Վիեննայի բանջարեղենային նվագախումբ

Բանջարեղենային նվագախումբ (նաև հայտնի է որպես Das erste Wiener Gemüseorchester, The First Vienna Vegetable Orchestra կամ The Vienna Vegetable Orchestra), ավստրիական երաժշտական խումբ, որն օգտագործում է միայն թարմ բանջարեղենից պատրաստված երաժշտական գործիքներ։

Վիեննայի բանջարեղենային նվագախումբ
Բանջարեղենային նվագախումբը 2015 թվականին
Ժանրերփորձարարական երաժշտություն
Գործունեություն1998
 The Vegetable Orchestra Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Նվագախումբը, որը հիմնադրվել է 1998 թվականի փետրվարին Վիեննայում[1], բաղկացած է տասը երաժիշտներից[2], մեկ խոհարարից և մեկ ձայնային տեխնիկից։ Խմբի բոլոր անդամներն ակտիվ են արվեստի տարբեր ոլորտներում[1] (օրինակ՝ երաժշտական մանկավարժներ, քանդակագործներ, մեդիա արտիստներ, դիզայներներ, ճարտարապետներ և այլն), ինչպես նաև աշխատում են իրենց նախագիծը հայեցակարգելու և իրագործելու ուղղությամբ։

Միջառարկայական մոտեցումը կարևոր գործոն է բուսական երաժշտությունն ուսումնասիրելու և հետագայում զարգացնելու համար։ Նրանց նպատակն է՝ ստեղծել այնպիսի հնչողություն, որը կարող է ընկալվել բոլոր զգայարաններով։

Fluxus շարժման երաժշտական կոնցեպտները, օրինակ՝ Ջոն Քեյջի ստեղծագործությունները[3], այս նվագախմբի համար կարելի է համարել ոգեշնչման աղբյուր։ Նրանց ինքնատիպ երկացանկում խորապես արմատավորված են սաունդ արտը, փորձարարական և Էլեկտրոնային երաժշտությունը, քանի որ նրանք կատարում են Իգոր Ստրավինսկու, գերմանական Kraftwerk էլեկտրոնային խմբի[2] կամ ավստրիական Radian բենդ խմբի չլսված մեկնաբանությունները, ինչպես նաև իրենց ստեղծագործությունները։ Բոլոր ստեղծագործություններն ունեն գրաֆիկական նոտագրության տարբեր ձևեր և ստեղծված են բացառապես կենդանի կատարման համար։

Անդամներ խմբագրել

Նվագախմբի կազմում են Յուրգեն Բեռլակովիչը, Վերենա Ֆուքսը, Սյուզաննա Գարտմայերը, Բարբարա Կայզերը, Մաթիաս Մայնհարթերը, Յորգ Պիրինգերը, Ինգրիդ Շլյոգլը, Ուլրիխ Տրոյերը, Շտեֆան Ֆոգլսինգերը, Մարտինա Վինկլերը[4]։

Գործիքներ խմբագրել

Գործիքները պատրաստվում են գազարից, նեխուրից, պղպեղից, դդմիկից, ցուկինիից և այլ հում բանջարեղենային բույսերից՝ ներկայացումը սկսվելուց առաջ։ Նրանց ձայնն ուժեղանում է հատուկ խոսափողների օգնությամբ[5]։

Համերգներից հետո չօգտագործված բանջարեղենով և կտորտանքներով հանդիսատեսի համար ապուր են եփում[1]։

Խմբի ստեղծման օրվանից, 2019 թվականի մարտի դրությամբ, հայտնագործվել են ավելի քան 150 տեսակի գործիքներ[2], այդ թվում՝ գազարից քսիլոֆոններ, բողկից բաս Ֆլեյտաներ, դդմից թմբուկներ, պրասից ջութակներ, սոխից մարականեր և շատ ուրիշներ գործիքներ[1][2]։

Ազդեցություն խմբագրել

Խումբը տարեկան տալիս է միջինը 20-30 համերգ՝ շրջագայելով Եվրոպայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Ասիայում[6], նվագում է պատկերասրահների բացումներին, ցուցահանդեսներին, համայնքային միջոցառումներին և տալիս սեփական շոուներ[1]։

Նվագախումբը գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ «Բանջարեղենային նվագախմբի ամենաշատ համերգների» համար․ 1998 թվականի ապրիլից մինչև 2012 թվականի սեպտեմբեր նվագախումբը 77 համերգով ելույթ է ունեցել աշխարհի տարբեր վայրերում[7]։

Ըստ BBC-ի՝ նրանք ոգեշնչել են նմանատիպ համույթների ձևավորմանը։ Դրանցից են Լոնդոնի բանջարեղենային նվագախումբը (London Vegetable Orchestra) և Լոնգ Այլենդի բանջարեղենային նվագախումբը (Long Island Vegetable Orchestra)[2][8]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Gemise (1999)
  • Automate (2003)
  • Remixed (2008)
  • Onionoise (2010)
  • Green Album (2018)

Gemise բոհեմիական բարբառով բառացիորեն նշանակում է Gemüse: Ավստրո-Հունգարիայի միապետության ժամանակաշրջանի Վիեննայում Բոհեմիայից հաճախ գալիս էր խոհարարական տնային օգնական կամ տնային տնտեսուհի և մինչև այսօր նպաստում էր վիեննական խոհանոցին։ Automate-ը, անշուշտ, բառախաղ է Tomate-ի (= լոլիկ) հետ։ Onionoise, ...ionoi... հիբրիդային բառի առանցքը դյուրադարձուկ է։

Gemise-ի երկրորդ ստեղծագործությունը կոչվում է Ogludschda, որը վիեննական բարբառով Abgelutschter է[9]։

EPs խմբագրել

  • Remix Trilogy (Volume One) (2004)
  • Remix Trilogy (Volume Two) (2005)
  • Remix Trilogy (Volume Three) (2005)
  • Remix Conclusion (2008)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 O'Sullivan, Feargus. «This Austrian Band Makes Music With Vegetables». CityLab (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Stein, Eliot. «Vienna's unpredictable Vegetable Orchestra». www.bbc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  3. «The Vegetable Orchestra, the band who play instruments made from veggies» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  4. «Vegetable Orchestra». The Vegetable Orchestra official site (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. Blevins, Joe. «Vienna's Vegetable Orchestra is more than just a memorable gimmick». News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  6. «The Vegetable Orchestra of Vienna». KCRW 89.9FM | Music, NPR News, Culture Los Angeles (անգլերեն). 2015 թ․ հունվարի 21. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  7. «World Vegetarian Day: Ten absolutely meat-free world record achievements». Guinness World Records (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  8. Correal, Annie. «Cue the Carrots! Strike Up the Squash!». The New York Times.
  9. Das erste Wiener gemüseorchester (Gemise) amazon.de, retrieved 2020-10-21.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի բանջարեղենային նվագախումբ» հոդվածին։