Սեդրակ Ջալալյան (Սեթո)
Սեթո (Սեդրակ Սարգսի Ջալալյան) (1884 - 1961), հայ ռազմական, ազատագրական շարժման, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ, Ապարանի գավառամասի գավառապետ (1917-1918 թվականներին), Էջմիածնի գավառի գավառապետ (1918-1919 թվականներին), Երևանի միլիցիայի պետ (1919-1920 թվականներին)։
Սեդրակ Ջալալյան | |
---|---|
Ծնվել է | 1884 |
Մահացել է | 1961 |
Մասնագիտություն | ֆիդայի |
Կուսակցություն | ՀՅԴ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի ռուսական գիմնազիան։ Գիմնազիան ավարտելուց մի քանի տարի անց Գալուստ Ալոյանի նախաձեռնությամբ՝ Դրոյի, Տիգրան Դևոյանի, Սմբատ Եղիազարյանի և ուրիշների հետ հիմնել է Հայ երիտասարդների դաշնակցության "Փոթորիկ" մարտական խումբը, որ ղեկավարում էր Նիկոլ Դումանը։ 1905-1906 թվականներին հայ-թուրքական ընդհարումների ժամանակ մասնակցել է Երևանի, Նախիջևանի, Տավուշի ինքնապաշտպանությանը։ 1906 թվականին ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1908 թվականին ցարական պահնորդական գրասենյակը իմացել է "Փոթորիկ" խմբի մասին և նրա անդամներին աքսորել Սիբիր։ Սեդրակը գաղտնի հասել է Թիֆլիս, սակայն ձերբակալվել և նույնպես աքսորվել է։ 1913 թվականին վերադարձել է աքսորից, վերականգնվել Սանկտ-Պետերբուրգի համալսարանում, ավարտել է 1917 թվականին և իրավաբանի մասնագիտությամբ վերադարձել Հայաստան։ Արարատյան նահանգի փաստացի ղեկավար Արամ Մանուկյանը նրան նշանակել է Ապարանի գավառամասի գավառապետ։ Կարճ ժամանակում Ապարանի գյուղերից հավաքագրել է շուջ 700 մարդ և մաքրել Ապարանի թուրքաբնակ գյուղերը, ջարդել Ախուրյան գյուղի շրջակայքի թուրքական խմբավորումը, ապա՝ Էջմիածնի գավառի Մասիս կայարանը գրաված ու հացահատիկի պաշարը բռնագրաված թուրքերին։
Սեդրակ Ջալալյանը Ապարանի հերոսամարտի աշխարհազորի կազմակերպիչ
խմբագրել1918 թ. մայիսի 15-ին թուրքերը մտան Գյումրի և երկու ուղղությամբ՝ Արագածի արևմտյան լանջով դեպի Երևան և Վանաձորի ուղղությամբ դեպի Կասպից ծով առաջացան Արևելյան Հայաստանի խորքը։ Հեռատես Արամ Մանուկյանը Ապարանի գավառամասի գավառապետ Սեդրակ Ջալալյանին հանձնարարել է ամրացնել Ապարանի հատվածը, որտեղով, օգտվելով այդ ուղղության անպաշտպանությունից, կարող էին Վանաձորի ուղղությամբ շարժվող թուրքերը առաջանալ դեպի Երևան։ Մայիսի 17-ին գավառամասի գավառապետ Սեդրակ Ջալալյանը, Երևանի ռազմական ոստիկանության պետԱրսեն Տեր—Պողոսյանը, Ապարանի հոգևոր հովիվ Տեր-Հովհաննես Տեր—Մինասյանը Ապարանի գավառամասում հատուկ դրություն են հայտարարել, աշխարհազոր կազմակերպելու համար զենք կրելու ենթակա 17 և ավելի տարիքի տղամարդկանց զորակոչել ու Ապարանի հյուսիսային հատվածում պաշտպանության գիծ են ստեղծել։ Արամ Մանուկյանի ենթադրությունն իրականացել է՝ թուրքերը Սպիտակի լեռնանցքի կողմից, ընթացքից վերադասավորվել և Էսադ փաշայի դիվիզիայի ու Քյազիմ փաշայի երկու գնդերի ուժերով /շուրջ 9000 զինվոր և 3000-ից ավելի դրսեկ ու տեղացի քրդեր/, մտել են Ապարանի տարածք ու Սպիտակ-Երևան մայրուղով շարժվել դեպի Երևան։ Մայիսի 22-ի երեկոյան, Ապարանի գավառամասի Միրաք գյուղի հատվածում, նախօրոք ձևավորված ճակատագծում նրանց առաջխաղացումը կասեցրել են Սեդրակ Ջալալյանի կազմակերպած պաշտպանագծի աշխարհազորայինները։ Սկսվել ու մինչև մայիսի 29-ը այդ հատվածում շարունակվել է Ապարանի հերոսամարտը։ Այն ավարտվել է հայերի փառահեղ հաղթանակով։ Եվ անկախ նրանից, որ մայիսի 23-ին նորաստեղծ ռազմաճակատի հրամանատար է նշանակվել Դրաստամատ Կանայանը, հերոսամարտի ամբողջ ընթացքում Սեդրակ Ջալալյանը շարունակել է մնալ ապարանցի աշխարհազորայինների կազմակերպիչը և հաղթանակի ապահովման մեջ ունեցել իր ներկայանալի ներդրումը։
Հետագա գործունեություն
խմբագրելՀայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը 1918 թվականի աշնանը Սեդրակ Ջալալյանին Ապարանի գավառամասի գավառապետից փոխադրել է Էջմիածնի գավառապետ, իսկ 1919 թվականի սկզբին՝Երևանի միլիցիայի պետ։ Այս պաշտոնում Սեդրակ Ջալալյանը, հաշված օրերի ընթացքում, Երևանում կարգ ու կանոն է հաստատել։ 1920 թվականի նոյեմբերին Սեդրակ Ջալալյանն անցել է արտասահման։ Միսաք Թորլաքյանն իր "Օրերուս հետ" հուշապատումի մեջ գրել է. "...1920 թվականի վերջերուն իրեն /իմա՝ Սեդրակ Ջալալյանին/ կը յանձնուի կառավարական պաշտօնեությունը երկրէն դուրս հանելու պարտականությունը" /Բեյրութ, 1963 թ., էջ 557-558/։ Սեդրակ Ջալալյանն անցել է Պոլիս, ապա՝ Գերմանիա՝ ցեղասպան թուրք պաշտոնյաների ահաբեկումը կազմակերպելու նպատակով։ Որոշ ժամանակ ուսուցչություն է արել Բուլղարիայում։ Երկրորդ աշխարհամարտի սկզբին ձերբակալվել է որպես անգլո-ամերիկյան լրտես, սակայն Դրոյի միջամտությամբ ազատվել է։ 1946-1951 թվականներին եղել է Շտուտգարդի /Գերմանիա/ Հայ ազգային կոմիտեի նախագահը։ 1951 թվականին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ 14 հոկտեմբեր 1961 թվականին մահացել և թաղվել է Դետրոյթում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայրենիք օրաթերթ» (PDF).
Գրականություն
խմբագրել- Տիգրան Հայազն, Ապարանի հերոսամարտը։ Երևան, 2005 թ.։
- Տիգրան Պետրոսյանց, «Փառահեղ հաղթանակ»։ Ապարանի հերոսամարտի 90-ամյակը։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 13.05.2008 թ., էջ 3։ /Տես էլեկտրոնային տարբերակը՝ http://hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20080513_2&flag=am:
- Համլետ Գևորգյան, Սեդրակ Ջալալյան։ Գործը և հուշերը։ Խմբագիր Տիգրան Պետրոսյանց։ Երևան, 2011 թ.։
- http://tert.nla.am/archive/HGG%20TERT/hayreniq%20boston/1961/1961(15043).pdf