«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան (Հայաստան)
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան, Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Շքանշանի կարգավիճակը Խմբագրել
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաև հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների և մատուցած այլ ակնառու ծառայությունների համար[1]։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
Շքանշանի աստիճանները Խմբագրել
Շքանշանն ունի 2 աստիճան.
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան.
Հիմնական հոդված՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան,
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան.
Հիմնական հոդված՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է։
Պարգևատրման միջնորդությունը Խմբագրել
2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը շքանշանը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Համաձայն ՀՀ Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի թիվ 396 հրամանագրի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով պարգևատրելու ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երեւանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում[2]։
Կրելու կարգը Խմբագրել
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում՝ ըստ հերթականության, Տիգրան Մեծի շքանշանից, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանից հետո և Բարեկամության շքանշանից առաջ։