Վահե Հայրապետի Հայրապետյան (1969, հունվարի 5, Երևան, Հայաստան), կոմպոզիտոր[1], երաժիշտ, «HI MUSIC Band» ակապելլա վոկալ-սեքստետի հիմնադիր, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։

Վահե Հայրապետյան
Ծնվել է1969, հունվարի 5
Երևան, Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժիշտ, «HI MUSIC Band» ակապելլա վոկալ-սեքստետի հիմնադիր, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ

Կենսագրություն խմբագրել

Վահե Հայրապետյանը ծնվել է 1969 թվականի հունվարի 5-ին, Երևանում։ Սկզբնական կրթությունը ստացել է 1976-1984 թվականներին, Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցում[2]։ Զուգահեռ սովորել է նաև Երևանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի ջութակի դասարանում, իսկ 1984-1988 թվականներին՝ Երևանի երաժշտական մանկավարժական ուսումնարանի խմբավարության բաժնում։ 1988-1993 թվականներին, Էդվարդ Միրզոյանի դասարանում սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում։ Կոմպոզիցիային զուգահեռ սովորել է նաև օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժնում՝ Յուրի Դավթյանի դասարանում։

1984-1988 թվականներին Կանազի մշակույթի պալատում ստեղծել և ղեկավարել է իր առաջին խումբը՝ վոկալ-գործիքային անսամբլը։ Նույն տարիներին, որպես բաս-կիթառահար, ելույթներ է ունեցել Մերգելյան ինստիտուտի ջազային ակումբի «Կամերտոն» երիտասարդական ջազ-քառյակի կազմում։ Վահե Հայրապետյանը 1991-1992 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում որպես դասական երաժշտության խմբագիր։

Վահե Հայրապետյանը 1993-1996 թվականներին բնակվել է Սանկտ Պետերբուրգում, և աշխատել որպես Հայ առաքելական եկեղեցու երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար։ Նույն տարիներին եկեղեցուն կից ստեղծել և ղեկավարել է «Հայեցի ձայներ» մանկական երգչախումբը[3]։

Նա 1994-1995 թվականներին աշխատել է Սանկտ Պետերբուրգի «Օկոշկի» թատրոնում, իսկ 1995-1996 թվականներին որպես երաժիշտ-դաշնակահար՝ «Կարամբոլ» ակումբում։ 1996 թվականին, Վահե Հայրապետյանը, վոկալ-գործիքային խմբի կազմում որպես երաժիշտ-դաշնակահար մասնակցել է Բելոռուսի Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցող «Սլավյանսկի Բազար» ամենամյա փառատոնին։ Նա 1997-2010 թվականներին եղել է Երևանի պետական կամերային թատրոնի երաժշտական ղեկավարը։

Վահե Հայրապետյանը 2003-2016 թվականներին եղել է Հայաստանի հանրային ռադիոյի երաժշտական ծրագրավար և երաժշտական խմբագիրը։ 2004-2005 թվականներն հանդիսացել է «Էրեբունի-Երևան» ամենամյա տոնակատարության երաժշտական պատասխանատուն և գործիքավորողը, իսկ 2007-2008 թվականներին Մոսկվայում եղել է «Երևանի օրեր» և «Ոսկե Նուռ» փառատոների երաժշտական ղեկավարն ու պատասխանատուն։ Նա 2007-2008 թվականին եղել է «Արմեն-Ակոբ» մշակութային կենտրոնի քառաձայն երգչախմբի խմբավարը։

2005 թվականին Կանադայում լույս է տեսել նրա երգերի առաջին ձայնասկավառակը՝ «Քո երգը» անվանումով։ Հայաստանի հանրային ռադիոյով վարել է «Կատակում են երաժիշտները», «Հազար ու մեկ օպերա», «Մի գործիքի պատմություն», «Մի խմբի պատմություն», «Պատմության ակնթարթներ» հեղինակային ծրագրերը։ 2011 թվականին հանդիսացել է Հանրային ռադիոյի 85-րդ և Հանրային հեռուստատեսության 55-րդ տարեդարձերի գալա-համերգի երաժշտական պրոդյուսերն ու գործիքավորողը։ 2012-2018 թվականներին հանդիսացել է Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավարը[4]։ 2014 թվականից հանդիասանում է Հայաստանի հանրային ռադիոյի «15 րոպեն քիչ է» հեղինակային ծրագրի գլխավոր խմբագիրը։

Վահե Հայրապետյանը 2017 թվականին հիմնել է «HI MUSIC Band» ակապելլա վոկալ-սեքստետը։ 2014 թվականից նա Հայաստանի թատերական գործիչների, 2015 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։

Մրցանակներ խմբագրել

Արժանացել է մի շարք պատվոգրերի՝ 2003, 2008, և 2014 թվականներին, իսկ 2017 թվականին՝ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի[5]։ Որպես տարվա լավագույն թատերական երաժշտության հեղինակ, 2017 թվականին Վահե Հայրապետյանն արժանացել է Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի կոչման։

Ստեղծագործություններ խմբագրել

Վահե Հայրապետյանը թատրոնում աշխատելու տարիներին գրել է երաժշտություն «Նազար-Նազար մինչև վերջ», «Ի զեն», «Ալբանիա պլյուս», «Շատ Love Story», «Ներոն», «Արմագեդոն», «Կախարդական պարահանդես», «Հոբելյանական հաճախորդ», «Գանձերի կղզին», «Միսս դժոխք», «Սասունցի Դավիթ Կոպպերֆիլդ» և «Սոնատ թավջութակի համար» ներկայացումների համար։ 1999 թվականին գրել է երաժշտություն «Արմենիկում U.P.S.A.», իսկ 2003 թվականին՝ «Համլետ» տեսաֆիլմերի համար։

Հեղինակել է սիմֆոնիկ, կամերային, թատերական ստեղծագործություններ, ինչպես նաև երգերի ժողովածուներ.

  • «Սիմֆոնիկ պատկեր» (1993թ.)
  • «Լարային կվարտետ» (1992թ.)
  • «Երաժշտություն փայտյա փողայինների համար» (1994թ.)

Երկու երգչախմբային ստեղծագործություն (1997թ., 2001թ.), «Ցայգալույս» (2003թ.) և «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (անավարտ) օպերաները, մանկական երգերի ժողովածուները, 60-ից ավելի էստրադային ժանրի երգեր, երաժշտություն 38 թատերական ներկայացումների համար։

  • «Չարի վերջը» (մանկական մյուզիքլ, ձայնասկավառակ, 2006թ.)
  • «Քո երգը» (ձայնասկավառակ, 2005թ.)
  • «Երեք խոզուկների նոր արկածները» (մանկական մյուզիքլ, 2014թ.)
  • «Հայելի» (մյուզիքլ, 2008թ.)
  • «Կոշկավոր Կատուն» (մանկական օպերետ, 2015թ.)
  • «Հայը և իր հայրենիքը»
  • «Հայոց այբուբենը» (2008-2009թթ)

Հեղինակել է տարբեր բեմականացումների երաժշտություններ.

  • «Էսկորիալ» (2012թ.)
  • Ի.Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» (2013թ.)
  • Ա.Բլոկի «Բալագանչիկ» (2013թ.)
  • Վ.Ստեփանյանի «Գազանանոց Մադագասկար» (2014թ.)
  • «Ճպուռիկներն ու մրջյունները» (2015թ.)
  • «Ճպուռիկի արկածները» (2016թ.)
  • «Ճանճիկը» (2017թ.), «Երեք խոզուկների նոր արկածները» (2014թ.)
  • Մ.Տվենի «Թոմ Սոյերի արկածները» (2015թ.)
  • Ի.Գորյունովայի «Մաթիուսն ու Մաթիլդան» (2015թ.)
  • Բ.Կանաչյանի «Աբեղա» (օպերա, 2015թ.)
  • Ա.Պանտիկինի և Ե.Խոդիրևայի «Կրիսպի մկնիկը» (2016թ.)
  • Ա.Չուբարովայի «Խաղալիքների մոլորակը» (2016թ.)
  • Ա.Ղազարյանի «Կարոտել եմ» (2017թ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Vahe Hayrapetyan - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  2. «AV Production - Վահե Հայրապետյան». avproduction.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.(չաշխատող հղում)
  3. ВАГЕ АЙРАПЕТЯН
  4. «Օպերան չի կարելի տանել ռեստորան, ռեստորանը՝ օպերա. Վահե Հայրապետյան. hy.armradio.am».
  5. «Artavazd Theater Awards held». www.erit.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել