում խմբագրելն արդեն իսկ ուրախություն և բավականություն է պատճառում մասնակցին։
Նովի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Վիքիպեդիային մասնակցելու առավել տարածված շարժառիթներն են «հաճույքը», «գաղափարախոսությունը» և «արժեքները», իսկ մյուսները՝ «կարիերան», «հասարակայնություն» և «պաշտպանությունը», պակաս տարածված են[6]։
«Վիքիմեդիայի ֆոնդը» նույնպես հարցումներ է իրականացրել Վիքիպեդիայի ընթերցողների և խմբագիրների շրջանում։ Դրանցից ամենից ամբողջականը անցկացվել է Collaborative Creativity Group-ի հետ համատեղ 2008 թվականին[8]։ Արդյունքները հրապարակվել են երկու տարի անց՝ 2010 թվականի մարտի 24-ին[9]: 2011 թվականից Վիքիմեդիայի ֆոնդը նմանատիպ հարցումներ է անցկացնում յուրաքանչյուր կես տարին մեկ, որպեսզի ավելի լավ հասկանա Վիքիպեդիայի խմբագիրներին և բավարարի նրանց պահանջմունքները[10][11]։
Եվս մեկ հետազոտական աշխատանք` «Վիքիպեդիայի մասնակիցների շարժառիթները» (անգլ.՝ Motivations of Wikipedia content contributors), հրապարակել են Խեն Լի Յանը և Չեն Յու Լահը (Heng-Li Yang և Cheng-Yu Lai) 2010 թվականին։ Նրանք առաջ քաշեցին այն վարկածը, որ եթե Վիքիպեդիայի մասնակցությունը իրականացվում է հասարակական հիմունքներով, ապա դրանից հաճույք ստանալը դառնում է գլխավոր շարժառիթը[12]։ Բայց այդ նույն հետազոտությունը ցույց տվեց, որ եթե անգամ մարդ հաճույք ստանալու համար է սկսում հոդվածներ գրել Վիքիպեդիայում,հետագայում այդ աշխատանքը շարունակելու առավել հավանական մոտիվը հիմնվում է «Ես հայեցակարգի» վրա, այսինքն՝ «ինձ դուր է գալիս կիսվել իմ գիտելիքներով, որոնք իմաստավորում են իմ անհատական ձեռքբերումները»[12][13]։
Խեն Լի Յանը և Չեն Յու Լահը շարունակեցին զբաղվել այդ թեմայով և 2014 թվականին նոր հետազոտություն կատարեցին` հարցումներ անցկացնելով Վիքիպեդիայի անգլալեզու բաժնի 288 հեղինակների հետ։ Հարցման արդյունքները[14] հաստատեցին Վիքիպեդիայում մասնակցությունից բավարարվածություն ստանալու գործում պատասխանատվության, սուբյեկտիվ արժեքների և ընթացակարգային արդարության կարևորությունը[15]։
Հենց վիքիպիդիստները ժամանակ առ ժամանակ հրապարակում են հաղորդագրություններ իրենց սեփական փորձի և շարժառիթների մասին։ Ամենից հաճախ նշվում էր, որ մասնակցությունը և Վիքիպեդիայի անդամ լինելը ուրախություն է պատճառում։ Ջանա Տրապանին Lifehacker.com-ի բլոգում գրել է, որ «հանրագիտարանային հոդվածներ խմբագրելը բնավ վախենալու չէ։ Դա հեշտ է, դա բավականություն է պատճառում և կարող է ուժեղ կախվածություն առաջացնել»[16]։ Ջիմի Ուելսը նույնպես նշել է, որ Վիքիպեդիան հաճույք է պատճառում և կարող է կախում առաջացնել[17]։ Վիքիպեդիայում շնորհվում են վիրտուալ շքանշաններ նախագծում կատարված լավ աշխատանքի համար։ Այս երևույթը նույնպես ուսումնասիրվել է հետազոտողների կողմից[18]։
Վիքիպեդիայի ԶԼՄ
խմբագրելԳոյություն ունեն մի քանի մասնագիտացված հրատարակություններ Վիքիպեդիայի մասին, ինչպես նաև Վիքիպեդիայի համար։ Դրանցից ամենահայտնին The Signpost օնլայն շաբաթաթերթն է, որը ստեղծվել է 2005 թվականի հունվարի 10-ին։ Այնտեղ 2006-2008 թվականներին թողարկվում էր WikiWorld կոմիքսը, որի հեղինակը պրոֆեսիոնալ նկարիչ-ծաղրանկարիչ Գրեգ Ուիլյամսն (անգլ.՝ Greg Williams) է։ 2006-2009 թվականներին նաև թողարկվել է Wikipedia Weekly պոդկաստը։
Հանրայնացում
խմբագրելՎիքիմանիա
խմբագրելՎիքիմանիան Վիքիմեդիա Հիմնադրամի տարեկան պաշտոնական գիտաժողովն է, որի ընթացքում ներկայացվում և քննարկվում են Վիքիմեդիայի նախագծերը՝ Վիքիպեդիան և քույր նախագծերը, ազատ ծրագրաշարերը, ազատ գիտելիքը, ազատ բովանդակությունը և դրանց առնչվող սոցիալական ու տեխնիկական հարցեր։
«Վիքնիկներ»
խմբագրելՎիքիպեդիայի մասնակիցների համար նախատեսված պիկնիկերը՝ «վիքնիկներ»-ը (անգլ.՝ wiknic), անցկացվում են ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում ամեն ամառ՝ սովորաբար հուլիսի 4-ից առաջ[19]։
Քննադատություն
խմբագրելՎիքիպեդիան ենթարկվել է մի շարք քննադատությունների[20][21]։ Seigenthaler և Essjay մասնակիցների հետ կապված դեպքերը կասկածի տակ դրեցին Վիքիպեդիայի հուսալիությունն ու օգտակարությունը[22][23][24]։
2015 թվականին Էրազմուսի մրցանակը շնորհվել է Վիքիհամայնքին, որ միավորում է տասնյակ հազարավոր կամավորներ ամբողջ աշխարհում[25]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Hella ridic new words to make you lolz: ODO August 2012 update». OxfordWords blog. Oxford University Press. 2012 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Shirky, Clay (2008 թ․ մայիսի 7). «Gin, Television, and Social Surplus». World Changing. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
- ↑ List of Wikipedias. Wikimedia Meta-Wiki. Retrieved 2011-11-18.
- ↑ Ciffolilli, Andrea. "Phantom authority, self-selective recruitment and retention of members in virtual communities: The case of Wikipedia", First Monday December 2003.
- ↑ Forte, Amy; Bruckman, Andrea (2005). «Why Do People Write for Wikipedia? Incentives to Contribute to Open-Content Publishing». SIGGROUP 2005 Workshop: Sustaining community. 10.1.1.120.7906. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
- ↑ 6,0 6,1 Nov, Oded (2007). «What Motivates Wikipedians?». Communications of the ACM. 50 (11): 60–64. doi:10.1145/1297797.1297798. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Clary, E.; Snyder, M.; Ridge, R.; Copeland, J.; Stukas, A.; Haugen, J.; Miene, P. (1998). «Understanding and assessing the motivations of volunteers: A functional approach». J. Personality and Social Psychology. 74: 1516–1530.
{{cite journal}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն) - ↑ Möller, Erik. «New Reports from November 2008 Survey Released». Wikimedia Foundation Blog. Wikimedia Foundation. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Glott, Ruediger; Schmidt, Phillipp; Ghosh, Rishab. «Wikipedia Survey – Overview of Results» (PDF). Wikipedia Study. UNU-MERIT. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Wikimedia Foundation. «Wikipedia editors do it for fun: First results of our 2011 editor survey». Wikimedia Foundation Blog. Wikimedia Foundation. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Wikimedia Foundation. «Launching our semi-annual Wikipedia editors survey». Wikimedia Foundation Blog. Wikimedia Foundation. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ 12,0 12,1 Yang, Heng-Li; Lai, Cheng-Yu (2010 թ․ նոյեմբեր). «Motivations of Wikipedia content contributors». Computers in Human Behavior. 26 (6): 1377–1383. doi:10.1016/j.chb.2010.04.011. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ անգլ.՝ I like to share knowledge which gives me a sense of personal achievement.
- ↑ results
- ↑ Cheng-Yu Lai & Heng-Li Yang, 2014, "The reasons why people continue editing Wikipedia content – task value confirmation perspective". Available at: http://www.tandfonline.com/doi/full/10.1080/0144929X.2014.929744
- ↑ Trampani, Gina. «Geek to Live: How to contribute to Wikipedia». Lifehacker. Gawker Media. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Griffin, Ricky W. (2011). Management (10th ed.). Mason, Ohio: South-Western Cengage Learning. ISBN 1-4390-8099-2.
- ↑ T. Kriplean; I. Beschastnikh; և այլք: (2008). «Articulations of wikiwork». Articulations of wikiwork: uncovering valued work in Wikipedia through barnstars. Proceedings of the ACM. էջ 47. doi:10.1145/1460563.1460573. ISBN 978-1-60558-007-4.
{{cite conference}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ Hesse, Monica (2011 թ․ հունիսի 25). «Wikipedia editors log off long enough to mingle». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Wikipedia isn't about human potential, whatever Wales says. The Guardian. Published September 25, 2008.
- ↑ Why you should care that Jimmy Wales ignores reality. The Register. Published March 6, 2008.
- ↑ John Seigenthaler (2005 թ․ նոյեմբերի 29). «A false Wikipedia "biography"». USA Today.
- ↑ Katharine Q. Seelye (December 3, 2005) "Snared in the Web of a Wikipedia Liar" The New York Times
- ↑ Cohen, Noam (2007 թ․ մարտի 5). «A Contributor to Wikipedia Has His Fictional Side». Նյու Յորք Թայմս.
- ↑ «Former Laureates». erasmusprijs.org. Praemium Erasmianum Foundation. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Definition of word "Wikipedian" Արխիվացված 2012-08-27 Wayback Machine at Oxford English Dictionary
- "Analyzing the Creative Editing Behavior of Wikipedia Editors Through Dynamic Social Network Analysis"
- "Wikimania: Meet the Wikipedians. Those "persnickety," techy types who keep your favorite Internet information website brimming with data." 60 Minutes: Morley Safer interviewing Jimmy Wales. First aired on April 5, 2015. Rebroadcast on July 26, 2015.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |