Վերսալ, Վերսայ (ֆր.՝ Versailles), քաղաք Ֆրանսիայում, Փարիզի հարավարևմտյան արվարձանը։ Իվելին դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ 85 900 մարդ (ըստ 2004 թվականի տվյալների)։ Վերսալը միջազգային ճանաչում է գտել իր ճարտարապետական հուշարձաններով, կերպարվեստով և պատմական իրադարձություններով։

Բնակավայր
Վերսալ
ֆր.՝ Versailles[1]
ֆր.՝ Berceau-de-la-Liberté[2]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Հիմնադրված է1624 թ.
Առաջին հիշատակում1038
Մակերես26,18 կմ²
ԲԾՄ180±1 մետր
Բնակչություն83 587 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ78000[4]
Պաշտոնական կայքversailles.fr(ֆր.)
Վերսալ (Ֆրանսիա)##
Վերսալ (Ֆրանսիա)
Վերսալյան ամրոց
Վերսալյան ամրոցի Մարտերի պատկերասրահի գմբեթի կենտրոնական մասը։

1682-1789 թվականներին Վերսալը ֆրանսիական թագավորների գլխավոր նստավայրն էր։ 1783 թվականին Վերսալում կնքվել է հաշտության պայմանագիր, որով ավարտվել է 1775-1783 թվականների ԱՄՆ-ի անկախության պատերազմը։ 1870-1871 թվականներին, ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ, Վերսալը զավթել են պրուսական զորքերը։ 1871 թվականի հունվարի 18-ին այստեղ թագադրվել է Վիլհելմ I գերմանական կայսրը։ 1871 թվականին, Փարիզի կոմունայի ժամանակ Վերսալը, որտեղ գտնվում էր Ազգային ժողովը և Ա․ Թիերի կառավարությունը, դարձել է հակահեղափոխության կենտրոն։ Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918) հետո Վերսալում ստորագրվել է Վերսալի հաշտության պայմանագիրղ 1919-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վերսալը օկուպացրել են (1940 թվականից) գերմանաֆաշիստական զորքերը, ազատագրել են ֆրանսիական պարտիզանները 1944օգոստոսին։ Լյուդովիկոս XIII-ի ոչ մեծ որսորդական դղյակից (1624, ճարտարապետ՝ Ֆ․ Լերուա) Վերսալը 17-18֊րդ դարերում (1661-1668, ճարտարապետ՝ Լ․ Լևո, 1670-1674, ճարտարապետ՝ Ֆ․ դ’ Օրբե, 1678-1689, ճարտարապետ՝ ժ․ Արդուեն Մանսար) վերաճել է վեհաշուք պալատա-պուրակային անսամբլի՝ մեծածավալ պալատով (ճակատի երկարություն՝ 576,2 մետր) և կանոնավոր պուրակով (տարածությունը՝ 6 հազար հեկտարից ավելի)։ Քաղաքի հատակագիծը պայմանավորվել է պալատից ճառագայթող երեք ճանապարհներով (դեպի Փարիզ, Սեն Կլու և Սո թագավորական պալատները), որոնց առանցքների հատման կետում, պալատի հանդիսավոր բակում հեծյալ Լյուդովիկոս XIV-ի արձանն է (19-րդ դարի 2-րդ քառորդ, քանդակագործ՝ Լ․ Մ․ Լ․ Պտիտո)։ Միջին՝ փարիզյան ուղու առանցքով, դեպի պալատի մյուս կողմը տարածվում է գլխավոր ծառուղին՝ Լատոնայի (Լետոյի) և Ապոլլոնի ավազաններով և Մեծ ջրանցքով (երկարություն՝ 1520 մետր), որը կանոնավոր զբոսայգու (1660-ական թվականներ, ճարտարապետ՝ Ա.Լենոտր), ծառուղիների երկրաչափորեն հստակ ցանցի սիմետրիայի առանցքն է։ Մեծ ջրանցքից հյուսիս՝ Մեծ Տրիանոն (1687, ճարտարապետ՝ Ժ․ Արդուեն Սանսար) և Փոքր Տրիանոն (1762-1764, ճարտարապետ՝ Ժ․ Ա․ Գաբրիել) պալատներն են, բնապատկերային պարտեզը (1774, ճարտարապետ՝ Ա․ Ռիշար)։ Վերսալի անսամբլը, ուր զուգակցվել են բարոկկոյի տարածական թափն ու կլասիցիզմին հատուկ կառուցման ռացիոնալությունը, որոշակի ազդեցություն է ունեցել եվրոպական շատ երկրների քաղաքաշինության և պարտեզապուրակային արվեստի զարգացման վրա։ 1830 թվականին Վերսալի անսամբլները վերածվել են Վերսալի և Տրիանոնների ազգային թանգարանի։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերսալ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 418