1896 թվականին, Կաղզվանի քաղաքային դպրոցն ավարտելուց հետո, ընդունել է Ստավրոպոլի արական գիմնազիան։ Ուսմանը զուգահեռ մասնավոր դասեր է տվել, կատարել թարգմանություններ ռուսերենից հայերեն, հայերենից՝ ռուսերեն։ 1905-1907 թվականների ռուսական առաջին հեղափոխության օրերին Հյուսիսային Կովկասի զորամասերում էր։ Մի քանի անգամ ձերբակալում է։ Հիվանդության պատճառով երաշխավորությամբ ազատվելով բանտից՝ նա ոմն պարսկահպատակ Արմենակ Ալեքսանդրի Ավանեսյանցի անձնագրով 1907 թվականի նոյեմբերին տեղափոխվում է Շվեյցարիա, ուր մնում է մինչև 1913 թվականը։ Արտասահմանում նա մտերմական կապեր է հաստատում Լենինի հետ։ Այդ տարիներին սովորում է Ցյուրիխի համալսարանի բժշկական ֆակուլտետում, ապա՝ Բեռլինի համալսարանում։ Բազմիցս հանդիպումներ է ունենում Լենինի հետ։ Շվեյցարիայում նա գլխավորում է Դավոս քաղաքի էմիգրանտ սոցիալ-դեմոկրատների միացյալ խմբի աշխատանքները։ 1913 թվականի վերջերին, Լենինի ցուցումով, Մոիսեյ Ուրիցկու հետ վերադառնում է Ռուսաստան։ 1914-1917 թվականներին Մոսկվայի բոլշևիկների ճանաչված ղեկավարներից էր։ Մոսկվայի բոլշևիկյան կոմիտեի հանձնարարությամբ պայքար է կազմակերպում Մոսկվայի առևտրաարդյունաբերական ծառայողների արհմիությունում և ցենտրոսոյուզում։ Նրա ղեկավարությամբ այդ արհմիությունները դարձան մարտական միավորներ և խոշոր դեր կատարեցին Փետրվարյան և Հոկտեմբերյան զինված հեղաշրջումների օրերին[2]։
1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո ընտրվել Է Համառուսաստանյան ԿԳԿ նախագահության անդամ և քարտուղար, 1918 թվականի հունվարից, միաժամանակ՝ ՌԽՖՍՀ Ազգությունների ժողկոմատում հայկական գործերի կոմիսար։ Նրա ղեկավարությամբ հայկական գործերի կոմիսարիատը զգալի աշխատանք է կատարել Ռուսաստանի տարբեր քաղաքներում ապաստանած հայ գաղթականներին օգնելու, ժողովրդական կրթության ու քաղաքական լուսավորության գործը կազմակերպելու համար։ Մասնակցել է Արևմտյան Հայաստանի մասին (1917) դեկրետի նախագծի մշակմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 605)։