Բացել գլխավոր ցանկը

Վայքի ֆիզիկաաշխարհագրական շրջան

Բնապատկեր Եղեգնաձորից

Վայքի ֆիզիկաաշխարհագրական շրջան, ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի տարածքը՝ Արփայի վերին և միջին ավազանները։ Եզրավորված է Սյունիքիով, Զանգեզուրի, Վայքի, Վարդենիսի լեռնաշղթաներով։ Տարածքը 2300 կմ² է։ Սևանի ավազանին կապվում է Վարդենյաց, Սյունիքին՝ Որոտանի, Արարատյան գոգավորությանը՝ Զովաշենի լեռնանցքներով, Նախիջևանին՝ Արփա գետի հովտով։

ՌելիեֆԽմբագրել

 
Արփա գետը Արենիի մոտ

Ընդարձակ գոգավորություն է՝ բնական պայմանների մեծ հակադրություններով։ Գտնվում է 920 մետրից (Արփայի հովիտ) 3522 մ (Վարդենիս լեռ) բարձրությունների վրա՝ ակտիվ երկրաշարժամետ գոտում։ Բնորոշ են անդնդախոր կիրճերը (Արփայի, Եղեգիսի), հեղեղատներն ու ձորերը, որով և պայմանավորված է տեղանունների «ձոր» վերջավորությունը (Վայոց ձոր, Եղեգնաձոր, Աղավնաձոր, Գլաձոր և այլն)։ Լեռնային, խիստ կտրտված մակերևույթը, ռելիեֆի հրաբխային (կոներ, լեռնազանգվածներ, լավային հոսքեր, քարակարկառներ ևն) ու սառցադաշտային (3000 մետրից բարձր) ձևերի, գոգհովիտների (Ջերմուկի, Արփայի, Գնիշիկի և այլն) զառիթափ անհամաչափ լանջերով լեռնաճյուղերի (Թեքսարի, Արտավանի, Գայլասարի, Գնիշիկի, Հարսնասարի և այլն), քարափների, նեղ ու երկար սարավանդների (Ջերմուկի, Աղավնաձորի, Գլաձորի, Գնդեվազի, Ելփինի և այլն) բարդ համակցություն է։ Կարևոր լեռնագրական միավորներ են Վայքի լեռնաշղթան, Արփայի ու Եղեգիսի Թեքսարի լեռնաշղթան, Գոգի (3120 մ), Ամուլսար (2987 մ), Գնդասար (2946 մ), Վայոցսար (2581 մ) լեռների հրաբխային կոները։ Բնորոշ են լեռնաճյուղերի անհամաչափությունը (հարավայինը՝ երկար, հյուսիսայինը՝ կարճ լանջերով), ռելիեֆի խորը մասնատվածությունը (Եղեգիսի հովտում՝ մինչև 1300 մ), կլիմայի չորությունն ու ցամաքայնությունը, օգտակար հանածոների բազմազանությունը։

ՊաշարներԽմբագրել

Կան բագմամետաղների (մոլիբդեն, պղինձ, մանգան) հանքավայրեր ու երևակումներ, շինանյութեր (տուֆ, բազալտ, գրանիտ, կրաքար, կավ և այլն), սառնորակ, անուշահամ ու հանքային (Ջերմուկ և այլն) ջրերի բազմաթիվ ելքեր։ Զարգացած են կարստային երևույթները, բնական հուշարձան-կերտվածքներ են հողմահարված բազմաթիվ բուրգերը, սեպաձև ժայռերը, ռելիեֆի սնամեջ ձևերը՝ քարանձավները (Արջերի, Մագիլի), ջրվեժները (Ջերմուկի և Հերհերի)։ Տարածքում են Ջերմուկի ջրաբանական, Ջերմուկի, Հերհերի նոսրանտառային, Եղեգնաձորի արգելավայրերը։

ԿլիմաԽմբագրել

Կլիման չոր ցամաքային է, ձմեռը՝ չափավոր ցուրտ, ձնառատ, ամառը՝ շոգ, տաք։ Ըստ բարձրության՝ հերթափոխվում են չոր, խիստ ցամաքային, չոր ցամաքային, չափավոր ցամաքային, բարեխառն և ցուրտ լեռնային կլիմաները։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 2400-2700 ժ է, անարև օրերի թիվը՝ 30-40։ Հունվարի միջին ջերմաստիճանը -3, 2 -ից -14 °C է (նվազագույնը՝ -40 °C, Ջերմուկ), հուլիսին՝ 8-26 °C (առավելագույնը՝ 41 °C, Արենի)։ Տարեկան տեղումները 400-800 մմ են (առավելագույնը՝ գարնան վերջին, նվազագույնը՝ ամռան երկրորդ կեսին)։ Ձնածածկույթով օրերի թիվը 40-150 է։

ՋրագրությունԽմբագրել

 
Ջերմուկի ջրվեժը

Ջրագրական ցանցը խիտ է։ Խոշոր գետը Արփան է՝ Դարբ, Կապույտը, Գնիշիկ, Գրավ, Եղեգիս, Հերհեր, Մալիշկա, Ելփին և այլ վտակներով։ Գետերի մեծ մասը սելավաբեր է։ Տարածքում են Կեչուտի, Աղավնաձորի, Քարագլխի, Հերհերիի ջրամբարները, Գնդեվազի, Մալիշկա-Եղեգնաձորի ջրանցքները, Որոտան-Արփա-Սևան ջրատարի զգալի մասը։ Շրջանի տարածքում կան փոքր լճակներ, որոնց մի մասն ամռանը ցամաքում է։ Հողաբուսային ծածկույթն ու կենդանական աշխարհը բազմազան են և ենթակա վերընթաց լանդշաֆտային գոտիականության։ Վայքում իրար են հաջորդում լանդշաֆտային երեք հարկեր, ցածրադիր հարկում կիսաանապատային և չոր տափաստանային լանդշաֆտներն են, որոնք տարածվում են 1200 մ-ից (Արփա գետի մերձհունային մասը՝ մինչև Մալիշկա) 1700 մ (Ռինդի, Աղավնաձորի, Ազատեկի, Գլաձորի սարավանդները) բարձրություններում։ Միջին հարկում (մինչև 2300 մ) գերիշխում են լեռնատափաստանային, լեռնաանտառային (Արփայի հովտում՝ Ջերմուկ առողջարանի շրջանում, Դարբի, Եղեգիսի և Սուլեմայի հովիտներում) և մարգագետնատափաստանային լանդշաֆտները։ Այս գոտին նպաստավոր է կլիմայական առողջարանների ու հանգստյան տների ստեղծման համար, որոնց նշանակությունն ավելի է մեծանում հանքային աղբյուրների շնորհիվ։

ԲուսականությունԽմբագրել

Բարձրլեռային գոտում մերձալպյան և ալպյան մարգագետնային լանդշաֆտներ (Գնդեվազի, Ջերմուկի, Մարտիրոսի, Խաչիկի սարավանդներում) են։ Գոտու սահմաններում առկա են կառուցվածքային էրոզային-տեղատարումային լեռներ, որոնք մինչև 1500-1600 մ բարձրությունները լերկուտներ են։ Շրջանի բնական համալիրներից են անտառները և թփուտային անտառատափաստանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։